«Սահմանը եթե բացվի էլ, Թուրքիան շատ հանգիստ կարող է ամեն պահի միակողմանիորեն փակել այն. Թուրքիան հուսալի գործընկեր չէ». Անդրանիկ Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

Պարո՛ն Իսպիրյան, երեկ տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների առաջին հեռախոսազրույցը, ինչի վերաբերյալ հնչեցին հակասական կարծիքներ: Ձեր գնահատականը ո՞րն է այս զանգի վերաբերյալ, պե՞տք է ոգևորվել այս փաստից:

– Նախ նշեմ, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը շատ արագ ձեռնամուխ եղավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Մենք տեսանք նաև, որ երկու կողմից էլ նշանակվեցին հատուկ ներկայացուցիչներ, որոնք պարբերաբար հանդիպումներ են ունենում: Հայկական կողմի հայտարարություններից հասկանալի էր, որ իշխանությունը ցանկություն ունի կոնտակտի մեջ մտնել Թուրքիայի նախագահի հետ, ինչը չէր ստացվում, ու այս մուսուլմանական տոնը՝ Կուրբան բայրամը, առիթ եղավ, որ Հայաստանի վարչապետը զանգահարի Էրդողանին:

Ընդամենը տոն էր, ու հայկական կողմը դա օգտագործեց Էրդողանի հետ հեռախոսազրույց ունենալու համար, ոգևորվելու կամ տխրելու որևէ առիթ չկա: Անկախ իրադարձությունների զարգացումից ու ընթացքից, չեմ կարծում, որ Թուրքիայի նախագահը կհրաժարվեր պատասխանել հեռախոսազանգին, եթե զանգում են տոնը շնորհավորելու: Այսինքն՝ այստեղ ո՛չ դրական, ո՛չ բացասական որևէ բան չկա. զանգել են շնորհավորելու, դիվանագիտական էթիկային համահունչ՝ Թուրքիայի նախագահը պատասխանել է:

Այսինքն՝ հեռախոսազանգը հայկակա՞ն կողմի նախաձեռնությամբ է եղել:

– Այո՛, բնականաբար, դա ենթադրություն չէ, այդ մասին հայտարարվել է, ասվում է, որ Հայաստանի վարչապետը զանգել է Էրդողանին, շնորհավորել Կուրբան բայրամի առիթով: Էրդողանն էլ, քաղաքավարությունից ելնելով, փոխադարձ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ մոտեցող Վարդավառի տոնի կապակցությամբ:

Պարո՛ն Իսպիրյան, իսկ թուրքական կողմում ի՞նչ արձագանքներ են այս մասով:

– Ընդամենը լուրն է տարածվել, իսկ արձագանքները, սովորաբար, մեկ-երկու օր հետո սյունակագիրներն են գրում: Բնականաբար, Թուրքիայում մեդիան շատ մեծ դեր է խաղում, իսկ իշխանությունները բավականին մեծ ազդեցություն ունեն մեդիայի վրա, ու այս հեռախոսազանգը կներկայացնեն դրական լույսի ներքո:

Հաշվի առնելով հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացում ու բեռնափոխադրում օդային ճանապարհով, հարաբերությունների կարգավորմանը միտված ընդհանուր գործընթացն ինչպե՞ս եք գնահատում:

– Այդ պայմանավորվածությունները Հայաստանի համար ի՞նչ արժեք ունեն, երրորդ երկրները որո՞նք են. վրացինե՞րը՝ ո՛չ, պարսիկնե՞րը՝ ո՛չ, ռուսներին պետք չէ, մնացին ադրբեջանցիները: Ուրախանա՞նք, որ ադրբեջանցիները կարողանալու են Հայաստանի միջով գնալ Թուրքիա:

Հայկական կողմից հույս են հայտնում, որ հետագայում սահմանը կկարողանան բացել նաև Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների համար:

– Սահմանը եթե բացվի էլ, Թուրքիան շատ հանգիստ կարող է ամեն պահի միակողմանիորեն փակել այն, ինչպես դա անում է բոլոր հարևանների հետ տարբեր փուլերում. Թուրքիան հուսալի գործընկեր չէ:

Պարո՛ն Իսպիրյան, իսկ այս հեռախոսազրույցն ազդեցություն կունենա՞ բանակցային գործընթացի վրա:

– Բացարձակ ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև Թուրքիան առաջնորդվում է ոչ թե հեռախոսազանգերով, այլ իր պետական շահերով: Թուրքիան անելու է այն, ինչ համընկնում է իր շահերին ու բխում է իր շահերից:

Կա տեսակետ, որ այսօր Հայաստան-Թուրքիա, թեկուզ այս կարգի շփումն անհրաժեշտ է, որովհետև այն չեզոքացնում է հնարավոր պատերազմի վտանգը: Ի՞նչ կարծիքի եք:

– Հարևանների հետ շփումները շատ կարևոր են, կարևոր են նաև տարածաշրջանում դերակատարություն ունեցող երկրների հետ շփումները, այդ թվում՝ Իսրայելի հետ, որոնք, չգիտես ինչու, շատ վատ վիճակում են: Բայց կարևոր է տվյալ երկրների հետ ճիշտ քաղաքականություն վարելը, ոչ թե միայն զանգելը կամ հանդիպել ու խոսել միայն սահմանի բացման մասին: Թուրքիան կլասիկ երկրների ցուցակում չէ, նրա հետ հարաբերվելիս պետք է մի շարք բացառություններ հաշվի առնել:

ՀՀ գործող իշխանությունը հաշվի առնո՞ւմ է այդ բացառությունները:

– Դեռ հաշվի չեն առնվում, սա ասում եմ՝ հիմնվելով իշխանության ներկայացուցիչների անտրամաբանական հայտարարությունների վրա, միակողմանիորեն անհիմն, խիստ լավատեսական հայտարարությունները նկատի ունեմ: Նրանք պարտավոր էին գոնե մասնագետների հետ խորհրդակցել, տեղեկություններ իմանալ, նոր միայն կարծիք ու հայտարարություններ տարածել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am