«Դավիթ Տոնոյանի գործով նախաքննությունը որոշակի փակուղում է հայտնվել». փաստաբան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանությունն իրականացնող թիմը վերաքննիչ դատարանում անհաջողությունից հետո այժմ էլ դիմել է Վճռաբեկ դատարան: Այստեղից դեռ պատասխան չկա:

Վերաքննիչ դատարանում Դավիթ Տոնոյանին ու իր պաշտպանությանը մերժել էին՝ չբավարարելով բողոքը, որով նրանք պահանջում էին ազատ արձակել Տոնոյանին ու բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դավիթ Տոնոյանը, որը որպես մեղադրյալ անցնում է պաշտպանական համակարգում կոռուպցիոն չարաշահումների գործով, ուղիղ մեկ ամիս է՝ կալանավորված է: 2018-2020 թթ. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է Պատրոն Դավո անունով, կալանավորվել են զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

ԱԱԾ-ում քննվող քրեական գործի նյութերի համաձայն՝ նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ (4.7 մլն ԱՄՆ դոլար) գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Հիշեցնենք՝ այս գործով կալանավորվել են նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը և 2009-2019 թթ. ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն այդ տարիներին գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանն էր:

Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանն ասում է՝ Տոնոյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում, միջնորդել են, որ քրեական գործի պատճառ դարձած հրթիռները իրենց մասնակցությամբ փորձաքննության ենթարկվեն, սակայն որևէ արձագանք չկա: 

«Մեր մասով կարող եմ ասել, որ գործը գտնվում է պասիվ փուլում: Բայց չեմ կարող ասել, թե ընդհանուր առմամբ ինչ վիճակում է»,- «Մեդիալաբին» ասում փաստաբանը:

Այդուհանդերձ, նա պնդում է՝ իր պաշտպանյալն ընդհանրապես առնչություն չունի քրեական գործի հետ, ցուցմունք չի տալիս և չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը: 

«Այս գործով անցնում է 4 մեղադրյալ, որոնք գտնվում են կալանքի տակ: Գործը մեծածավալ է, և ամեն դեպքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել: Չեմ էլ կարող ասել, որ նման գործողությանը մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել: Ո՛չ, չի եղել նման բան»,- ասում է փաստաբան Հովհաննիսյանը:

Ինչո՞ւ է պասիվ նախաքննությունը հարցին պատասխանում է, որ այդ հարցին հստակ պատասխան չունի և միայն ենթադրություններ կարող է անել, իսկ ենթադրություն էլ չի ցանկանում անել: «Միայն կարող եմ ասել, որ մեր առումով նախաքննությունը որոշակի փակուղում է հայտնվել: Հույսը կարող է լինել միայն փորձաքննությունը, որն իրենից մեծ ծավալ է ներկայացնում և ժամանակատար է»,- հավելում է նա:

Քննչական մարմնին, ըստ փաստաբանի, ապացույցների հավաքման ճանապարհին խանգարող հանգամանք է նաև այն, որ Դավիթ Տոնոյանը չի մասնակցում հարցաքննությանը, հրաժարվում է ցուցմունք տալուց:

Հարցին, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պաշտպանության համար սկզբունքայի՞ն է ցուցմունք չտալը, փաստաբանն արձագանքում է. «Սկզբունք չէ, մարտավարություն է: Նախաքննության այս փուլում պարզապես չենք ուզում ցուցմունք տալ: Հնարավոր է՝ դեպքերի, մարտավարության որոշակի փոփոխության արդյունքում դիրքորոշում փոխվի: Մեր մարտավարությունը ճկուն է և ցանկացած պահի կարող է փոփոխության ենթարկվել՝ հակազդելու վարույթն իրականացնող մարմնի գործողություններին»:

Բայց փաստաբանի խոսքով՝ այլ, ավելի կարևոր պատճառ էլ կա, որ Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տալիս. «Տոնոյանի ցուցմունք չտալը պայմանավորված է մեր պետության անվտանգությամբ, ռազմամթերք արտադրող երկրների, տարանցիկ երկրների, ներմուծող ընկերության՝ մատակարարի շահերը հաշվի առնելով: Հետևաբար այդ մեխանիզմների ու մանրամասների մասին խոսելն առհասարակ ճիշտ չէ: Այստեղ ավելի բարձր շահ կա, քան սեփական անձեռնմխելիությունն ու ազատությունը: Պետության գերակա շահի խնդիր կա»:

Փաստաբանը հստակեցնում է՝ Տոնոյանի դեմ ցուցմունքներ չկան, նրա առնչությունը գործին չի ապացուցվում, հետևաբար իրենք պնդում են՝ մեղադրանքն անհիմն է: «Մեղադրանքի որոշման մեջ առկա որևէ գործողություն, որևէ արարք աղերս չունեն Դավիթ Տոնոյանի հետ, ո՛չ նրա՝ որպես պաշտոնատար անձ, ո՛չ որպես մարդ: Չի կարող որևէ առնչություն ունենալ»,- ընդգծում է նա:

Այդ դեպքում ինչո՞ւ է հենց նա թիրախավորվել հարցին, ըստ փաստաբանի, կարող են լինել մի քանի վարկած-պատասխաններ: Բայց հստակ պատասխանն իրենք էլ են փնտրում: «Բայց այն, որ նպատակը կոնկրետ Տոնոյանին մեկուսացնելն ու կալանքի տակ պահելն է, փաստ է»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am