Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից նախաձեռնված բողոքի ցույցի մասնակիցները «Ավլաբարի» մետրոյի հարակից տարածքից երթով շարժվում են Բարաթաշվիլիի փողոցի ուղղությամբ՝ Քուռ գետի առափնյա պողոտա։ Երթևեկությունը տեղում արգելափակված է, գրում է Aliq.ge-ն։
Ցուցարարները հայտարարում են, որ փակելու են ճանապարհը մայրաքաղաքի երկու կողմերից։ Նրանք իրենց հետ բերել են «Ազատություն Միշային», «Նա չի սպանել» և նմանատիպ գրություններով պաստառներ։
Ակցիայի մասնակիցները պահանջում են բանտային հիվանդանոցում գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ քաղաքացիական կլինիկա։
Ցույցը գլխավորում է ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիան, ով նշել էր, որ այսօրվա ակտիվ ցույցը ուժեղ նախազգուշացում է, որ բողոքի շարժումն օրեցօր ավելի մեծ թափ է ստանում։
Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիում նախատեսվող հանրահավաքին և Քուռ գետի աջ և ձախ ափերի՝ ճանապարհային հանգույցների ծրագրված փակմանը՝ ասելով, որ այս գործողություններն արգելված են, պատժվում են ազատազրկմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուժի և հատուկ միջոցների կիրառում կլինի։