«Մենք պետք է շարունակենք մեր պայքարը, հույս չդնել ոչ ոքի վրա, ամենաբարդ օրերն այս մի քանի օրերն են»․ Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Ադրբեջանը չի պահպանում Ռուսաստանում ձեռք բերած պայմանավորվածությունը և խախտում է հրադադարի ռեժիմը։ Ռուսաստանում հանդիպեցին Հայաստանի ու ՌԴ արտգործնախարարները, ռուսական կողմը հայտարարեց, որ հետամուտ է լինելու կրակի դադարեցմանը։ Այս գործընթացներն ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ է կատարվում։

– Այս հարցերը ճիշտ է այսօր տալ պաշտոնյաներին, քանի որ նրանք ավելի լավ են տիրապետում իրավիճակին։

Ես համարում եմ, որ շատ ճիշտ է, երբ ռազմական դրության ժամանակ մենք հետևում ենք հենց պաշտոնական տեղեկատվությանը, դա շատ լավ է, բայց դա նաև բերեց նրան, որ մենք այսօր չունենք լրացուցիչ ինֆորմացիա։ Հետևաբար, մեզ պաշտոնական մակարդակով բացատրություններ պետք է տան։

Երկրորդ՝ լավ էր, որ Ռուսաստանում եղավ պաշտոնական հանդիպում, արտգործնախարարները հանդիպեցին։ Համոզված եմ՝ այնտեղ լուրջ քննարկումներ են ընթացել՝ և՛ պաշտոնական մակարդակով, և՛ ոչ պաշտոնական։

Լավ է, որ Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ամբողջ իրավիճակը, այդ թվում՝ Թուրքիայի դերը, այդ թվում՝ վարձկան ահաբեկիչների դերը։

Ես կասկած չունեմ, որ դա Ռուսաստանը ֆիքսեց, չնայած առանց մեր ասելու էլ իրենք գիտեն, թե ինչ է կատարվում։ Բայց, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ զինադադար չի հաստատվում։

Եվ այստեղ շատ կարևոր պահ կա, որը այդքան էլ մեզ չի առնչվում՝ Ռուսաստանի պատիվը։ Ադրբեջանը չի կանգնում, փորձում է դարձյալ առաջ գնալ՝ ինչ-որ բան վերջին պահին կորզել։

Բայց, մյուս կողմից՝ այդ պահվածքով ցույց է տալիս իր անհարգալից վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Ի վերջո, այդ հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանն էր՝ Վլադիմիր Պուտինը, գլխավոր միջնորդությունը Ռուսաստանինն էր։

Այո՛, այնտեղ կային նաև համանախագահ երկրների դեսպանները, բայց բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը ցույց տվեց իր ազդեցությունը։ Եվ հիմա ստացվում է, որ Ադրբեջանն իրենց արհամարհում է։

Այստեղ է, որ մենք լրատվամիջոցներով պետք է Ռուսաստանի ուշադրությունը հրավիրենք այս հարցի վրա։ Եվ պետք է ցույց տալ, որ Ադրբեջանն է խախտում հրադադարի համաձայնությունը։

– Ադրբեջանի այս քայլերը վերջին պահին ինչ-որ բան կորզելու նպատակո՞վ են արվում, թե՞ ավելի մեծ հավակնություններ ունի։

– Դժվարանում եմ ասել, քանի որ մանրամասներ չգիտենք, թե ռազմաճակատում ինչ է կատարվում։ Զարգացումները ցույց կտան, թե ինչ նկրտումներ ունեն։

Միգուցե իրենք ուզում են Հադրութի ուղղությամբ ինչ-որ առաջընթաց ունենալ, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ եթե մի փոքր հաջողություն ունենան, հետո նրանց ախորժակը չի բացվի։

Ուրեմն, մենք պետք է շարունակենք մեր պայքարը, շարունակենք դիմադրել, ոչ մի հույս չդնել ոչ ոքի վրա։ Այդ քաղաքականությունը փայլուն արդյունք տվեց։

Ես զգուշացնում եմ, որ ամենաբարդ օրերն այս մի քանի օրերն են։ Հայտարարված զինադադարից հետո այդ երկու օրերն ամենաբարդն էին։

Եվ կլինեն դարձյալ 1-2 օր, որոնք ամենաբարդը կլինեն, քանի որ մի բան է, երբ դու համախմբված հասարակություն ունենալով՝ կռվում ու պաշտպանում ես քո Հայրենիքը, այլ բան է, երբ միջնորդներն սկսում են ներգրավվել գործընթացում։

Նրանք իրենց շահերն ունեն, տակից զինադադարից օգտվում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Սա ամենաբարդ ժամանակահատվածն է և՛ դիվանագիտության, և՛ ռազմական գործողությունների ավարտի հետ կապված։

Հուսով եմ, որ մեր իշխանությունները հասկանում են այդ բարդությունները։ Ես կոչ կանեմ, որ ուշադիր լինեն։ Բանակի դեպքում կարող ենք ասել, որ իրոք հերոս բանակ ունենք։ Բայց բանակում պետք է հասկանան՝ հիմա է ամենագլխավոր փուլը։

Ես ավելին ասեմ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությունը շատ կարևոր էր. «Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է»: 

Եվ ես ուզում եմ այս համատեքստում արձանագրել, որ պրոցեսը դեռ ավարտված չէ։ Նույնիսկ այս հումանիտար զինադադարի փուլն ավարտված չէ։ Ուրեմն, ես ուզում եմ Արայիկ Հարությունյանի այդ խոսքով էլ ավարտել այս հարցազրույցը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am