«Ես չէի պատկերացնում, որ Հայաստանը էս վիճակում կլինի». Երևանում անօթևանների հավաքատեղիներն օրեցօր ավելանում են

«Ես չէի պատկերացնում, որ Հայաստանը էս վիճակում կլինի». Երևանում անօթևանների հավաքատեղիներն օրեցօր ավելանում են
«Ես չէի պատկերացնում, որ Հայաստանը էս վիճակում կլինի». Երևանում անօթևանների հավաքատեղիներն օրեցօր ավելանում են

Աշխույժ շարժումներով 61-ամյա Պատվական Մանուկյանը գյումրեցի է: Պատմում է, որ ժամանակին աշխատել է որպես ինժեներ, «բարձր պաշտոնի է եղել», սակայն հետո ժամանակի հետ «ընտանեկան խնդիրներ», «իրար չհասկանալ» հայտնվել է փողոցում:
«Բաժանված եմ, մեկս մյուսին չհարմարվեցինք, չհասկացանք, երկար տարիներ ապրելուց հետո ինչ կար-չկար` թողեցի, եկա Երևան,-պատմում է Մանուկյանը:-Առողջական վիճակս մի քիչ լավ չէր, դրա համար եկա, ստամոքսի խնդիրներ ունեի, եկել էի բուժվելու` չստացվեց, հայտնվեցի էս վիճակում»,- պատմում է Մանուկյանը:

Ճակատագրի բերումով փողոցում իսկ հետո անօթեւանների կացարանում հայտնված ավելի քան 40 բախտակիցների նման Պատվական Մանուկյանը շարունակում է իր կյանքի պատմությունը` ուրախ, որ այս ձմեռը ապաստան ու տաք կերակուր ունեցավ:

«Թող Հայաստանը լավ լինի, ժողովուրդը լավ ապրի, մեզպեսներն էլ չլինեն, մեզ պես անօթևաններին պետությունը տիրություն անի…»,-«Մեդիալաբին» ասում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գործող Վարդաշենի անօթևանների կացարանում ապրող Մանուկյանը:

Հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանի խոսքով` կացարանն այսօր ուղղակի անհրաժեշտություն է Երևանի համար:

«Մեր քաղաքի համար սա հրատապ անհրաժեշտություն է»,-Մեդիալաբին ասում է Խաչատրյանը:

Նրա խոսքով` խնդիրը մայրաքաղաքում ավելի սուր է դրված, չնայած հանրապետության մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում էլ է առկա:

«Շատ մարդիկ վարկեր են վերցնում, չեն կարողանում փակել: Բանկը դուրս է հանում, մի օր հարազատի մոտ կմնա, երկու օր, երրորդ օրը հարազատն էլ է հանում, և մարդը հայտնվում է փողոցում: Շատերը վերադառնում են անազատության վայրերից և ընտանիքը չի ընդունում, հայտնվում են փողոցում: Քանի որ սոցիալական խնդիրը, մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը դեռ չի լուծվում հանրապետությունում, այս միտումը շարունակվելու է»,-նշում է նա:

Մուրացիկները, նրա խոսքով, այս խմբի մեջ չեն մտնում: Անօթևանների 80-90 տոկոսը, ըստ Շավարշ Խաչատրյանի, մուրացիկ չէ: Վերջիններս տուն-տեղ ունեն, բայց մուրացկանությամբ զբաղվելով` սոցիալական խնդիր են լուծում, իսկ անօթևանների մեծ մասն աշխատունակ մարդիկ են, ուղղակի ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում:

Դեռ 2004 թվականից, երբ կացարանը չէր գործում, «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը ձմռան ամիսներին շրջիկ միկրոավտոբուսով տաք հագուստ ու սնունդ էր բաժանում փողոցում հայտնված անօթևաններին:

Եւ միայն 2011-ին Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ   (հոգում է սննդի, կացարանի աշխատողների աշխատավարձի և էլեկտրաէներգիայի ծախսերը) սկսեց գործել Վարդաշենի անօթևանների կացարանը:

2011 թվականից ի վեր կացարան ապաստան է տվել ընդհանուր առմամբ 158 անօթեւանների: Ներկայումս կացարանի բնակիչները 41-ն են` 9 կին, 32 տղամարդ: Նրանց միջին տարիքը 50-55- ից 63 տարեկան է: Կացարանի ամենաերիտասարդ բնակիչը 20 տարեկան է:

Խաչատրյանն ասում է, որ ֆինանսավորման դժվարությունները, որ առաջացել էին նախորդ տարեվերջին, հարթվել են: Գործադիրը խոստացել է ապահովել ծրագրի շարունակականությունը, սակայն թե ի՞նչ միջոցներով`դեռեւս քննարկման փուլում է:

«Մեր մոտավոր հաշվարկներով` այսօր Երևանում առնվազն 300-ից ոչ պակաս անօթևան է ապրում, որոնց թիվն օրեցօր շատանում է, հիմա նոր հավաքատեղիներ են առաջանում, ասենք` օբյեկտների մոտ, որից կարող են օգտվել»,-նշում է Շավարշ Խաչատրյանը:

48-ամյա Ժանետա Առաքելյանը պատմում է, որ իրեն կացարան են բերել «Պրոսպեկտի» եկեղեցու մոտից» եւ ավելացնում, որ «առաջին օրվանից շատ լավ են ընդունել»:

«Մոմ էի վառել, դուրս էի գալիս եկեղեցուց,  ավտոյով եկան, բերեցին էստեղ»,- պատմում է Ժանետան եւ շարունակում իր պատմությունը:

Ծնունդով Սևանից է, տարիներ առաջ ամուսնացել, եկել է մայրաքաղաք: Հանգամանքների բերումով ամուսնալուծվել է, միակ զավակը մահացել է, և կինը ինչ-ինչ հանգամանքների հետեւանքով մնացել է առանց կացարանի:

«Ինը տարի Սախարովի հրապարակի մոտի մանկապարտեզում եմ մնացել, շատ խոնավ էր, ահավոր խոնավ: Էրեխեքի հետ չէինք ապրում` պադվալում: Շատ էր ցավում»,- ցույց է տալիս ոտքը ու հավելում, որ հոդացավեր են առաջացել:

Այնտեղ բնակվելուց հետո, նախքան կացարանում հայտնվելը, Ժանետա Առաքելյանը Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում գտնվող տնակում է ապաստանել.

«Մի քիչ դժվար էր, աշխատում էինք, տնային գործեր էինք անում: Դե, մի 4-5 հազար տալիս էին` ամեն օր չէ, շաբաթը մի անգամ: Փոքր բուդկա էր` Սուրբ Սարգիս եկեղեցուց մի քիչ վերև: Մենակ չէի ապրում, մենակ ես չեմ կարա ապրեմ, երկու կին կային, իրանք էլ հետս եկան, բայց չմնացին, ես մնացի»:

Վարդաշենի կացարանում նա իրեն լավ է զգում և փողոց վերադառնալ չի ուզում:

«Մի փոքր սենյակ լիներ, ես ինձ համար մնայի, աշխատանք լիներ` աշխատեի»,- երանությամբ երազում է Ժանետան:

60- ամյա Գալուստ Գալստյանն ասում է, որ  մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է, ընտանիք չունի, երբեւէ ամուսնացած չի եղել: Վարդաշենի անօթևանների կացարանի կրթված բնակիչներից է: Նոր Կտակարանը միշտ ձեռքին է, հույսը` միայն Աստված:

«Ես չէի պատկերացնում, որ Հայաստանը էս վիճակում կլինի: Ես մանկավարժի ընտանիքում եմ մեծացել. հայրս դպրոցում էր աշխատում, ուսմասվար էր` պատմություն, հասարակագիտություն ու քաղտնտեսություն էր տալիս, իսկ մայրս դաստիարակչուհի էր: Որ երկիրը փլուզվեց, գործարանները փակվեցին, ամեն ինչ խախտվեց: Իմ աշխատանքը կապված էր գործարանների հետ` լամպերի գործարանում ֆորմաների ձևավորման, դիզայնի վրա էի: Ընդեղ էլ փակվավ, գնացի Հոկտեմբերյան` բյուրեղապակու գործարան: Հետո վաճառեցինք տունը, ասինք` վաճառենք, ապրենք: Մեր ընտանիքը իր կյանքում նեղություն չէր տեսել: Ունեցածներս մի կերպ վաճառում, ապրում էինք: Վարձով եմ մնացել տարբեր տեղեր, երբ վերջացավ եղած-չեղածս, գնացի Կարապի լճի մոտի թաղապետարան, ասեցի, որ էս վիճակն ա, ինձ էստեղ ուղարկեցին»,- կյանքը մի շնչով ներկայացնում է նախկին նկարիչ-դիզայները:

Գալուստ Գալստյանը համոզված է` Աստված իրեն փրկեց:  Սակայն ի տարբերություն Գալստյանի, Երեւանում շատ անօթեւանները դեռեւս գտնվում են անելանելի պայմաններում:

Շավարշ Խաչատրյանը նշում է, որ ի տարբերություն նախկին տարիների, հիմա անօթեւանների թիվն ավելի շատ է:

«Հիմա Երևան քաղաքում ավելի շատ անօթևաններ կան: Եթե փողոցներով շրջեք, չեք նկատի, բայց մենք գիտենք նրանց հավաքատեղիները` Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մերձակայքն է, այսպես կոչված` «քրչի բազարը»: Հենց հիմա այնտեղ մոտ 40 անօթևան է ապրում: Քանդած կայարանում, Լամբադա կամրջի տակ, Կիևյան կամրջի տակ են հավաքվում, Կիևյան փողոցի գետնանցումում, որտեղ գիշերն են հավաքվում, Կոմիտասում` Շիրվանզադեի դպրոցի հետևում քանդված կաթսայատանը, «Լուսաստղի» մոտ` անտառում:»,- «Մեդիալաբին» ասում է Շավարշ Խաչատրյանը` շեշտելով, որ Երևանում անօթևանների հաշվառում երբևէ չի իրականացվել:

Նա նշում է,  որ Վարդաշենի անօթևանների կացարանի շենքային պայմանները ավելի շատ թվով անօթևաններ պահելու հնարավորություն են տալիս` համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում:

Շավարշ Խաչատրյանի խոսքով` ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ պետական մոտեցումն այլ է, և պետությունն իր մեկ անօթևանի համար պատրաստ է մեծ միջոցներ տրամադրելու, մինչև նրա խնդրի վերջնական լուծումը, Հայաստանում անօթևանների խնդրին պետությունը միայն վերջերս ուշադրություն դարձրեց`պետություն-ՀԿ համագործակցությամբ:

Շավարշ Քոչարյանի խոսքով` անօթևանները կացարան են գալիս փաստաթղթերի ու ամենատարբեր առողջական խնդիրներով` թոքերի հիվանդություններից մինչև ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ:

Ի տարբերություն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող թիվ 1 տուն-ինտերնատի, որտեղ անօթևաններին ընդամենը երկու ամիս են ապաստանում, Վարդաշենի կացարանում, Շավարշ Խաչատրյանի խոսքով, մարդը մնում է այնքան, մինչև նրա խնդիրը հիմնովին լուծվի.

«Հանել դուրս` նշանակում է չլուծել, այդ մարդկանց մղել կործանման»,-նշում է նա:

© Medialab.am

Լուսանկարը` Կարեն Մինասյան, «Ազատություն» ռադիոկայան