«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, սեպտեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Սրբազան պայքարի, ինչպես իրենք են նշում՝ շատ կարևոր հավաքը, որը «լինելու է հաղթանակի սկիզբը»։ Ինչպե՞ս եք գնահատում շարժման՝ հաղթանակի հասնելու շանսերը։
– Նախ ասեմ, որ կուսակցությունների հանդիպմանը չեմ մասնակցել, ամենայն հաջողություն եմ մաղթում Սրբազան պայքարին, բայց այս փուլում մեր օրակարգերի միջև էական տարբերություն կա: Ըստ էության, ընդհանուր է միայն իշխանափոխության պահանջը, մնացած հարցերում տարբերություններ կան։ Եթե շատ անկեղծ լինեմ՝ այդ շարժման մեջ հաջողության հասնելու պոտենցիալ չեմ տեսնում, հաջողություն ասելով պետք է հասկանալ իշխանափոխությունը, որովհետև շարժումն այնպիսի բարձր նշաձող է սահմանել, որ միջանկյալ հաջողությունների մասին խոսելը թերևս այս պարագայում տեղին չէ։
Կրկնել նույն մարտավարությունը, ինչ մայիս ամսին էր, ոչ արդյունավետ է, էլ չեմ ասում խոսույթի մասին, ինչի մասին ես դեռ մայիս-հունիս ամիսներին եմ վերապահում հայտնել։ Չեմ կարծում, թե նույն մարտավարությամբ ու խոսույթով հնարավոր է մեծ տեղաշարժերի սպասել աշնանը։ Մայիսին ռեալ շանս կար արտահերթ ընտրությունների հասնելու, ցավոք սրտի, այդ պահանջն առաջնային չէր Բագրատ Սրբազանի օրակարգում, նրանք իմփիչմենթի ճանապարհով էին գնում։
Հիմա փոքրացել է նաև արտահերթ ընտրության հնարավորության պատուհանը։ Ավելի անկեղծ ասեմ, եթե արտաքին քաղաքական ինչ-որ ֆորս մաժոր չլինի, ապա արտահերթ ընտրության պատուհանը փակ է, այսինքն՝ միայն ներքին գործոններով պայմանավորված՝ դա չի լինի, չնայած այս իշխանության հեռացման բոլոր հիմքերը կան։
Կարծում եմ, որ ժամանակն է, որ Սրբազանը քաղաքական կառույց ձևավորելու ուղղությամբ մտածի, որովհետև եթե աշնանն էլ ինչ-որ բաներ չլինեն, ակնհայտորեն գնում ենք ընտրական շրջափուլ։ Քաղաքական կառույց ասելով հասկանում եմ սեփական կուսակցության հիմնում կամ իր շուրջը եղած կուսակցությունների դաշինք իր առաջնորդությամբ։
– Ասացիք, որ օրակարգերի միջև էական տարբերություն կա, օրինակ՝ դուք ի՞նչ եք առաջարկում, որն այս պահին ավելի արդյունավետ կլինի։
– Ես ռեալիստական հոսանքի ներկայացուցիչ եմ և երբեք չեմ խրախուսում, որ ընդդիմադիր հարթակներում հնչեն կարգախոսներ, ծրագրեր, որոնք իրական հենք չունեն: Օրինակ՝ այդ «Վերադարձ» ծրագիրը, որը Արցախի հետ կապված ցանկացած հայի ցանկությունն է, բայց այս պահին ես դրա ռեալիստական հենքը չեմ տեսնում ու դրա մասին մի քանի անգամ կարծիքս շատ անկեղծ ասել եմ։ Կամ այն, որ ես ընտրությունների ինստիտուտն էլ եմ կարևորում՝ որպես փոփոխությունների միջոց, այսինքն՝ կողմ եմ, որ քաղաքական պայքարի բոլոր լեգալ միջոցները մենք օգտագործենք, իսկ իրենք ընտրությունների վրա շատ քիչ են շեշտը դնում, եթե չասեմ, որ այս փուլում մերժում են։
Ես հնարավոր չեմ համարում ամբողջ սպեկտրը կոնսոլիդացնելու ուղղությամբ գնալը, բայց իրենք դա հնարավոր են համարում։ Շատ կարևոր էր, որ հասարակությունը շատ հստակ երաշխիքներ ստանար, որ հին համակարգի ռեստավրացիա չի լինելու, բայց հասարակությանը համոզիչ փաստարկներ չեն ներկայացրել նաև այդ առումով։
– Պարո՛ն Սուրենյանց, այսինքն՝ չե՞ն կարողանա հասարակությանը կոնսոլիդացնել, քաղաքական ուժերին նկատի չունեմ։
– Ես չեմ տեսնում դրա նախադրյալները, ցավոք սրտի, հավաքներն էլ ցույց են տալիս, որ իմ վարկածը ճիշտ է, որովհետև հասարակությունը պետք է տեսնի հետնիկոլական Հայաստանի տեսլականը, դրա բացակայությունն է խանգարում բոլորիս, որ երկրում փոփոխություն առաջացնենք: Հենց դա տեսնեն, ապա ռեալ քաղաքական այլընտրանքը կկայանա, ու փոփոխությունները շատ արագ տեղի կունենան, դա առայժմ տեսանելի չէ։
– Ստացվում է, որ ամեն բան հանգուցալուծվելու է 2026 թվականի հերթական ընտրություններո՞վ։
– Ասացի՝ եթե արտաքին քաղաքական ֆորս մաժորներ չլինեն, ցավոք սրտի, այո՛։
– Իսկ կանխատեսո՞ւմ եք նման բան։
– Դա ոչ մեկը չի կարող կանխատեսել, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքն այնպիսի քաղաքականություն է վարել, որ Հայաստանից այլևս ոչինչ կախված չէ, բոլորը մեր հարցերը քննարկում են առանց մեզ, դա այնքան ակնհայտ է, որ թաքցնելու էլ չէ, ու այս վիճակը ստեղծել է իշխանությունը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am