Ուկրաինական «SkyUp» ընկերության չարտերային թռիչքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Կիևից կտեղափոխվեն Երևան

«Արմենպրես» – Ուկրաինայի հայերի միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ուկրաինական «SkyUp» ավիաընկերության հետ՝ ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

«Չարտերային թռիչքի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը»,- նշում են դեսպանությունից։

Ինքնաթիռում առկա է 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի, Հայաստան վերադառնալ ցանկացողները պետք է շտապ հաշվառվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։

«Թռիչքը կատարվելու է «Բորիսպոլ» օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2 ժամ առաջ»,- հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։