Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը վստահ է, որ Եվրոպան կարող է ավելի խորը ներգրավված լինել Հայաստանին աջակցություն տրամադրելու գործում:
«Արմենպրես»–ի հարցին ի պատասխան այս մասին Լանդսբերգիսն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Իրապես, Լիտվան հանդիսացել է Արևելյան գործընկերության մեծ աջակիցներից մեկը: Ես ամբողջությամբ ողջունում եմ այն փաստը, որ վերջերս ուժի մեջ մտած ընդլայնված համաձայնագիրը հստակ հարթակ է ստեղծում հետագա համագործակցության համար, բայց վստահ եմ` ավելի շատ կարելի է անել, և Եվրոպան կարող է ավելի խորը ներգրավված լինել Հայաստանին աջակցություն տրամադրելու գործում, մասնավորապես հիմա` այս ծանր պահին»,- ասաց նախարարը:
Լանդսբերգիսը նշեց, որ, չնայած նրան, որ իրավիճակը Հայաստանում շատ ավելի բարդ է, քան ԱլԳ կամ ասոցացված այլ երկրներում, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան ընդառաջ չի գնա Հայաստանին:
«Լիտվան այստեղ է ոչ միայն ազգային մակարդակով, այլև որպես եվրոպական երկիր»,- եզրափակեց ԱԳ նախարարը:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: