Ծանրորդ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են մրցելույթներն աշխարհի առաջնությունում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը պոկեց 123 կգ, իսկ հրում վարժությունում հայ մարզիկը գլխավերևում պահեց 158 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Երկամարտի 281 կգ արդյունքով Մկրտչյանը միայն 5-րդն է: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը Ղազախստանի ներկայացուցիչ Երասլ Սաուլեբեկովն է` երկամարտի 305 կգ արդյունքով:

Ավելի վաղ 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 128, իսկ հրումում` 147 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: