Երևանում թալանել են ՓԲԸ-ներից մեկի սեփականատիրոջ տունը.Shamshyan

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  

Նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 11-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով:  

Այդ օրը՝ երեկոյան, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արաշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչ 56-ամյա Սենիկ Մ.-ից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև 17:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և 2-րդ հարկի ննջասենյակներից գողություն կատարել:

Դեպքի վայր ժամանած իրավապահներին Սենիկ Մ.-ն հայտնել է, որ գողը կամ գողերը տնից հափշտակել են գումար և ոսկյա զարդեր:

Կայքի տեղեկություններով՝ Սենիկ Մ.-ն հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Բագարանի բարիք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։