ԶԼՄ – իշխանություն պատնեշը քանդվում է. ԽԱՊԿ նոր ֆիլմը

ԶԼՄ – իշխանություն պատնեշը քանդվում է. ԽԱՊԿ նոր ֆիլմը
ԶԼՄ – իշխանություն պատնեշը քանդվում է. ԽԱՊԿ նոր ֆիլմը

Նոր իշխանությունների գալով՝ լրագրողների մուտքը Երևանի քաղաքապետարան առավել դյուրին դարձավ. հավատարմագրում այլևս չպահանջվեց: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ներկայացնում է, թե ինչպես պետք է փոխվեն լրագրողների աշխատանքային պայմանները. «Մտադիր ենք մասամբ քանդել ավագանու նիստերի դահլիճի ու նախասրահի միջև եղած պատը, որի արդյունքում լրագրողները կկարողանանանմիջականորեն հետևել նիստերին, և միաժամանակ աշխատանքային պայմանները բարելավվեն»։

Ավագանու նախկին անդամ, այժմ՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հիշում է, թե ինչպես կոյուղաջրերի նմուշները քաղաքապետարան բերելու հայտնի պատմությունից հետո լրագրողների համար փակվեց նիստերի դահլիճի դուռը։ «Նախորդ իշխանության ժամանակ ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ, և դրանք ամրագրվեցին օրենքով, որպեսզի խուսափեն ֆորսմաժորային իրավիճակներում իշխանությանը ոչ հաճո դեպքերի լուսաբանումից»։

Հետհեղափոխական շրջանում խնդրով մտահոգ լրագրողական կազմակերպությունների հետ համատեղ քննարկումներից հետո քաղաքապետարանի պաշտոնյաները եկան ընդհանուր հայտարարի մամուլի հետ շփումների հարցում. պատը կքանդվի, և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ։ Կարևոր էր, որնաև օրենսդրական փոփոխություններ իրականացվեին և նախորդ իշխանությունների օրոք կիրառված սահմանափակումները վերացվեին։ Եվ ահա, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններիփաթեթը ԽԱՊԿ-ը ներկայացրեց ԱԺ 3 խմբակցություններին, շրջանառության մեջ դրեց «Լուսավոր Հայաստանը», և հունիսի 4-ին օրենքում առաջարկվող փոփոխություններն Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ։

ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար սահմանափակումները վերացվեցին նաև«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում մայիսի 8-ին կատարված փոփոխություններով։ Ըստ այդմ՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նիստերը կանցկացվեն դռնբաց, բացի գաղտնիք պարունակող հարցերից, և առավել մատչելի կլինեն լուսաբանման համար։

Փոխարենը բարդություններ առաջացան «Գնումների մասին» օրենքը բարեփոխելու գործընթացում։Մասնավորապես, ԽԱՊԿ-ն առաջարկում էր վերացնել ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ու ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատության սահմանափակումները, որոնք մտցրել էին նախորդ իշխանությունները։

Կառավարության նիստում տեղի ունեցած քննարկումներից պարզ դարձավ, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը գործադիրը չի դիտարկում տեղեկատվության ստացման իրավունքի իրացման տեսանկյունից, այլ միայն անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսնում։ Հիշենք, թե ինչպես մայիսի 2-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն արձագանքեցփոփոխությունների առաջարկին. «Այսինքն՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող ա ուղեկցում, նրանցից ով ա լավ կրակում, ամենավատը ով ա կրակում, և կից խորհրդատվություն, թե ոնց ա ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»։

«Լուսավոր Հայաստանը» չգիտի՝ օրենսդրական փոփոխությունները վարչապետին խեղաթյուրվա՞ծէին ներկայացվել, թե՞ այդ ամենն արվեց միտումնավոր։ Ամեն դեպքում, ավելի ուշ՝ մայիսի 8-ի ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը ներողություն խնդրեց խմբակցությունից. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում, և բոլոր նրանք, ովքեր այսպես են ընկալել իմ հայտարարությունը՝ սխալ են ընկալել, եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ապա ես ներողություն եմ խնդրում»: Այսուամենայնիվ, ինչպես նշում է Անի Սամսոնյանը, «դրանից հետո նույնիսկ իշխող մեծամասնությունն ու կառավարությունն ընդդիմացան ու չընդունեցին նախագիծը՝ շարունակելով նախկինների գիծը, որ այդ ծախսերը պետք է փակ մնան»։

Մտահոգությունները փարատում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ իրենք ունեն իրենց փոփոխությունների փաթեթը. «Այս պահին ես Արտակ Մանուկյանի հետ արդեն ավարտական տեսքի եմ բերել օրենքի նախագիծը, որն արտացոլում է ԽԱՊԿ-ի գաղափարը։ Վերցրել ենք միջազգային փորձը, որտեղ մասնավորապես պարտադիր չէ, որ ամբողջությամբ բացված տան այդ գնումների ցանկը, պարտադիր չէ, որ քաղաքացին իմանա, թե ներկայացուցչական ծախսերի մեջ հատկապես ինչ ապրանք է գնվել, բայց մեր խորին համոզմամբ՝ գոնե քաղաքացիները պարտավոր են իմանալ, թե այդ ծախսերն ինչքան են եղել և որն է եղել դրա նպատակը»։Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջարկների փաթեթը սեպտեմբերին արդեն կմտնի ԱԺ օրակարգ։

Քննարկումների փուլում է ԽԱՊԿ մյուս առաջարկը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին»օրենքում փոփոխությունների մասին։ Այստեղ էլ վիճարկվում է 2016-ի դեկտեմբերի 16-ին խորհրդարանի ընդունած փոփոխությունը, ըստ որի՝ անձնական տվյալներ հավաքելը և մշակելը բացառություն չի ենթադրում լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակների համար։

Անի Սամսոնյանն այս օրենքի սահմանափակումները համեմատում է «Գնումների մասին» օրենքի հետ՝ երկու դեպքում էլ խնդիրը վերաբերում է տեղեկությունների հրապարակայնացմանը, որոնք կարող են իշխանության համար ցանկալի չլինել.«Այն կարող է արժանանալ իշխանության ոչ ադեկվատ վերաբերմունքին ու արհամարհանքին հետևյալ պայմանով, որ կան տեղեկություններ, որոնք չենք ուզում հրապարակել, որովհետև մեզ կարող է վնաս հասցնել»:

«Իմ քայլ»-ը, սակայն, որևէ խնդիր չի տեսնում՝ վստահեցնում է Սիսակ Գաբրիելյանը։ Այս պահին ԽԱՊԿ առաջարկների փաթեթի շուրջ քննարկումները շարունակվում են ԱԺ և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ։

Տեղեկատվության մատչելիությունն ապահովելու առումով փոփոխությունների ու լրացումներիկարիք ունի նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝հաշվի առնելով նոր իրողությունները, տեխնոլոգիաների զարգացումը, քաղաքացու և պաշտոնյայի միջև հաղորդակցության ժամանակակից ձևերը։ Նախորդ իշխանությունների օրոք կառավարության պատրաստած նոր օրենքի նախագիծը սուր քննադատության արժանացավ քաղաքացիական հասարակության կողմից, և արդեն նոր իշխանությունների օրոք այն հանվեց շրջանառությունից։

Մինչ այս ոլորտում համակարգային փոփոխություններին անցնելը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի հրատապ առաջարկով է հանդես եկել՝ վերացնել ստորագրության պահանջը գրավոր հարցումների դեպքում. կան գերատեսչություններ, որոնք մերժում են սքանավորված ստորագրությամբ հարցումները։ ԻԱԿ ծրագրերի համակարգողԼիանա Դոյդոյանը բացատրում է փոփոխության անհրաժեշտությունը. «Էլեկտրոնային ստորագրության մասին օրենք ունենք, որտեղ ասվում է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ժամանակ պետք է լինի էլեկտրոնային ստորագրություն, իսկ շատերը դա չունեն, հավելյալ վճարով է ձեռք բերվում, սա սահմանափակում է մարդու իրավունքը»: Այս պահին հարցի շուրջ քննարկումներ են ընթանում Արդարադատության նախարարության հետ, լուրջ տարաձայնություններ չկան, և այսպիսով կարելի է մեկ քայլ առաջ գնալ՝ էլեկտրոնային միջոցներով հարցումներին արագ պատասխան ստանալու համար։

ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենքներից ամենախնդրահարույցը մնում է 29 անգամ փոփոխությունների ենթարկված ու այդպես էլ չարդիականացված՝«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը։

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը մատնանշում է ամենակարևորը՝ «Այդ փոփոխությունները չէին համապատասխանեցնում օրենսդրությունը թվայնացման գործընթացի հետ, և դա բերեց շատ լուրջ խնդիրների՝ և լիցենզավորման գործընթացի առումով, և լրատվամիջոցներին անհրաժեշտ հնարավորություններ տրամադրելու առումով, առաջին հերթին դա վերաբերում էր մարզայինհեռուստաընկերություններին»։

Հուլիսի 11-ին ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին հանձնեց համատեղ մշակած՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը։ Ինչո՞վ է պայմանավորված օրենքի ընդունման հրատապությունը։ Ըստ Բորիս Նավասարդյանի՝ «2021-ին պետք է հայտարարվեն լիցենզավորման նոր մրցույթները, և եթե օրենքը շարունակի գործել իր այսօրվա տեսքով, ապա դա կնշանակի, որ այս իրավիճակը հեռարձակման ոլորտում ևս 10 տարով կսառեցվի, և որևէ զարգացում չենք ունենա։ Որպեսզի խաղի պայմանները բոլորին պարզ լինեն նախօրոք, այս օրենքը պետք է ընդունվի գոնե մոտ 1 տարի սպասվող մրցույթներից առաջ, և նոր կարգավորումներով ձևավորվի հեռարձակման ազատական դաշտը»։

Այսպիսով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք նախագծում առաջարկվում է՝

հեռուստառադիոընկերությունների լիցենզավորման փոխարեն՝ հեղինակազորում կամ պարզ հաշվառում
մասնավոր մուլտիպլեքսներ հիմնելու բարենպաստ պայմաններ

մարզերում գործող մոտ 10 տեղական ՀԸ-ների ներառում թվայնացման գործընթացում
հեռուստածրագրերի «սոցփաթեթի» կիրառում

օմբուդսմանի ինստիտուտի ներդրում Հանրային հեռուստառադիոընկերությունում

սեփականության և ֆինանսավորման թափանցիկության ապահովում հեռարձակման ոլորտում:

Փաստաթուղթը կքննարկվի հեռարձակման ոլորտին առնչվող պետական մարմինների, ԶԼՄ-ների, ինչպես նաև՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների, առանձին փորձագետների հետ։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ