Բանակցություններին չներկայանալով Ադրբեջանը փաստեց՝ չեն ուզում խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրն ու դուրս գալ ՀՀ-ի տարածքներից. ադրբեջանագետ

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ադրբեջանական կողմը չի ներկայացել հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցություններին, որն այսօր էր նախատեսված: Ինչո՞ւ է Ադրբեջանը նման գործելաոճ որդեգրել, ո՞րն է նպատակը:

– Նման գործելաոճը Ադրբեջանին բնորոշ է: Ակնհայտ է, որ նրանք չեն ուզում խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորել ու դուրս գալ ՀՀ-ի այն հատվածներից, որոնք փաստացի զավթել են: Քանի որ Հայաստանի համար անընդունելի է այս իրավիճակը, ստացվում է, որ Ադրբեջանի քայլերով իրավիճակը գնում է էսկալյացիայի:

– Ստացվում է, որ Ադրբեջանն անում է այն, ինչ ցանկանում է՝ անտեսելով ՀԱՊԿ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից հնչող հայտարարությունները: Ադրբեջանի նման պահվածքը ինչի՞ կարող է հանգեցնել, տարածաշրջանային ի՞նչ զարգացումներ սպասել:

– Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից հասցեական, հստակ կոչեր ու պարտադրանք են հնչել, հետևաբար Ադրբեջանը իրեն կարող է թույլ տալ ձգձգել կամ փորձել հիմնավորվել ՀՀ տարածքներում: 

Կան իրավիճակը հանդարտեցնելու ինչ-որ երկկողմանի կոչեր, բայց իրավիճակը լարողն ադրբեջանական կողմն է, իրենք են մտել ՀՀ սուվերեն տարածք, հետևաբար խնդիրը չի կարող դիտարկվել երկու կողմերին ուղղված կոչերի մակարդակում: 

Պետք է լինեն հասցեական ու հստակ հայտարարություններ, ճնշումներ ադրբեջանական կողմի վրա, քանի դեռ դրանք չկան, իսկ դրանք մինչ օրս եղել են միայն Ֆրանսիայի կողմից, Ադրբեջանը կշարունակի իր գործելաոճը:

– Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ ինչո՞վ եք բացատրում նշված երկրների նման քաղաքականությունը, Ադրբեջանի հետ որոշակի շահերի ընդհանրությա՞մբ:

– Խնդիրը չեմ դիտարկում փոխադարձ շահերի կամ ինչ-որ պայմանավորվածությունների շրջանակում, այլ այն շրջանակում, որ, մասնավորապես, ՌԴ-ի դեպքում նրանք ցանկություն չունեն իրավիճակի էսկալյացիայի, նրանք փորձում են ամեն գնով պահպանել փխրուն կայունությունը, որը ձևավորվել է պատերազմից հետո: 

ՌԴ-ի քայլերն ու հայտարարությունները դա են ցույց տալիս, և նրանք ամեն գնով փորձում են խուսափել կտրուկ գործողություններից, բայց իրենք չեն կարող դրանից հավերժ խուսափել, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը ցույց է տալիս, որ իրենք դիմելու են սադրանքների, իսկ ՀՀ-ն չի կարող և իրավունք չունի զիջել այս կարգավիճակում, որովհետև այստեղ խնդիրը չի վերաբերում զավթած բարձունքների կարևորությանը, այլ նրան, որ ՀՀ-ի ցանկացած մետր, անկախ կարևորությունից, մերն է, և դրանց պաշտպանությունը մեր ինքնիշխանության ցուցիչն է: 

Երկրորդ՝ սա նախադեպային կդառնա Ադրբեջանի համար վաղն էլ մեկ այլ տարածք զավթելու, եթե տեսնում են, որ դրա համար իրենց ոչինչ չի սպառնում: Ելնելով սրանից՝ ՀՀ-ն պարտադրված է լինելու, եթե բանակցությունների միջոցով խնդիրը չլուծվի՝ ուժային ճանապարհով կարգավորել այս խնդիրը, անկախ հետագա զարգացումներից, որովհետև ցանկացած հետագա զարգացում ավելի վատը չի լինելու, քան այս իրավիճակի ամրագրմանը հաջորդող զարգացումները, ինչի մասին արդեն խոսեցի: 

Հետևաբար, Ռուսաստանում պետք է այս իրավիճակը տրամաբանորեն հաշվի առնեն: Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից անընդհատ հնչում են դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ կոչեր, բայց չի կարող խնդիրը տեղափոխվել այդ հարթություն, առանց առկա շատ լուրջ խնդիրների լուծման, որոնցից մեկն այսօր Ադրբեջանի կողմից մի քանի ուղղություններով ՀՀ-ի սուվերեն տարածք ներխուժումն է ու որոշ հատվածների զավթումը:

– ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չճամփորդել Հայաստան, Արցախ, զգուշանալ Ադրբեջան-Հայաստան սահմանային ճանապարհներից: Համացանցում արդեն լայնորեն քննարկվում է, որ նման հայտարարություն ԱՄՆ դեսպանատունը տարածեց 2020 թվականի սեպտեմբերի 26-ից երկու օր առաջ, որին հաջորդեց պատերազմը: Հիմնավո՞ր են այս քննարկումները, Ադրբեջանը կրկին կձեռնարկի՞ լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

-Չեմ կարծում, թե այն իրավիճակն է, որ կարելի է այդ մասին միանշանակ հայտարարություններ անել, բայց պետք է հասկանանք, որ ոչինչ բացառել չի կարելի և անթույլատրելի է: Բայց միանշանակ պնդել, որ այդ հայտարարությունը վերաբերում է հենց նրան, որ իրենք կանխատեսում են կամ ունեն տվյալներ լայնամասշտաբ պատերազմի վերաբերյալ, ինչպես անցած տարվա ադրբեջանական ագրեսիայի դեպքում էր, հարյուր տոկոս չէ, բավականին բարդ է, որովհետև նրանք ճիշտ նույն կերպ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ: 

Անկախ դրանից, իրավիճակը վերլուծելով պարզ է դառնում, որ, այո՛, եթե նման կերպ շարունակվի, ապա չի կարելի ցանկացած սցենար բացառել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am