Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի չորս ամսով

Հեղինակ MediaLab

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը 4 ամսով երկարաձգել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ապրիլի 13-ի արտահերթ նիստում ստացավ 107 կողմ ձայն:

 Արտակարգ դրության հայտարարմամբ սահմանափակվել են անձանց ազատ տեղարշարժի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ինչը էական խոչընդոտ է հանդիսանում դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում: Եվ մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություն՝ իրենց հայտերը նորմալ ընթացակարգով դիտարկվելուց հետո լիցենզիա ստանալու համար: Այսպիսով «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետն առաջարկվում է երկարաձգել ևս չորս ամսով: Առաջարկվող փոփոխությամբ՝ լիցենզավորման պարտադիր պահանջն ուժի մեջ կմտնի ոչ թե ապիլի 15-ին, այլ օգոստոսի 15-ին:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չէին եղել:

Կառավարությունը ապրիլի 13-ի նիստում որոշել է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: