«Հիմա հերթեր են, մարդիկ սպասում են, որ մահճակալ ազատվի, չգիտեմ՝ ինչի առաջ ենք կանգնելու, հնարավոր է, որ մահացության դեպքերը ավելի շատ լինեն»․ Նուշիկ Ուռումյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի ռեկորդային աճը հանգեցրել է նրան, որ այժմ հիվանդանոցներում ազատ մահճակալ չկա, և ծանր վիճակում գտնվող անձինք սպասում են, որ տեղ ազատվի, և հոսպիտալացվեն։

«Հիմա բոլոր հիվանդանոցներում բացարձակապես մեկ ազատ մահճակալ չկա։ Այն իրավիճակն է, որ հենց մեկին դուրս են գրում, մյուսին անմիջապես ընդունում են։ Հիվանդանոցն ու պոլիկլինիկան կապի մեջ են, եթե մի հիվանդը լավ է զգում, որ կարող է տան խնամքի լինել, մի քանի օրից իրեն ավելի լավ զգալ, նրան տուն են ուղարկում, որ ընդունեն տնային պայմաններում բուժվող ավելի ծանր հիվանդի»,- «Մեդիալաբին» պատմում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բուժաշխատող Նուշիկ Ուռումյանը։

Նուշիկ Ուռումյանը, լինելով Արթիկի բժշկական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհի, Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին օրերից ներգրավվել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում՝ իր մասնագիտական օգնությունը ցուցաբերելու կորոնավիրուսով վարակված հիվանդներին։

Ուռումյանի խոսքով՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ սկսեցին անտեսել վիրուսը, մոռացան կանոնները պահպանել, և այժմ առողջապահության համակարգը խիստ ծանրաբեռնվել է, և դաժան իրականության առաջ ենք կանգնել։

«Բոլորս տեսանք՝ մարդիկ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումով դրսում էին, ուշադրություն չէին դարձնում դիմակ կրելուն, առանց մտածելու, որ կհասնենք այս իրավիճակին։ Հիմա նույնիսկ թերապիայում ծայրահեղ ծանր հիվանդներ են, կարելի է ասել՝ վերակենդանացման և թերապիայի բաժանմունքները հավասար են, քանի որ տնից բերում են հիվանդին՝ շատ ցածր սատուրացիայով, արդեն երկկողմանի խորացված թոքաբորբով, հիմա դաժան իրականություն է»,- ասում է Ուռումյանը և հավելում, որ ոչ թե մարդիկ են ուշ դիմում բժշկի, և բարդանում է նրանց վիճակը, այլ պարզապես տեղ չկա, որ ժամանակին բուժօգնություն ստանան։

«Հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով տանն են մնում, տանն են բուժումը ստանում, ինչքան էլ ուզում է՝ բժիշկը ցուցումը տա, իրենք տանն են բուժվում, ինչ-որ մի թերություն միանշանակ կլինի, ոչ ճիշտ ձևով են բուժումը ստանում, և վիճակը բարդանում է: Արդեն բոլորն էլ դիմում են, բոլորն էլ հավատում են COVID-ին, ու չհավատալու տարբերակ չունեն»,- նշում է նա։

Ուռումյանի խոսքով՝ մարդիկ անգամ ծանոթի են դիմում, որ հիվանդանոցում բուժումը ստանան. «Հիմա հերթեր են, մարդիկ սպասում են, որ մահճակալ ազատվի, մեր աշխատողների ծանոթ-բարեկամ խնդրում են, որ ամեն ինչ անենք, որ տեղավորենք հիվանդանոցում, բայց ոչ մեկս չենք կարող ինչ-որ հիվանդի անտեսել, մեր ծանոթներից կամ բարեկամներից մեկին բերել։ Բոլորն էլ մեզ համար հավասար են, բոլորն էլ ապրելու ու բուժվելու իրավունք ունեն»,- նշում է Ուռումյանը։

Նրա խոսքով՝ այժմ շատ են հիվանդները, որոնք քրոնիկական որևէ հիվանդություն չունեն, սակայն ծանր են տանում, նաև մահեր են գրանցվում։ Բուժաշխատողները նաև հիվանդության երիտասարդացում են նկատել․ միջին տարիքի անձինք՝ մոտ 50-ի շրջանում, ևս հիվանդությունը սկսել են ծանր տանել։

«Հիմա պատերազմական իրավիճակ է։ Ամենուրեք վիրուսը կա, մարդիկ էլ սկսեցին իրենց քիչ հետևել, սննդակարգը նկատի ունեմ, սթրեսային վիճակը, և այդ բոլոր հանգամանքները միանշանակ ազդում են իմունիտետի վրա, իսկ եթե իմունիտետն էլ թույլ է լինում, վիրուսը միանշանակ արագ բռնում է, և ծանր են տանում»,- նշում է Ուռումյանը։

Բուժքույրն ասում է, որ այսօր բուժաշխատողներն աշխատում են երկու ճակատով՝ և՛ կորոնավիրուսով վարակակիրներին, և՛ սահմանում վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում։

«Մեր բուժկենտրոնից 10-15 բուժաշխատող գնացին Ստեփանակերտ, իրենց առաքելությունն այնտեղ գործ դրեցին։ Նաև սահմանից վիրավոր զինվորներ են բերում հիվանդանոցներ։ 

Չեմ ուզում պատկերացնել այն իրավիճակը, երբ բժիշկը սկսի ընտրություն կատարել զինվորի ու COVID-ով վարակվածի միջև, միանշանակ բոլորը կկանգնեն զինվորի կողքին, բայց մենք 7-8 ամիս է՝ այս պատերազմում ենք, ու չենք ուզում պատկերացնել, որ կարող ենք թողնել ու նահանջել»,- նշում է Ուռումյանը։

Ուռումյանը, մտահոգված իրավիճակով, հորդորում է պահպանել կանոնները՝ մտածել և՛ սեփական առողջության, և՛ բանակի մասին։

«Պիտի մտածենք մեր բանակի, զինվորների մասին։ Նրանք հիվանդ լինեն ու սահմա՞ն պահեն, անխղճություն կլինի։

Անընդհատ ասում ենք՝ կանոնները պահպանեք, բայց ոչ ոք չի պահպանում, դիմակ չի կրում, չգիտեմ՝ ինչի առաջ ենք կանգնելու, մենք վախենում ենք, սա դեռ սկիզբն է։ Հնարավոր է, որ մահացության դեպքերն ավելի շատ լինեն, որովհետև եթե տանը մնան, տանը բուժումը թերի են ստանում, միանշանակ ծանրանում է վիճակը, մինչև հասցնում են հիվանդանոց, արդեն ոչ մի հնար, փրկություն չի լինում։ Մենք դրանից ենք վախենում, որ մահացության թվերն ավելի շատ լինեն»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am