Ծեծի ենթարկված շտապօգնության բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նույնպես արձագանքել է «Շտապօգնություն» ՓԲԸ բժշկի հետ կապված միջադեպին։

«Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։  

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ 

Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Բուժառուն բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։

Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։

Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։

Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»,- նշված է գրառման մեջ։