Ռուսաստանից Lumen-ի և Cognet-ի հեռանալը չի ազդի հայաստանյան ինտերնետի վրա. փորձագետ

Հեռահաղորդակցության ոլորտում հայտնի Lumen և Cognet ընկերությունները դադարեցում են գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում՝ հրաժարվելով այդ երկրում սպասարկումներից: Այս տեղեկությունը մտահոգություններ է առաջացրել Հայաստանի բնակչությւան մի հատվածի շրջանում: Շատերը կարծիք էին հայտնում, որ դա անհնարին կդարձնի «Ռոստելեկոմի» ու «ՄՏՍ»-ի ցանցերի գործունեությունը, որովհետև վերջինները ինտերնետը գնում են հենց այդ ընկերություններից:

Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն, կատարվածը մտահոգիչ չի համարում: «Միայն Ռուսաստանից չէ, որ Հայաստանն ինտերնետ է ստանում, մի մասը հարավից է գալիս, այսինքն՝ Իրանի հետ համակցում ունենք, իսկ Վրաստանում ճյուղավորվում է՝ մի մասը գնում է Եվրոպա, մի մասը՝ Ռուսաստան: Բայց այս պահին թե ինտերնետի քանի՞ տոկոսն ենք մենք ստանում Ռուսաստանից, չեմ կարող հստակ ասել, իմ ունեցած տվյալները թարմ չեն, ու, ըստ դրանց, մոտ 40%-ն էին միայն Ռուսաստանից գնում»,- «Մեդիալաբին» ասում է մեդիափորձագետն ու ընդգծում, որ այնպես չէ, թե Ռուսաստանում կապը վերջացել է:

Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը, մեծ հաշվով, դիվերսիֆիկացված ինտերնետ կապ ունի, իսկ թե որքանով այդ ընկերությունների սպասարկման դադարեցումը Ռուսաստանում կազդի մեզ վրա, մեդիափորձագետը դժվարացավ ասել՝ նշելով, որ այդ մասով հստակ կարող են ասել այն մարդիկ, որոնք քաջածանոթ են ու զբաղվում են ինտերնետի մատակարարմամբ:

«Վիվա-ՄՏՍ»-ից «Մեդիալաբին» ասացին, որ լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող այդ տեղեկություններն ու մարդկանց մտահոգություններն ամբողջովին հիմնազուրկ են:

«Ռուսաստանի Դաշնությունից եվրոպական ինտերնետ (բովանդակություն) չի գնում կամ ներկրում, եվրոպական ինտերնետի (բովանդակություն) տարանցումն իրականացվում է անմիջապես Եվրոպայից՝ Վրաստանի տարածքով: «Վիվա-ՄՏՍ»-ի տրամադրած ինտերնետին ոչինչ չի սպառնում»,- «Մեդիալաբին» փոխանցեցին ընկերությունից:

Ընկերությունից կոչ անում իրենց բաժանորդներին առանց մտահոգվելու շարունակել օգտվել իրենց ծառայություններից:

«Ռոստելեկոմ» ընկերությունից մեր զանգերն անպատասխան թողեցին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am