«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում ցանկալի կլիներ, որ Արցախի ընտրությունները հետաձգվեին». Դիտորդական խմբի ներկայացուցիչ

Հեղինակ MediaLab

Ցանկալի կլիներ, եթե Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի ու խորհրդարանի ընտրությունները հետաձգվեին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը Հայաստանում։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որը «Ականատես» դիտորդական խմբի կազմում է։ 

«Ականատեսը» դիտորդական առաքելություն պետք է իրականացնի Արցախի ընտրություններում, բայց, ինչպես Սոնա Այվազյանն է ասում, այս իրավիճակում դիտորդների մի մասն արդեն հրաժարվել է աշխատանքից։

«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում ցանկալի կլիներ, որ Արցախի ընտրությունները հետաձգվեին, որովհետև այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ հանգիստ սրտով ու առանց վախերի չեն կարող գնալ քվեարկության»,- «Մեդիալաբին» ասում է Սոնա Այվազյանը։ 

Նրա խոսքով՝ այս իրավիճակը թելադրում է, որ ընտրությունները հետաձգվեն։ 

«Բայց, ես որքան հասկանում եմ, ամեն դեպքում իրավիճակից ելնելով են իրենք նման որոշումներ կայացնում։ Դրա համար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ չգիտենք։ Մենք, ամեն դեպքում, պատրաստվում ենք այդ ընտրություններին»,- հավելում է Սոնա Այվազյանը։

Եթե ընտրություններն անցկացվեն մարտի 31-ին, Այվազյանի խոսքով, ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար ազդել քվարկությանը մասնակցության ցուցանիշների վրա՝ ավելի ցածր մասնակցություն կգրանցվի։ 

«Միանշանակ դա կազդի ցուցանիշների վրա, շատ մարդիկ պարզապես չեն գնա ընտրությունների, կխուսափեն միմյանց հետ, հայաստանցիների հետ շփվելուց։ Այսինքն՝ ոչ քաղաքական ուժերից կախված, բայց առաջանում են անբարենպաստ պայմաններ ընտրությունների անցկացման համար»,- ասում է նա։

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ամեն ինչ պետք է անել, որ կորոնավիրուսը դիտորդների միջոցով Հայաստանից չներթափանցի Արցախ։

«Մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում կորոնավիրուսի արագ թեստեր և համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ՝ հասկանալու համար՝ դիտորդներն, այսպես ասած, ռիսկայի՞ն գոտիներից են, թե՞ ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, փորձենք խնդրել նրանց փոխարինել այլ դիտորդներով։ Եվ մեկնումից առաջ նրանք պարտադիր պետք է թեստավորվեն արագ թեստերով, որ վստահ լինենք»,- ասել էր վարչապետը։

Իսկ մարտի 26-ի երեկոյան ՀՀ ոստիկանության կողմից հայտարարություն եղավ, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախ։

Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար, Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

Սոնա Այվազյանն ասում է, որ իրենք էլ են նախաձեռնել անվտանգության միջոցներ՝ դիմակներով և համապատասխան նյութերով կապահովեն դիտորդներին։ «Բայց իրավիճակն ինքնին այնպիսին է, որ մարդիկ պարզապես չեն կարող գնալ ընտրության, կվախենան։ Խոսքը ընտրողների մասին է, բայց, իհարկե, դիտորդների մի մասն էլ է հրաժարվել։ Միշտ են հրաժարվում վերջին պահին, բայց այս անգամ արդեն կոնկրետ պատճառով են հրաժարվել։ Մեծ մասը, ամեն դեպքում, պատրաստ է։ Բայց առաջին հերթին դա ընտրողների համար է խնդիր լինելու»,- ասում է նա։

Մասնագետի խոսքով՝ կանխատեսվում է, որ դիտորդների մասնակցության հետևյալ ցուցանիշը կլինի՝ գրանցված դիտորդների 2/3-ը, եթե ոչ կեսը կմասնակցեն Արցախի ընտրություններին։ Ըստ նրա՝ դիտորդների հստակ թիվ դժվար է ասել, քանի որ վերջին պահին փոփոխություններ են լինում։ «Ականատես» դիտորդական առաքելությունը պլանավորել էր 90 դիտորդով աշխատել ընտրությունների օրը, բայց, ըստ Այվազյանի, այս պայմաններում այդքան մարդ չի մասնակցի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am