«Հայկոս իրա կյանքի գնով 70 հոգանոց վաշտ ա փրկել»․ հայրն ասում է՝ որդին մենակ պայքարել է թուրք հատուկջոկատայինների դեմ

Արայիկ Թովմասյանը հուզմունքով պատմում է, որ կրտսեր որդին ամենուր ու ամեն տեղ իր հետ էր, ասում է՝ շատ կապված էին իրար հետ․ «Երեխեք կան, որ հորը կպած ման են գալիս, բրոշկա են ասում, Հայկոն եղել ա իմ բրոշկան»,- ասում է հայրը։

Արայիկ Թովմասյանի որդին՝ 19-ամյա Հայկ Թովմասյանը, ծառայել է Մարտունի 3-ում, երբ սկսվել է պատերազմը։ Հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է Ջրական, որտեղ 3 օր մասնակցել է թեժ մարտերի։

«Էդ մասում թուրքն անընդհատ գրոհներ է ձեռնարկել, որ էդ բարձունքը վերցնեն, վերջնական գրոհը եղել ա հոկտեմբերի 8-ի կեսօրից հետո։ Մերոնք արդեն զգացել են՝ պատրաստվում են գրոհի, ուժերն անհավասար են, նահանջ են տվել։ Հայկոս դիրքավորված կռիվ տալուց ա եղել, տղերքին ասել ա՝ գնացեք-հասեք մինչև ավտոները, ես ձեզ պահում եմ… Տղերքն իջել են»,- պատմում է ու հայրը ու նշում, որ որդին այն ուղղությամբ է եղել, որ հակառակորդը հարձակվել է, գրոհի ուղղությունը Հայկը վերցրել է իր վրա։

«Հայկոն կանգնացրել ա դրանց գրոհը, մի պահ կրակը դադարել է, հետո միանգամից ականանետը սկսվել է։ Այս ամենը տեսել են մեքենաների մոտ եղած տղերքը։ Հայկը իրա խորշից վազել ա հրամանատարական դիտակետ՝ մտածելով, որ կրակը կդադարի, նորից դուրս կգա: Թշնամին շատ ուժեղ համազարկ ա տվել, դիրքը շրջափակել, Հայկոս չի կարողացել դուրս գա»,- ասում է Արայիկ Թովմասյանը ու նշում, որ որդին ողջ հայտնվել է հակառակորդի մոտ։ 

Հայրն ասում է՝ որդին մենակ թուրքական հատուկ նշանակության ջոկատի դեմ է կռվել՝ մոտ 7 տասնակ մարդու դեմ։

Նախկին զինվորական Արայիկ Թովմասյանը զուսպ և հույզերը թաքցնելով է պատմում, թե ինչպես է գտել որդուն․

«Ես Հայկոյիս առանց գլխի գտա… տղուս հենց էնտեղ էլ գլխատել էին»,- ասում է հայրը:

Հայկ Թովմասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան: «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

Հայկը բնավորությամբ կենսուրախ էր, ազնիվ, շատ հետաքրքրասեր՝ պատմում է հայրը։

«Աղավնիներ էր պահում, սիրում էր ուսումնասիրել բազմաժանր տեղեկատվություն, կգտներ աշխարհի ամենահետաքրքիր նյութերը, տեսանյութերը՝ երկրագնդի, պատմության, փիլիսոփայության մասին։ Բանակից գար, որոշել էր թատերական ինստիտուտ ընդունվեր և դերասան դառնար»։

Հայկ Թովմասյանը հուղարկավորված է հայրենի գյուղում՝ Արմավիրի մարզի Ծիածան գյուղում։ Հայրն ասում է՝ հաճախ է գնում որդու գերեզման, զրուցում հետը․ «Եռաբլուր չուզեցի, որ ինձ շատ մոտ լինի, ոնց որ միշտ ա եղել կողքիս՝ ինձ կպած»,- մորմոքով ասում է հայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am