Նիկոլ Փաշինյանը հորդորում է այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ պահպանել սահմանափակումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հորդորում է այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ պահպանել սահմանափակումները, որ կառավարությունը լավ ցուցանիշների դեպքում կարողանա սահմանափակումների թուլացման մարտավորություն որդեգրել հաջորդ երկուշաբթի օրվանից: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին նշեց իր ֆեյսբուքի ուղիղ եթերում:

Վարչապետը նաև նկատեց, որ ներկայիս ցուցանիշները կառավարությանը հուշում են, որ հնարավոր է՝ սահմանափակումների քաղաքականությունն արդյունավետ է: «Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ և լրջությամբ պահել սահմանափակումները, որպեսզի մենք կարողանանք երկուշաբթի օրվանից սկսել ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման բանի հնարավորություն տա»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ առկա է 1400 մահճակալ՝ նախատեսված կորոնավիրուսով վարակված պացիենտների համար, սակայն այս պահի դրությամբ փաստորեն դրանց կեսն է միայն զբաղված, ինչը նշանակում է, որ շատ լարված վիճակ չէ: Վարչապետը նաև նկատեց, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին: