«Տնտեսական կյանքը դանդաղում է, ակտիվությունը՝ նվազում». Արցախ-Հայաստան ճանապարհի փակման տնտեսական հետևանքները

Արցախում 2022 թվականին սկսված տնտեսական վերականգնման ակտիվ փուլը, ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմամբ կանգ է առնում:

«Ճանապարհի փակմամբ երկրի տնտեսական կյանքը պասիվանում է, ներքին ներդրումները Արցախում կանգ են առնում: Դրա հետևանքով նաև առևտուրն է տուժում: Պարզ է, որ այս ամենի հետևանքով տնտեսական կյանքը դանդաղում է, ակտիվությունը՝ նվազում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Նկատենք՝ Արցախը արդեն 10 օր է՝ շրջափակված է. ադրբեջանցի ինքնահռչակ «բնապահպանները» փակել են Հայաստանի հետ Արցախը կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով Հայաստանից մթերք չի մատակարարվում:

Շրջափակման 9-րդ օրը օպերատիվ շտաբի նիստում, ըստ պաշտոնական տեղեկատվության, տեղեկություններ են ներկայացվել պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում վիճակի մասին: Նշվել է, որ մշտապես դիտարկումներ են իրականացվում, խնդիրներն արձանագրվում են, և փորձ է արվում դրանց արագ ու արդյունավետ լուծումներ գտնել: Մասնավորապես զեկուցվել է, որ հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա պաշարներից նաև որոշ տեսակի ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին:

Այսօր էլ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր հրապարակել երկրում կիսադատարկ խանութների լուսանկարներ՝ ներկայացնելով շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը:

Տնտեսագետի խոսքով՝ եթե մինչև պատերազմը Արցախի որոշ ոլորտներում ինքնաբավությունը հասնում էր 30-ից մինչև 60 տոկոսի, ապա հիմա կան խնդիրներ: «Ճիշտ է, Արցախում արտադրություն չկա, բայց կան պահուստներ, որոնք մի քանի ամիս կբավականացնեն ժողովրդին: Բայց միևնույն է, խնդիր կա, առաջինը հենց դեղորայքի տեսանկյունից, քանի որ կան դեղամիջոցներ, որոնք ներմուծվում են»,-ասում է Միքայելյանը:

Նա ասում է՝ միայն այն, որ շուրջ 120 հազար մարդ այս պահին անազատության մեջ է գտնվում, արդեն իսկ մեծ խնդիր է:

«Մարդիկ Արցախում փորձում են ապրել առանց խոչընդոտների, իսկ Ադրբեջանում դա տեսնում են և փորձում են ցանկացած գնով խանգարել: Դա կարող է շատ ազդել Արցախում ներդրում անելու փորձ կատարող անձանց ընկերությունների վրա: Բայց, մյուս կողմից, պետք է ընդգծեմ, որ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք նախկինում ևս անցել են շրջափակման նման փուլեր, ավելի չեզոք են վերաբերվում այս իրադարձություններին, կարծես իմունիտետ ունեն նման դեպքերի հանդեպ ու համարում են, որ կկարողանան դիմանալ: Պարզ է, որ տնտեսական ակտիվությունը այս գործողությունների հետևանքով կանգ է առնում, հիմա մարդիկ Ամանորն էլ չեն կարող նշել»,- նշում է տնտեսագետը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am

Լուսանկարները՝ սոցցանցերից