«Մենք դեռևս ունենք սերմացու գողացող մկներ, որոնք մնում են անպատիժ». Նորայր Նորիկյան

«Մենք դեռևս ունենք սերմացու գողացող մկներ, որոնք մնում են անպատիժ». Նորայր Նորիկյան
«Մենք դեռևս ունենք սերմացու գողացող մկներ, որոնք մնում են անպատիժ». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

– Պարո՛ն Նորիկյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գնացել է դատարան և որպես վկա ցուցմունք տվել, պատասխանել հարցերի։ Սա, ըստ էության, աննախադեպ երևույթ է ՀՀ արդարադատության պատմության մեջ, երբ երկրի առաջին դեմքը ներկայանում է դատարան։ Ինչպե՞ս եք այն գնահատում։

– Բնականաբար, սա աննախադեպ իրադարձություն է, որը բոլոր դեպքերում խոսում է իշխանության որակի մասին, իշխանության վերաբերմունքի՝ արդարադատության իրականացման պրոցեսի մասին։ Բոլոր դեպքերում ողջունելի է, որ ՀՀ բարձրագույն ղեկավար կազմի ներկայացուցիչը, տվյալ դեպքում՝ գործադիր իշխանության ղեկավարը, հարկ է համարում ծանուցագրի հիման վրա ներկայանալ դատարան և որպես տվյալ գործով վկա հանդես գալ դատարանում և պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին։

Սա խոսում է, իսկապես, իշխանության ներսում տեղի ունեցող որակական փոփոխությունների, դատարանի կամ արդարադատության նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։ Բոլոր դեպքերում, որպես փաստաբան, ես չեմ կարող սա ոչ միայն բացասական գնահատել, այլ սա իսկապես ողջունելի է, որ այսպիսի ընկալում ու այսպիսի վարքագիծ կա վարչապետի կողմից դատական համակարգի նկատմամբ։ Հույս ունենանք, որ սա որոշակի բեկում կմտցնի նաև հանրային գիտակցության մեջ, դատական իշխանության գործունեության մեջ, նաև քրեական արդարադատության ոլորտում։ Տեսնենք, թե ինչ կստացվի։

– Օրերս առողջապահության փոխնախարար ձերբակալվեց, առաջին անգամ նաև կաշառք տվողն է մեղադրվում։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, որ նման բարձրաստիճան պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվում։ Ընդհանրապես, արդյոք կաշառք տվողն ու ստացողը հավասարապես չպե՞տք է պատասխանատվության ենթարկվեն ։

– Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, բոլորովին այլ իմաստ ու նշանակություն ուներ, երբ մինչև 2018-ի իշխանափոխությունը որևէ պաշտոնատար անձ կարող էր կասկածվել, մեղադրվել ու դատապարտվել որևէ կոռուպցիոն հանցագործության համար, անկախ նրանից, թե ով կլինի՝ նախագահ, վարչապետ, պատգամավոր, դատավոր և այլն։

Իսկ 2018 թվականի մայիսից հետո նշանակված որևէ պաշտոնյայի կողմից ենթադրյալ կոռուպցիոն որևէ հանցագործություն կատարելու մեջ կասկածվելը, մեղադրվելն ու դատապարտվելը բոլորովին այլ իմաստ ու նշանակություն ունեն։ Ընդհանրապես, ինձ համար ողջունելի է կոռուպցիայի դեմ պայքարը, հետևաբար, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Անկախ նրանից, թե խոսքն ում մասին է, սա լուրջ ազդանշան է նախևառաջ պետական իշխանությանը, ինչպես նաև հանրությանը, որ որևէ դեպքում ներում-բեկում չի լինելու։

Երկրորդ՝ ինձ, որպես մարդու, որպես քաղաքացու, մտահոգում է, որ 2018-ի մայիսից հետո պաշտոն զբաղեցնող որևէ սուբյեկտի մոտ կարող է նման գայթակղություն առաջանալ։ Իհարկե, մենք դեռ չգիտենք՝ ի՛նչ է եղել, ես հարգում եմ անմեղության կանխավարկածը, և քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որևէ մեկը որևէ իրավունք չունի որևէ անձի մեղադրել այս կամ այն հանցագործության կատարման մեջ։

Այդուհանդերձ, ինձ համար ջրբաժան է 2018 թվականի մայիսից հետո նշանակված պաշտոնյաների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հանգամանքը։ Սա լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Սա նշանակում է, որ մեր հանրային գիտակցության մեջ դեռևս ամբողջովին մաքրազերծված չէ կոռուպցիոն արատավոր երևույթների վերաբերյալ եղած ընկալումը։ Հետևաբար, սա լավ առումով կամ վատ առումով ազդակ է իշխանությանը, որ նա պետք է լուրջ հետևություններ անի, որ, այո՛, այս ժամանակաշրջանում կան սուբյեկտներ, որոնք կարող են չդիմանալ գայթակղությանը։

Մի կողմից ողջունելի է, որ որևէ ներում չկա, այսինքն՝ կա հանդուրժողականության բացակայություն նման հանցագործությունների վերաբերյալ, մյուս կողմից՝ մտահոգիչ է, որ կարող է 2018-ի մայիսից հետո նշանակված կամ ընտրված որևէ պաշտոնյայի մտքով անցնել նման գայթակղության տրվելը։

– Կաշառք տվողի պատժվելու ինստիտուտը մեզանում որքանո՞վ է զարգացած։ Օրինակ՝ մեր աչքի առաջ է Սիլվա Համբարձումյանի դեպքը, որը պնդում է, որ իրեն կաշառք տալու համար չեն կարող պատասխանատվության ենթարկել։

– Կաշառքը՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների ուրույն տեսակ, հիմնականում լատենտային, այսինքն՝ դժվար բացահայտվող հանցագործությունների շարքին է դասվում։ Կաշառքը մի հանցագործություն է, որը շատ դեպքերում երկու կողմերին էլ ձեռնտու ապօրինի հանցավոր գործարք է։

Կաշառք տվող սուբյեկտը կաշառքը տալիս է, որ իր օգտին պաշտոնյան իրականացնի որոշակի գործողություն։ Իսկ կաշառք ստացողը այդ գործողությունն ի պաշտոնե կատարելու դիմաց ստանում է ապօրինի բացատրություն։ Կաշառք տվողի և կաշառք ստացողի շահերը շատ հաճախ համընկնում են, հետևաբար, ձեռնտու չի լինում կաշառք տվողի կողմից դրա մասին հայտնելը։

ՀՀ օրենսդրությունը թեև կաշառք տալը գործող իրավակարգերով դիտարկել է որպես քրեական պատասխանատվություն, բայց մի վերապահում ունի՝ կաշառք տվողը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կաշառք տալուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է իրավապահ մարմիններին։ Նախկինում այդպիսի սահմանափակում կամ վերապահում չի եղել։ Նախկինում կաշառք տվողը ազատվել է քրեական պատասխանատվությունից, չէր կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։

Այդ առումով մենք իսկապես օրենքի խնդիր ունենք։ Այս հարցում միասնական դիրքորոշում չկա, որովհետև նաև պետության շահերից է բխում, որ կաշառք տվողը երբեմն հայտնի այդ մասին, ինքը բացահայտի այդ հանցագործությունը։ Հետևաբար, իր մեջ նաև խրախուսող նորմ պարունակի, որպեսզի երբեմն կաշառք տվողը սկսի համագործակցել իրավապահ մարմինների հետ իր իսկ կողմից կատարած ապօրինի արարքը բացահայտելու համար։

– Կոռուպցիայի դեմ պայքարի առումով արդյոք մենք ունե՞նք լուրջ առաջընթաց։ Ընդհանուր առմամբ, հանրային գիտակցության մեջ փոփոխություն եղե՞լ է այս առումով։

– Ցավոք սրտի, այստեղ մենք մեծ արդյունքների մասին խոսել չենք կարող։ Ավելին, ես ուզում եմ արձանագրել, որ մենք դեռևս ունենք սերմացու գողացող մկներ, որոնք մնում են անպատիժ։ Կան նաև հայտնի անուններ, որոնք քրեական հետապնդման չեն ենթարկվում, նրանց արարքների վերաբերյալ այս պահին քրեական գործեր չկան, անգամ շշուկներ էլ չկան, թե արդյոք նրանցից որևէ մեկը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարը դեռևս չի ընդգրկել այն ամբողջ ծավալը, ինչ ծավալով պետք է ընդգրկեր։

Մեր հանրային գիտակցության մեջ դեռևս չի մաքրվել այդ արատավոր հանգամանքը։ Անկեղծ ասած, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու իրավապահ համակարգի ոչ բավարար աշխատանքի մասին։ Վերջերս նաև վարչապետն ու ԱԱԾ տնօրենն էլ դժգոհեցին նրանց աշխատանքից, և ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ինքը մտածելու բան կունենա։

Ես արդեն մի քանի ամիս է՝ հայտարարում եմ, որ իրավապահ համակարգի որոշ ստորաբաժանումների, որոշ սուբյեկտների կողմից սաբոտաժ է իրականացվում, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի գտնվում անհրաժեշտ հարթության վրա, մենք չունենք կոնկրետ մի դեպք, երբ այս կամ այն բարձրաստիճան նախկին պաշտոնյան կամ այս կամ այն սուբյեկտը որևէ կոռուպցիոն հանցագործության համար դատապարտված լինի։ Մենք միայն ունենք արձանագրումներ ու միայն արձանագրումներ։

Մանե Հարությունյան

MediaLab.am