«Թեհրան–Երևան հարաբերությունները երբեք որևէ աշխարհաքաղաքական գործարքի թեմա չեն լինի». Կոստանյան

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, պաշտոնական այցով Թեհրանում, ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը խոր հարգանք ունեն Իրանի առաջնորդի, կառավարության և ժողովրդի նկատմամբ։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն կարող դառնալ որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը:

Կոստանյանի խոսքով՝ այդ կապերը հազարամյակների պատմություն ունեն, և Հայաստանը պարտավոր է դրանք ոչ միայն պահպանել, այլև ավելի ամրապնդված փոխանցել հաջորդ սերունդներին։

Այցի հիմնական թեմաներից էին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրված Հայաստան–Ադրբեջան վերջին համաձայնագրի հնարավոր ազդեցությունները տարածաշրջանի վրա, Իրանի մտահոգությունները հյուսիսային սահմաններում աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև Տրանսպորտային կապերի բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք, ըստ Կոստանյանի, իրականացվելու են լիարժեք հարգանքով բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Նա վստահեցրել է, որ Իրանի և Հայաստանի սահմանը երբեք չի փոխվի, իսկ առաջիկայում Երևանը պատրաստվում է հյուրընկալել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանին՝ երկկողմ քաղաքական համերաշխությունն ամրապնդելու և տնտեսական համագործակցության նոր ուղիներ բացելու նպատակով։