Ամբողջ սահմանը ռուս սահմանապահներին հանձնելու պատրաստակամության հնչեցումը, եթե անգամ չես հավատում, որ դա դրական արձագանք կստանա Մոսկվայի կողմից, վատ ուղերձ էր ընդհուպ Արևմուտքի համար․ Սաֆարյան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե Ադրբեջանը շարունակում է բացահայտ ոտնձգություններ իրականացնել Հայաստանի սահմանի հանդեպ՝ և արդեն կատարված սահմանախախտումների, և վերջին շրջանի առաջխաղացման փորձերի տեսքով, ու դա՝ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի լռության ու ԵԱՀԿ անհամարժեք-անհասցեական արձագանքի պայմաններում, ապա անպատժելիությունը անուղղակի լեգիտմացնում է Բաքվի այս գործողությունները դրանից բխող հետևանքներով ու լարվածության չնվազման հեռանկարով։

Եթե այլ բառերով ձևակերպենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություն-առաջարկը, ապա հետևյալն է ստացվում․

1․ լարվածությունը նվազելու միտումներ չկան և Բաքվի հետապնդած նպատակներից մեկը նոյեմբերի 9-ի գործընթացի ձախողումն է, քանի որ Բաքուն չի ցանկանում ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը։

2․ Եթե Ռուսաստանը շահագրգռված է դա կանխելու հարցում, ապա կարող է որոշում ընդունվել ՀԱՊԿ դիտորդներ ուղարկել սահմանագիծ, և Հայաստանը, որպես առաջիկայում այդ կառույցում նախագահող երկիր, պատրաստ է այդ հարցը օրակարգում դնել ու իրականացնել։ Այդ դեպքում ՀԱՊԿ-ում հենց իրենց դիտորդներից տեղյակ կլինեն, թե ո՞վ է խախտում սահմանը և հրադադարը, և ի՞նչ չափով է այն տեղավորվում ՀԱՊԿ հոդված 4-ի տակ, այլևս հայտնի երկարուբարակ, անպտուղ խորհրդակցությունների կարիքը չի լինի հոդված 2-ի շրջանակներում՝ որոշելու համար կատարվածը անդամ երկրին ուղղված ռազմական սպառնալի՞ք է, թե՞ ոչ։ Ըստ որում՝ ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում Հայաստանը “չի ներգրավի ՀԱՊԿ-ին ռազմական գործողություններում”, ինչպես “պայմանավորվել են”․․․

3․ Ու քանի որ ՀԱՊԿ-ն էլ խորհուրդ էր տվել դեմարկացիա անել, Ռուսաստանն էլ “շահագրգռություն է հայտնել”, հայ-ադրբեջանական ողջ սահմանի դեմարկացիան կարող է ուղեկցվել դրա երկայնքով ռուս սահմանապահական հենակետերի տեղակայումով, եթե նախկինում դրվագային՝ Սոթք-Խոզնավար հատվածի հարցում շահագրգռված չէր դիտորդներ, սահմանապահների տեղակայման հարցում։ Տպավորություն կա, որ Երևանում էլ չեն հավատում, որ Ռուսաստանը դրական կպատասխանի արված առաջարկությանը, եթե նախկինում դրա ամենաթեժ հատվածի հարցում հետաքրքրություն չի ցուցաբերել․․․

4․ Վարչապետի “լարվածությունը նվազելու միտումներ չունի” գնահատականը նշանակում է, որ իշխանությունը չի բացառում լայնածավալ պատերազմի ու էսկալացիայի ռիսկը և վերջին փորձն է կատարում հայ-ռուսական դաշնակցային մանդատի /Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների կատարումը/ կենսունակությունը ստուգելու համար, ինչը նման վատատեսական դիպաշարի դեպքում ակնհայտ կդարձնի, որ Ռուսաստանը ըստ էության “ազատ նավարկության է բաց թողել իր դաշնակցին”։ Դրա համար էլ Կալաշնիկովը նեղվել է, որ այս թեսթը արվում է հրապարակային՝ “քաղաքականացվում է”․․․

5․ Պաշտոնական Երևանը չի բացառում ամենավերջին տարբերակով ԵԱՀԿ և այլ մանդատների կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Սա երեկվա տեքստի իմ ընկալումն է․․․Բարդ շրջան ենք ապրում․․․ Միասնություն, ճկունություն, հեռատեսություն է պետք․․․Այդուհանդերձ՝ ամբողջ սահմանը ռուս սահմանապահներին հանձնելու պատարաստակամության հնչեցումը, եթե անգամ չես հավատում, որ դա դրական արձագանք կստանա Մոսկվայի կողմից, վատ ուղերձ էր ընդհուպ Արևմուտքի համար․․․ Սահմանի վերահսկողությունը Ռուսաստանի հանձնելը միգուցե մի կողմից կարող է Արևմուտքում ընկալվել որպես հնչեցված ահազանգ, որ Հայաստանը պաշտպանության կարիք ունի ու եթե դա տեղի չունենա, ապա դա Հայաստանի միակ “ընտրությունն” է, բայց նաև կարող է ընկալվել ինքնիշխանության հերթական չափաբաժինը զիջելու պատրաստակամություն․․․»։