Մանկավարժական բուհերում թափուր տեղերն ահռելի ծավալների են հասնում, ունենք ուսուցիչների պակաս, նախարարությունը պետք է ստիպված գնա կարճաժամկետ ծրագրերի. Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում ԿԳՄՍ նախարարության այն որոշումը, որ բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում։

– Այս որոշումը բխում է գոյություն ունեցող իրավիճակից․ բոլորս էլ գիտենք, որ մանկավարժական կրթությունը շատ կարևոր է, ու նաև շատ կարևոր է, որ այն լինի տևական, հիմնավոր։ Աշխարհում կան նույնիսկ երկրներ, որոնք ուսուցիչներից պահանջում են մագիստրոսի կոչում, բայց հիմա նախարարությունն ինչ անում է, բխում է առկա իրավիճակից։

Այսինքն՝ եթե մենք ունենք ուսուցիչների պակաս, եթե մանկավարժական բուհերում թափուր տեղերն ահռելի ծավալների են հասնում, նախարարությունն արդեն ստիպված պետք է գնա այսպես ասած կարճաժամկետ ծրագրերի։

Այս ծրագիրը ես համարում եմ իրավիճակից բխող ու այդ տեսանկյունից դրական եմ գնահատում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք արդեն վատ վիճակում ենք, ու շատ դժվար է այդ վիճակում այլ տարբերակներ մտածել։

Նույնիսկ մտածում եմ, որ չի բացառվում, որ այս պահանջներն ավելի մեղմացվեն, օրինակ՝ ավելի տարեց, այլ մասնագիտությունների մարդկանց ինչ-որ ծրագրերի, վերապատրաստումների միջոցով դպրոց բերեն։ Չեմ բացառում, որ մարդը հնարավոր է չունենա մանկավարժական կրթություն, բայց կարողանա լավ ուսուցիչ դառնալ, թեև կրկնեմ՝ շատ եմ կարևորում մանկավարժական կրթությունը։

– Կրթության որակի առումով այս ծրագիրը խնդրահարույց համարո՞ւմ եք։

– Այնպես չէ, որ Մանկավարժական համալսարանի շրջանավարտները շատ բարձր որակ ունեն։ Տեսեք՝ ինչ տեղի ունեցավ. նախարարությունը մի փոքր խստացրեց ընդունելության քննությունների պահանջները, այսինքն՝ դրեց երկու քննություն, ու տոտալ անբավարարներ եղան․ կենսաբանության ֆակուլտետում 15 դիմորդ կար, 15-ն էլ անբավարար ստացավ, աշխարհագրությունը 5 դիմորդ ուներ, 5-ն էլ անբավարար ստացավ, մաթեմատիկան 11 դիմորդ ուներ, 5-ը՝ անբավարար։

Ամբողջ խնդիրն այն է, որ ունենք իրավիճակ, երբ Մանկավարժական համալսարան չեն գնում պատրաստված դիմորդներ, գնացողների զգալի մասը բավական թույլ պատրաստված երեխաներ են, ու հիմա մտածել, որ նրանք չորս տարվա արդյունքում շատ հզոր ուսուցիչ կլինեն՝ չէ՛։

Նմանօրինակ իրավիճակ եղել է նաև 90-ականներին, երբ դպրոցներից ուսուցիչները տոտալ դուրս եկան, որովհետև խայտառակ վատ էր աշխատավարձը, ու դպրոց մտան, օրինակ՝ Ճարտարագիտական համալսարանի շրջանավարտները, ու երբ հարցնում էինք տնօրեններին, նրանք ասում էին՝ այնպես չէ, որ Ճարտարագիտականից եկածները վատ ուսուցիչ են, հետևաբար մենք պետք է մարդկային ռեսուրսի մոբիլիզացում անենք ու շնորհակալ լինենք, որ մարդը ցանկանում է դպրոց գնալ, որովհետև, հավատացեք, եթե այսօր մտնեք որևէ դպրոց ու հարցնեք, թե ո՞վ է ուզում ուսուցիչ դառնալ, ավագ դասարաններում երևի ոչ ոք ձեռք չբարձրացնի։ Տեսանք, թե քանի դիմորդ կար Մանկավարժականում, ու ինչ արդյունքներ գրանցեցին նրանք։

– Այսինքն՝ որակի առումով այս որոշումն այնքան էլ խնդրահարույց չի՞ լինի, պարո՛ն Խաչատրյան։

– Կարող է և լինել, բայց ուրիշ ճար չունենք։ Մյուս տարբերակն այն է, որ մենք շարունակենք այս կոշտ քաղաքականությունը, որ մարդը պետք է միայն մանկավարժական ավարտած լինի, բայց դրանից ի՞նչ ենք ստանալու։ Ուրիշ բան, եթե շատ դիմորդներ ունենայինք։

– Այս որոշմամբ հնարավոր կլինի՞ ուսուցիչների թափուր հաստիքները լրացնել, թե՞ ոչ։

– Մասամբ հնարավոր կլինի, քանի որ կան մարդիկ, որոնք չունեն մանկավարժի այդ որակավորումը և կուզենան գալ դպրոց։ Ամբողջ խնդիրն այն է, որ, ցավոք սրտի, մենք խնդիր ենք ունենալու որոշ առարկաների դեպքում, օրինակ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա ոլորտներից, նույնիսկ այս որոշմամբ շատ մարդ չենք կարողանալու դպրոց բերել։

– Այսինքն՝ սա համարում եք ժամանակավո՞ր լուծում։

 – Երևի, չգիտեմ․ ժամանակավոր ու իրավիճակից բխող, բայց այս իրավիճակը գուցե շատ երկար շարունակվի, որովհետև չեմ պատկերացնում՝ ինչպես են կարողանալու այս վիճակից դուրս գալ: Մենք հիմա միայն փողից ենք խոսում, որ պետք է ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել, բայց մենք ունենք իրավիճակ, որ մարդիկ դպրոց չեն գնում ոչ միայն փողի պատճառով, այլ նաև նրա համար, որ դպրոցում աշխատելը շատ դժվար է, իսկ սա շատ-շատ լուրջ խնդիր է։

– Իսկ հիմնական լուծումը ո՞րը կլինի։

-Պետք է դպրոցի հեղինակությունը բարձրացնել, դպրոցին տալ մեծ իշխանություն ու ամեն ինչ անել, որ դպրոցում լավ մասնագետներ հայտնվեն, որովհետև միայն այդ դեպքում ինչ-որ բան փոխելու հույս կա։

– Պարո՛ն Խաչատրյան, այդ կրեդիտ ստանալու մասով կմանրամասնե՞ք։

– Դասընթացներ են լինելու, որոնց արդյունքում դիմողը հավաքելու է կրեդիտներ, այսինքն՝ մոտավորապես 7-10 դասընթաց կլինի, ու այդ 30 կրեդիտը կարող է հավաքել։ Իհարկե, վերջում նրանք նաև թեզ են գրելու, հետազոտական աշխատանք, այսինքն՝ այնպես չէ, որ գնում են մի երկու օր նստում ու դառնում են ուսուցիչ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am