Բեյրութի հայ համայնքի ներկայացուցիչները պատահականություն չեն համարում քաղաքում հրդեհների դեպքերը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մեկ ամսում տեղի ունեցած հրդեհներն ու պայթյունը հայ համայնքի ներկայացուցիչները պատահականություն չեն համարում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, անդրադառնալով սեպտեմբերի 15-ին Բեյրութի կենտրոնում կառուցվող առեւտրային համալիրում բռնկված հրդեհին, նշեց, որ դեռ պարզ չի, թե ինչից է բռնկվել հրդեհը:

«Այստեղ, բարեբախտաբար, պայթյուն չի եղել, սակայն այս օրերին իրար հաջորդող նման պատահարները շատ վատ տրամադրություններ են ստեղծում: Մեկ ամիս առաջ տեղի ունեցած պայթյունից հետո, այս հրդեհները կասկածի տեղիք են տալիս, մի փոքր էլ խուճապային ու բարոյահոգեբանական ծանր իրավիճակ է ստեղծվում»,- նշեց Գանտահարյանը և հավելեց, որ բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն էլ հայտնեց, որ այս բոլոր դեպքերը պատահականություն համարելը պարզամտություն է: «Մեկ ամսում 3 դեպք գրանցվեց Բեյրութում՝ պայթյուն նավահանգստում, ապա հրդեհ կրկին նավահանգստում և այժմ էլ հրդեհ նոր կառուցվող առևտրի կենտրոնում: Դեռևս չեն հայտնում, թե հրդեհի պատճառն ինչ է եղել, սակայն կարծում եմ, որ այս ամենը կատարվում է ընդհանուր ճնշման մթնոլորտում»,- նշեց Հակոբյանը:

Նոր կառուցվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն արդեն մարվել է: