«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքը Հակակոռուպցիոն դատարանըերկու ամսով երկարաձգեց: Շուրջ տասը ժամ տևած նիստում այդպես էլ քննիչն ու դատարանը չեն կարողացել հիմնավոր փաստարկել՝ ինչու պետք է գործարարը մնա բանտում, պնդում է նրա փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը. «Մեղմ ասած իրավական ամենաթողություն է:
Մի շարք հարցադրումներ տրվեցին քննիչին, դրանց վերաբերյալ չստացանք որևէ պատասխան»: Սամվել Կարապետյանը Ազգային անվտանգության ծառայության նկուղում փակված է երկու ամիս: Նա վարչապետի ու իրավապահների թիրախում հայտնվեց եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ գործարարն ասել էր.
«Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»: Այս խոսքերից հետո նրան մեղադրանք առաջադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով. «Խոսքը մեր ձևով գործընթացին մասնակցելու հայտարարության մասին է» , – ընդգծում է փաստաբանը:
«Տաշիր գրուպ»-ի սեփականտիրոջ մեղադրանքը հետագայում լրացվեց փողերի լվացման, հարկերը չվճարելու և խարդախություն կազմակերպելու հոդվածներով: Ըստ փաստաբան Վարդևանյանի՝ սրանց դեպքում կալանքը երկարաձգելու հիմնավոր կասկած դատարանը չի տեսել. «Որևէ առնչություն Սամվել Կարապետյանին չկար, նույնիսկ դրա նվազագույն տվյալ չէր ներկայացվել, երբ մենք ի սկզբանե էինք ասում, այդ մասով դատարանը կարողացավ արձանագրել ակնհայտը»:
Երկարաձգելու որոշումը վերաբերում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքին: Սրա միակ ապացույցը, ըստ փաստաբանների, տեսանյութն է, որը հունիսի 17-ից հրապարակված է, ամբողջ համացանցում կա ու Քննչականում. «Դատավոր Տիգրան Դավթյանը փաստացի գտնում է, որ այդ տեսանյութը, որը առկա է, այնպես, ինչպես հիմա մեր հարցազրույցը, երբ կավարտվի, այլևս միշտ լինելու է հասանելի, գտնում է, որ դրա նկատմամբ կարող է տեղի ունենալ խոչընդոտում»,- ընդգծում է Կարապետյանի փաստաբանը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















