«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, փաստաբան Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, դատարանն անփոփոխ թողեց թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Միքայել Սրբազանի կալանքը՝ որպես խափանման միջոց: Մեղադրյալների փաստաբանական խումբը պնդում է, որ դատարանի որոշումն անօրինական է: Դուք ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը, արդյոք այս ամենով խախտվո՞ւմ են Միքայել Սրբազանի, Սամվել Կարապետյանի իրավունքները:
– Սկսեմ նրանից, որ Հայաստանում դեռևս շարունակում է լայնորեն կիրառվել կալանքը որպես խափանման միջոց, ու անկախ նրանից, որ օրենսդրությունը հնարավորություն է տալիս տարբեր մոտեցումներ ցուցաբերել, մասնավորապես, այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել ու այդ համատեքստում չվնասել մարդու ազատության հիմնարար իրավունքը, այնուամենայնիվ, դատարաններն ավելի շատ հակված են կիրառելու կալանքը, հատկապես երբ գործը վերաբերում է ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ քաղաքականության մեջ ներգրավված ու ներկա վարչակարգի կարծիքը չկիսող գործիչներին:
Զուտ թվային տվյալներով եթե դիտարկենք, ապա բավականաչափ շատ է կալանքի կիրառումը, մասնավորապես, եթե կալանավորված անձանց թիվը 2022-ին եղել է 1101, ապա 2024- դեկտեմբերի 19-ի դրությամբ՝ 1417: Այս համատեքստում, եթե փորձում ենք համեմատել կալանավորված անձանց ու դատապարտյալների թվերը, ապա այն գերազանցում է գրեթե 200-ով, մասնավորապես 2024-ի դեկտեմբերի դրությամբ, օրինակ՝ 2701 ազատազրկվածներից ընդամենը 1284-ն են եղել դատապարտյալ, այսինքն՝ մեծամասնություն են կազմում կալանավորված անձինք:
Համեմատության համար նաև նշեմ, որ վերջերս հաճախ կային այժմ իշխանության մեջ գտնվող անձանց թե՛ կոռուպցիոն ռիսկերի, թե՛ ֆիզիկական բռնության հետ կապված որոշակի գործեր, որոնց շրջանակներում եթե քրգործ հարուցվում էր, ապա կալանք երբևէ չէր դիտարկվում։ Հատկապես կոռուպցիոն գործերի պարագայում, օրինակ՝ ցուցմունքի վրա ազդեցության մասով, անձի դրսում գտնվելը կարող է ավելի շատ ազդել, քան այլ բնույթի գործերի, որովհետև կոռուպցիան մի շղթա է, որը գնում է մինչև ամենա-ամենավերևները, ու դա բացահայտելու համար հստակորեն ավելի անհրաժեշտ է լինում անձին մեկուսացնել, քան ցանկացած տիպի այլ քրգործի պարագայում:
Ինչ վերաբերում է այս վերջին դեպքերին, ապա հստակ կարելի է ասել, որ անձինք կալանավորվել են հենց իրենց հայացքների համար, կապ չունի՝ մենք կիսո՞ւմ ենք դրանք, թե՞ չէ: Իրավական պետության հիմքը կազմում է օրենքի միատեսակ կիրառումը, այլ ոչ թե հայացքներով պայմանավորված՝ ավելի խիստ վերաբերմունքը ու ընդհուպ կալանքը՝ որպես ճնշման գործիք օգտագործել:
– Կոնկրետ դեպքում մեղադրյալ հանդիսացող անձանց իրավունքները խախտվո՞ւմ են:
– Նախ անդրադառնանք քրգործին․ բոլորս ականատես եղանք ամբողջական ձայնագրությանը, բնականաբար, և՛ խոսույթը չեմ կիսում, և՛ մոտեցումները, բայց հիմքում դրված մեղադրանքին ամբողջովին չհամապատասխանող գործընթաց է: Որևէ կերպ չի կարող նույնականացվել թե՛ զինված հեղաշրջման փորձի, թե՛ բռնության կոչերի հետ, որովհետև ամբողջ ձայնագրությունը բացարձակապես չի վերաբերում բռնի մեթոդներով իշխանությունը փոխելուն:
Ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե մեղադրող կողմը դատավարական պրոցեսներում ինչպես է ապացուցելու, թե ընդհանրապես ի՛նչ հիմքերով է հարուցվել քրգործը, առավելևս՝ ինչ հիմքերով է կալանքը որպես խափանման միջոց կիրառվել այդ անձանց նկատմամբ, հետևաբար, իրականում, ոտքից գլուխ խախտում է, որովհետև, էլի եմ ասում, սահմանադրական մակարդակում մարդու ազատությունը բարձրագույն արժեք է, ու մարդուն գեթ մեկ օրով ազատությունից զրկելու հիմնավորումը պետք է լինի շատ խորքային, իսկ հիմքերը՝ գրեթե անսասան:
Տարբերակված այս քրգործերի հարուցումը մարդկանց մեջ խորքային անվստահություն է առաջացնում դատարանների նկատմամբ: Մարդիկ կորցնում են դատական համակարգի նկատմամբ վստահությունը, իսկ դա հենց հավասարակշռող ամենակարևոր թևն է, որովհետև եթե պետական մարմնում անձի որևէ իրավունք խախտվում է, ապա նա պետք է ապավինի, որ դատարանում այն կվերականգնվի, իսկ այս պարագայում խորքային կասկած է մտնում հանրության մեջ, որ դատական համակարգում որևէ ուղղորդում չի մտնում, որ այն լիովին անկախ է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններից։ Այս դեպքում մենք տեսնում ենք օրենսդիր ու գործադիր մարմինների փոխադարձ վերահսկողության ու անկախության խախտում:
– Տիկի՛ն Հովհաննիսյան, ստացվում է, կարծում եք, որ դատական համակարգը անկախ չէ՞ իշխանությունից:
– Որևէ կերպ չեմ կարող պնդել՝ անկա՞խ է, թե՞ ոչ, որովհետև ապացույցներ չունենք, բայց որ գործում է այդ համակարգին հաճո՝ հստակորեն պարզ է:
– Ձեր գնահատմամբ՝ Բագրատ և Միքայել Սրբազանները, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալնե՞ր են, ինչպես պնդում են նրանց փաստաբանները և ոչ միայն:
– Առնվազն քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ են, որոնց նկատմամբ իրավական համակարգի կողմից տեղի է ունեցել խիստ մոտեցում: Քաղբանտարկյալ ասելու համար շատ ավելի խորքային ուսումնասիրություն է անհրաժեշտ, բայց որ քրգործի հիմքում բավարար ապացույցներ չկան, ու անձինք քրեական հետապնդման են ենթարկվում, ակներև է՝ մասնավորապես հղում կատարելով թե՛ ձայնագրությանը, թե՛ կալանքի հիմքերի ակնհայտ բացակայությանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















