«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի կանխատեսումներ կան, պետք է պատրաստ լինենք». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի ու դրանից բխող հետևանքների վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Համապատասխան արձագանք արդյոք կլինի՞, և, ըստ ձեզ, այս նամակն ուշացած չէ՞։

– Նամակն ուշացած էր, բայց անհրաժեշտ է, դրանից հաստատապես չենք տուժելու, այլ հարց է, թե դա որքանո՛վ օգուտ կտա։ Կարծում եմ, մեծ օգուտ չի լինելու, բայց հարցի միջազգայնացման տեսանկյունից օգտակար է, բայց ուղղակիորեն օգուտ չի տա։

Հարցն ավելի շատ պետությունների ղեկավարների մակարդակով լուծվելիք է, այստեղ կարևորը Փաշինյանի գործողություններն են, իսկ Ալեն Սիմոնյանի նամակներից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։

– Իսկ պետության առաջին դեմքի մակարդակով դա արվո՞ւմ է, ուղղակի մե՞նք տեղյակ չենք, թե՞ չի էլ արվում, ըստ ձեզ։

– Արվում է իհարկե։ Դիվանագիտությունը այսբերգի նման բան է՝ բաներ կան՝ երևում են, բաներ կան՝ ոչ։ Այն, որ այդ հարցը գնաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ճիշտ է՝ ֆորմալ առումով դրա նախաձեռնողը Ֆրանսիան էր, բայց ակնհայտ է, որ Ֆրանսիային խնդրել էր Հայաստանի իշխանությունը, այնպես չէ, որ Ֆրանսիան ինքնակամ էր դա նախաձեռնել։

Հարցը գնում է ՄԻԵԴ, Արդարադատության միջազգային դատարան ու այլ կառույցներ, պարզ է, որ դա իշխանությունների գործողությունների արդյունք է։ Բավարա՞ր է դա, իհարկե ոչ, որովհետև քանի դեռ հարցը չի լուծվել, չենք կարող բավարարված լինել, բայց ասել, որ բան չի արվում, դա էլ ճիշտ չէ։

– Պարո՛ն Վարդանյան, իսկ խնդրի լուծումն ինչո՞ւ է ուշանում։ Մինչ այս եղած միջազգային արձագանքներն ինչպե՞ս եք գնահատում։

– Միջազգային հանրության արձագանքը թույլ է, որոշ դեպքերում միայն կոչեր են հնչեցվում։ Հարցը պետք է ավելի կտրուկ դրվի Ադրբեջանի առաջ, պետք է արդեն գնան պատժամիջոցների կիրառման կամ այլ բանաձևերի ընդունման ճանապարհով։ Միայն այդ դեպքում Ադրբեջանը կոնկրետ քայլեր կձեռնարկի։

– Պատժամիջոցներ ու հստակ քայլեր Ադրբեջանի դեմ չեն արվում, որովհետև մեր դիվանագիտությունն է թո՞ւյլ, թե՞ աշխարհաքաղաքական իրավիճակն է պատճառը։

– Աշխարհաքաղաքական իրավիճակով է պայմանավորված նաև, բայց, կարծում եմ, որ ավելի լավ աշխատելու դեպքում հնարավոր է նաև կոնկրետ արդյունքների հասնել բանաձևերի տեսքով։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի հետ շատ կոնկրետ աշխատանք պետք է տարվի, ավելի առարկայական, այդ թվում նաև՝ լոբբիստական կառույցները, որովհետև սա միայն ՀՀ իշխանության հարցը չէ, սա համահայկական հարց է, նաև սփյուռքյան կառույցները ԱՄՆ-ի իշխանությունների, օրենսդիր մարմնի հետ պետք է աշխատեն։ Միգուցե դա արվում է, բայց տեսանելի արդյունքներ դեռ չկան։

– Իսկ այդ տեսանելի արդյունքը մոտ ապագայում կլինի՞։

– Կարծում եմ, որ կլինի, բայց չեմ կարող հստակ ժամկետ ասել։

– Ռուսաստանից ի՞նչ սպասելիքներ ունենանք։

– Ես սպասելիքներ չունեմ, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանը իներտ, որոշ դեպքերում էլ՝ Ադրբեջանի հետ սինխրոն գործողություններով է հանդես գալիս։ Նախորդ տարվա վերջին՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման հրապարակային մասում ասաց, որ այդ հարցը պետք է քննարկել։ Ակնհայտ է, որ եթե չկա արդյունք, ուրեմն Ռուսաստանն էլ կա՛մ ջանքեր չի գործադրում, կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարողանում։ Իմ հույսը միջազգային կառույցներն են, Արևմուտքը։

– Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավարի հայտարարությունը, որն արեց Հայաստանում, շատերի բնորոշմամբ, «սառը ցնցուղ» էր բոլոր նրանց համար, ովքեր հույսները կապում են Արևմուտքի հետ։ Փաստորեն, համակարծիք չե՞ք այն տեսակետներին, որ Արևմուտքից ևս էական ակնկալիքներ չպետք է ունենալ։

– Ֆրանսիայի ԱԺ նախագահը օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, իսկ օրենսդիր մարմիններից, ինչպես արդեն ասացի, մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, այս հարցը պետությունների ղեկավարների մակարդակով լուծելիք հարց է։ Տվյալ դեպքում գոնե ես այդ այցից լուրջ սպասելիքներ չունեի էլ, այս հարցի լուծումն ավելի շատ պետք է տեսնել Փաշինյան-Մակրոն, Փաշինյան-Բլինքեն և այլ առաջնորդների հետ բանակցությունների համատեքստում։

– Բայց, այնուամենայնիվ, դուք Արևմուտքից հույսեր ունե՞ք։

– Այո՛, իմ հույսը միայն Արևմուտքն է ու միջազգային կազմակերպությունների ճնշումը, այդ թվում նաև՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների։ Արևմուտքն էլ հարաբերական է ասված, հիմնականում նկատի ունեմ ԱՄՆ ու Ֆրանսիա։

– Պարո՛ն Վարդանյան, իսկ Ադրբեջանը իր պահանջների կատարման համար հնարավո՞ր է որ գնա ռազմական նոր գործողությունների։

– Հնարավոր է, այո՛, մանավանդ արդեն իսկ կան կանխատեսումներ, որ այս տարի լինելու են ռազմական բախումներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Արդեն մի շարք վերլուծական կենտրոններ նման կանխատեսումներով են հանդես եկել, ու եթե հաշվի առնենք նաև այն, որ Ռուսաստանի դիրքերն օր օրի ավելի են թուլանում ուկրաինական պատերազմում, ու նրա կախվածությունը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի է մեծանում, չի բացառվում, որ ևս մեկ նոր պատերազմ հրահրվի 2023 թվականին։ Պետք է պատրաստ լինենք։

– Պատրաստվո՞ւմ ենք։

– Իհարկե պատրաստվում ենք։ Այն, որ ՀՀ ռազմական բյուջեն մոտ 50%-ով ավելացել է այս տարի, այն, որ մի քանի հարյուր միլիոն դալարի զենք-զինամթերքի գնման պայմանագրեր են կնքվել Հնդկաստանի հետ, ցույց է տալիս, որ իշխանությունն էլ է դրան պատրաստվում։ Այլ հարց է, թե դա բավարար կլինի՞, բայց այդ գիտակցումը կա, հետևաբար ես այն տեսակետի կրողը չեմ, որ գործող իշխանությունը ձեռքերը ծալած նստել է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am