ՌԴ ԱԳՆ․ Այսօր գերակայությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեկնարկն է, ապաշրջափակումը

«Այսօր գերակայությունը հայ֊ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև` տարածաշրջանի տրասպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` պատասխանելով հարցին, թե որն է լինելու 2022֊ին Մոսկվայի համար առաջնային խնդիրը, գրում է «Ազատությունը»:

«Այս ուղղություններով առաջընթացը հնարավորություն կտա էական բարելավում արձանագրել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում», – նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախարարությունը կրկին ընդգծել է՝ ռուսական կողմը հիմնվում է այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում: