«Երկրի ներսում խուլիգանությունները պետք է պատժվեն, վարչապետը պետք է իրավապահ մարմիններին հավաքի իր ձեռքը». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթուղթն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք սա այն գի՞նն էր, որով պետք է այս պատերազմը կանգնեցվեր։

Ցավոք սրտի, այս պատերազմը նման չէր նախկիններին՝ հակառակորդը մեկը չէր։ Երկրորդ՝ մենք այս պատերազմ մտանք երկու տարվա ընթացքում մաքսիմալ հնարավորն անելու ընկալումով։ Այլ բան է՝ արեցինք, թե չարեցինք, բայց այդ ընկալումը կար գոնե ռազմական մասով, հասարակությանը նախապատրաստելու մասով։ Ի վերջո մենք տեսանք, որ մարդիկ ուղղակի հազարներով կամավորագրվում էին և հերոսաբար մարտնչում։

Ավելի շատ մենք ամեն ինչ վերաիմաստավորելու խնդիր ունենք՝ առաջ նայելով։ Մենք հիմա ապրում ենք միանգամայն այլ տարածաշրջանում, Արցախում ռուս խաղաղապահներ են, ռուսական զորքն այլևս իրողություն է։ Ընդ որում, այդ իրողությունն առկա է ընդհանրապես չբանակցված կարգավիճակի պարագայում։

Եվ ամենաառաջինը, ինչին պետք է ուշադրություն սևեռենք։ Նախևառաջ չպետք է մեղադրել։ Այո՛, շատ ցավալի են այժմ տեղի ունեցող զարգացումները, այո՛, ողբերգության արձանագրում է, բայց կյանքը շարունակվում է և պետք է շարունակվի՝ նոր իրողությունների պայմաններում։

Մեզ օդ ու ջրի պես պետք է կայուն պետություն, ամուր ողնաշարով պետություն, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել մարտահրավերներին և օգտվել հնարավորություններից։

Առանց ամուր ողնաշար ունեցող պետության մենք չենք կարողանալու թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Եվ ես ողջունում եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնելու գաղափարը։ Ես կարծում եմ՝ հիմա պետք է կրքերը հանդարտեցնել։

Մենք պետք է հիմա աշխատենք, բուժենք մեր երկրի վերքերը, ուղղենք մեր մեջքը, սառեցնենք մեր ուղեղները և ջերմացնենք մեր սրտերը միմյանց նկատմամբ։

– Վարչապետն այսօր անդրադարձավ այն հարցին, թե կարելի՞ էր արդյոք ավելի շուտ կանգնեցնել այս պատերազմն ու խուսափել այսքան մարդկային կորուստներից։ Նա ասում է՝ հույս կար, որ կարող էինք հաղթել, այդ պատճառով պատերազմը վաղ փուլում չկանգնեցվեց։

– Այսինքն՝ վարչապետն ասում է՝ մենք կարող էինք սրանից խուսափել, եթե առանց պատերազմի համաձայնվեինք տարածքներ զիջել։

Դե հիմա դուք ասեք՝ մենք պատրա՞ստ էինք համաձայնվել առանց որևէ բանի։ Ես չեմ կարծում։ Երկրորդ՝ այս պատերազմը անսպասելի չէր մեզ համար։

Սա խոսում է այն մասին, որ, այո՛, մենք պատրաստվում էինք այս պատերազմին։ Այլ բան էր ահաբեկիչների մասնակցությունը, Թուրքիայի լիակատար միջամտությունը, շատ միջազգային սուբյեկտների անհասկանալի պահվածքը։

Սրան գումարվում է այն ժամանակահատվածը, որն ընտրվեց պատերազմի համար, երբ ԱՄՆ-ում է իշխանության փոխանցման գործընթաց է, Եվրամիությունում են խնդիրներ։ Եվ այս ամենը հանրագումարով բերեց այս իրավիճակին։

Որոշ քաղաքական ուժեր դեմ են դուրս եկել իշխանության այս քայլին, 17 քաղաքական ուժեր հայտարարել են հանրահավաք անելու մասին։ Ի՞նչ զարգացումներ են քաղաքական դաշտում։

– Վարչապետը փորձում է ինչ-որ բաներ բացատրել, ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան այդքան էլ լավ չի ստացվում։ Ինչ վերաբերում է այդ ուժերի պահվածքին՝ իրենք ի՞նչ են ուզում։

– Նաև վարչապետի հրաժարականն են պահանջում։ 

– Լավ, հրաժարվեց, ի՞նչ են անելու։ Նրանք ուզում են, որ այդ ստորագրությունը չեղարկվի՞, ի՞նչ են անելու, ռուսներին պատերազմ են հայտարարելու և վռնդե՞ն Ղարաբաղից։

Ես հավատում եմ մեր հասարակության բանականությանը, որն ընդունակ է զանազանելու թացն ու չորը։ Ես էլի եմ ասում՝ այսօր թևքերը քշտելու ու աշխատելու ժամանակն է, երկիրը պետք է բուժի իր վերքերը։

Իհարկե վարչապետը պետք է նաև գործողությունների ծրագիր ներկայացնի, թե մենք ինչ ենք անելու այս նոր իրողությունների պայմաններում։

Ես կարծում եմ՝ հիմա պետք են քննարկումներ, թե մենք ինչպես ենք վերակազմավորելու մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններն այս նոր իրողությունների պայմաններում։

Երկու նպատակով՝ որպեսզի կարողանանք դիմագրավել հնարավոր մարտահրավերներին, և օգտվել հնարավորություններից, որոնք կարող են լինել։ Բայց այս ամենի գրավականը մեր պետության ամուր ողնաշարն է։

Երկրի ներսում խուլիգանությունները պետք է պատժվեն։ Այո՛, վարչապետը պետք է առաջին հերթին իրավապահ մարմիններին իր ձեռքը հավաքի և երկրում կարգ ու կանոնը վերականգնի։

Երկրորդ՝ այո՛, մամուլը պետք է ծառայի այդ հասարակական իրական շահին, այլ ոչ թե կրքեր բորբոքի։ Մենք պետք է ծառայենք մեր պետությանն ու հասարակությանը, ոչ թե անձերին։ Այս երկիրը մեր հայրենիքն է։

Այո՛, նոր իրողություններ են, մենք պետք է ապրենք այս նոր իրողություններում, աշխատենք այս նոր իրողություններում և պետք է իրար հետ առաջ շարժվենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am