Աճեմօղլուն և Նոբելյան մրցանակակիրները  միասին ահազանգում են մամուլի ճգնաժամի  մասին

Հրապարակվել է Forum on Information and Democracy-ի նոր զեկույցը, որում ընդգծվում է, որ անկախ և հանրային շահը սպասարկող լրատվամիջոցները ոչ միայն ժողովրդավարության, այլև տնտեսության զարգացման հիմնասյունն են։

Զեկույցը կազմել է հեղինակավոր միջազգային խումբը, որում ներառված են 13 տնտեսագետ և քաղաքականության մասնագետներ տարբեր երկրներից։ Նրանց թվում է նաև հայազգի հայտնի տնտեսագետ, MIT-ի պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն։ Հեղինակների շարքում են Նոբելյան մրցանակակիրներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջատար փորձագետներ։ Զեկույցում հիշեցվում է, որ տեղեկատվությունը հանրային բարիք է, իսկ շուկաները չեն կարող ինքնուրույն ապահովել դրա որակն ու հասանելիությունը։

Հեղինակները նշում են, որ ավանդական գովազդային մոդելների փլուզումից հետո վերահսկողությունն անցել է սոցիալական և տեխնոլոգիական հարթակներին, իսկ ապատեղեկատվության հոսքերը դարձել են լուրջ սպառնալիք հասարակության կայունության համար։ Փաստաթղթում շեշտվում է, որ վստահելի լրատվությունը տնտեսության համար նույնքան կարևոր է, որքան ենթակառուցվածքներն ու էներգետիկան։ Այն բացահայտում է կոռուպցիան, բարձրացնում ներդրումային վստահությունը, ապահովում պետական կառավարման թափանցիկությունը և պաշտպանում է հանրությանը կեղծ տեղեկություններից։ Այն երկրներում, որտեղ անկախ լրատվությունը թուլանում է, թուլանում են նաև ինստիտուտները, նվազում է հանրային վստահությունը, իսկ տնտեսական աճը դանդաղում է։

Զեկույցում ներկայացվում են նաև լուծումներ․ պետական և միջազգային ֆոնդեր, հարկային արտոնություններ, քաղաքացիական վաուչերների համակարգ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ուղղակիորեն աջակցել իրենց նախընտրած լրատվամիջոցներին։ Միևնույն ժամանակ շեշտվում է, որ ցանկացած աջակցություն պետք է երաշխավորի լրատվամիջոցների անկախությունը՝ բացառելով քաղաքական վերահսկողությունը։

Զեկույցի հիմնական ուղերձը հստակ է. անկախ լրատվությունը կենսական ներդրում է, և եթե այն չկատարվի այսօր՝ ապագայում ավելի թանկ կարժենա թե՛ տնտեսության, թե՛ ժողովրդավարության համար։

MediaLab.am