«Արցախի շրջափակումն այսօր չէր կարող իրականություն դառնալ, եթե միջազգային խաղաղարար ուժեր լինեին Արցախում». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 

– Պարո՛ն Ղուկասյան, Երևանում Ֆրանսիայի ԱԺ նախագահի հայտարարությունը, որ «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք», երեկվանից բուռն քննարկվում է, ու փորձագիտական, քաղաքական դաշտի այսպես կոչված ռուսական կողմնորոշում ունեցող անձինք սկսեցին խոսել այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր կոչ էին անում Հայաստանին համագործակցել Արևմուտքի հետ, ըստ էության ապակողմնորոշել ու շփոթեցրել են հանրությանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունները, մեղադրանքները, որոնք անուղղակիորեն ուղղված են նաև Ձեզ:

– Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը, որի մասին դուք խոսում եք, վեց շաբաթ առաջ կողմ է քվեարկել խորհրդարանի այն բանաձևին, որով ԱԺ-ն դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ առաջարկով՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և պատժամիջոցներ սահմանել Իլհամ Ալիևի նկատմամբ: 

Ինչո՞ւ են այդ խոսքերն այդպես մեկնաբանվում, որովհետև դա չի ասել, ինչպես դուք եք ներկայացնում. Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը լրիվ այլ բան է ասել, բայց քարոզչությամբ զբաղված մարդիկ հղում են անում այդ խոսքին, որ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի Հանրապետությունը, կարծես թե դա նորություն է, բայց դա նորություն չէ: 

Երեսուն տարի է՝ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի Հանրապետությունը: Ես մեկնաբանել ու բացատրել եմ հայ ժողովրդին, թե ինչու են Ֆրանսիայի խորհրդարանն ու Սենատը ընդունել բանաձևերը, որոնցով կառավարությանը դիմում են Արցախի Հանրապետությունը ճանաչելու առաջարկով: Ինձ ընդդիմադիր բանախոսները, որոնք կողմ են թեզին, որ հայ ժողովուրդը չունի օժանդակություն, այդ խոսքը վերաձևակերպում են իրենց ուզած ձևով: Ես երբեք չեմ պնդել, որ Ֆրանսիան ճանաչել է Արցախի Հանրապետությունը, բայց Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը դիմել են կառավարությանը նման առաջարկով, դա փաստ է: 

– Նկատի ունեք, որ մանիպուլացնո՞ւմ են Ֆրանսիայի ԱԺ նախագահի միտքը:

– Ֆրանսիայի ԱԺ նախագահը, ըստ իմ լսած թարգմանության, ասել է հետևյալը. «Ֆրանսիան չի ճանաչում Արցախի Հանրապետությունը, Ֆրանսիան կողմ է, որ Արցախի կարգավիճակը որոշվի տարբեր ժողովուրդների կարծիքի հիման վրա, առաջին հերթին հակամարտության մասնակիցների», սա՞ չէր նրա խոսքը: Այսինքն՝ ինչի՞ն է կողմ Ֆրանսիան, նրան, որ Արցախի կարգավիճակը որոշվի հայերի մասնակցությամբ, նրանց ինքնորոշմամբ, ու եթե գործընթացն Արցախի շուրջ շեղվի այդ միջազգային իրավունքի կանոնից, ինչը ևս շեշտեց իր խոսքում, ապա պարզ է, որ Ֆրանսիան ունի իր հակադարձ քայլը, որը ներկայացված է Ազգային ժողովի, Սենատի բանաձևերում: 

Սա է քաղաքական բացատրությունը՝ ինչու է ԱԺ նախագահը մի կողմից քվեարկում Արցախի Հանրապետության ճանաչման համար, մյուս կողմից՝ Հայաստանում պատասխանում հետևյալ հարցին, թե ի՞նչ կարգավիճակ կցանկանար Ֆրանսիան տեսնել ԼՂ-ի համար: Մարդը պատասխանեց, որ կարգավիճակը դուք պետք է որոշեք, մենք ցանկանում ենք, որ այդ որոշումը կատարվի միջազգային իրավունքի պահպանմամբ ու հակամարտության կողմերի ժողովուրդների կամարտահայտությամբ: Սա էր պատասխանը: Իսկ մարդիկ, որոնք, ինչպես դուք ասացիք, իմ տեսակետի ընդդիմախոսներն են, ի՞նչ են քարոզում:

– Շարունակել համագործակցությունը ռուսական կողմի հետ, որովհետև նա տարածաշրջանում ունի ներկայացվածություն գրեթե բոլոր ոլորտներում, ունի թուրք-ադրբեջանական տանդեմին զսպելու իրական լծակներ՝ ի տարբերություն Արևմուտքի: Ընդհանուր առմամբ այս:

– Շատ լավ, ընդունենք այդ տեսակետը, բայց հարցը հետևյալն է. Իլհամ Ալիևն այսօր ասում է՝ մենք ցեղասպանելու ենք հայերին Արցախում: Հիմա մարդիկ, որոնք գտնում են, որ Հայաստանն այլընտրանք չունի ու պետք է հավատարիմ մնա Ռուսաստանի հետ իր պայմանավորվածություններին կամ համագործակցությանը, վաղն ի՞նչ են պատասխանելու: Մենք տեսնում ենք, չէ՞, որ Ռուսաստանը չի ասում՝ ինչու է այսպես, չի դատապարտում Ալիևին՝ Հայաստանի վրա հարձակումների համար, Ղարաբաղի վրա հարձակումների համար: 

Ցանկացած մարդ այսօր պետք է շատ հստակ պատասխանի՝ ինքը կո՞ղմ է արցախահայության տեղահանմանը, կո՞ղմ է հայերի ցեղասպանության շարունակմանը: Բոլոր նրանք, ովքեր կողմ են այդ ամենին, բերում են իրենց փաստարկները, որ սա անխուսափելի էր, սա հներն են արել, Ռուսաստանը կամ Արևմուտքն է մեղավոր: 

Ես դեմ եմ հայերի ցեղասպանությանը ու ողջունում եմ միջազգային հանրության ցանկացած քայլ, որն ամրապնդում է Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի պետություն ունենալու իրավունքը:

Ես ապրում եմ Հայաստանում ու չեմ ուզում, որ Հայաստանը վաղը դառնա ցեղասպանության զոհ, իսկ պատվեր կատարող մարդիկ, որոնց համար խնդիրը Ռուսաստանի, Արևմուտքի կամ Թուրքիայի օգտին քարոզներ անելն է, պարզապես աշխատանք են կատարում փողի դիմաց, ու իրենց համար միևնույն է, թե Հայաստանի հետ վաղն ինչ է լինելու, իրենք չունեն Հայաստանում ապրելու այդ խնդիրը, իրենք ունեն այսօր փող աշխատելու խնդիր: Դրա համար էլ վարչապետից սկսած մեր ժողովրդին նախապատրաստում են ցեղասպանության:

– Այսինքն՝ ՀՀ գործող իշխանությո՞ւնն էլ է պատվեր կատարում, ինչպես ասում եք, պարո՛ն Ղուկասյան:

– Երբ իշխանությունն ասում է, թե ամբողջ աշխարհը Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում, ի՞նչ նպատակ է հետապնդում՝ նախապատրաստել հանրությանը, որ վաղը Արցախից հայերի տեղահանման բացատրությունն ունենա՝ պատասխանատու ու մեղավոր է ամբողջ աշխարհը: Նման կեղծ պնդումների միակ նպատակը սա է, ախր ամեն բան այնքան պարզ է: 

Հայաստանում այսօր իրականացվում է երեք քարոզչություն՝ Հայաստանի պետության, Թուրքիայի պետության ու Ռուսաստանի քարոզչությունը, որոնք նախապատրաստում են հայ ժողովրդին Արցախից հայերի տեղահանման ծրագրի իրականացմանը: Բայց այդ տեղահանումը չի ավարտվի միայն Արցախով, որովհետև Իլհամ Ալիևն ասել է, որ ոնց ուզենա, այնպես էլ կգծի սահմանը, ու հիմա Նիկոլ Փաշինյանի խնդիրն է հասկանալ, թե մինչև որտեղ է տեղահանելու Ադրբեջանը հայերին: 

Ի դեպ, Ալիևի այդ հայտարարությանը ոչ ոք չի պատասխանել, ամբողջ քարոզչական մեքենան զբաղված է նրանով, որ տարածի Ֆրանսիայի ԱԺ նախագահի խոսքը, թե Ֆրանսիան չի ճանաչում Արցախը, կարևորը դա է: 

– Ստացվում է, որ մեր ապագայի հեռանկարը ցեղասպանվե՞լն է:

– Ադրբեջանն ունի նման որոշում, Ռուսաստանն օժանդակում է այդ որոշմանը, Թուրքիան, բնականաբար, օժանդակում է այդ որոշման իրականացման հարցում: Սա է իրավիճակը, իսկ մենք պատրա՞ստ ենք դիմադրելու, թե՞ պետք է ենթարկվենք: 

Բանավեճն իմ և իմ ընդդիմախոսների միջև հետևյալն է. ես ասում եմ, որ հայ ժողովուրդը պետք է դիմադրի իր նկատմամբ ծրագրված, ցեղասպանության որոշման իրականացմանը, ու մենք միայնակ չենք այդ պայքարում, մենք ունենք դաշնակիցներ, ամբողջ աշխարհն այդ պայքարում մեզ կաջակցի: 

Ընդդիմախոսներն ասում են՝ ոչ մի իմաստ չունի պայքարել, մենք դաշնակից չունենք, ոչ մեկը մեզ չի օգնի, մեզ պետք է կոտորեն: Սա՞ չէ գործող իշխանության ու այն քաղաքական ուժերի գաղափարախոսությունը, որոնք ուրախացել էին Ֆրանսիայի ԱԺ նախագահի այդ ելույթից: Մենք կա՛մ պետք է դիմադրենք ու փրկվենք, կա՛մ պետք է նախապատրաստվենք այդ ցեղասպանությանը: Սա է իրողությունը, որի մեջ մենք ապրում ենք, ու չպետք է մարդկանց խաբել, թե մենք կարող ենք ադրբեջանցիների ու թուրքերի հետ բանակցել, ու իրենք մեզ ասեն՝ լավ, Երևանում դուք կարող եք ապրել, մնացածը տվեք մեզ:

– Ու այդ դաշնակիցը Արևմո՞ւտքն է, ըստ ձեզ:

– Ռուսաստանի մեջ դուք դաշնակից տեսնո՞ւմ եք, ես չեմ տեսնում: Արցախի շրջափակումն այսօր չէր կարող իրականություն դառնալ, եթե միջազգային խաղաղարար ուժեր լինեին Արցախում: 120 հազար մարդու հումանիտար աղետի մեջ գտնվելու համար Ռուսաստանը պատասխանատվություն կրո՞ւմ է, ո՛չ, Մարիա Զախարովան ասում է՝ ՀՀ ղեկավարությունն է մեղավոր, որ Արցախը շրջափակված է, կամ էլ ասում են՝ ընդհանրապես շրջափակված չէ: 

Ռուսաստանի համախոհները թող մեկ հարցի պատասխանեն՝ իրենք կո՞ղմ են հայերի տեղահանմանը, թող սրան պատասխանեն, իսկ մնացած բոլոր հարցերն էական չեն: Գլխավոր հարցն այսօր, որի պատասխանով էլ մեր հասարակությունը պետք է բաժանվի, հետևյալն է. ո՞վ է կողմ, որ ցեղասպանությունը շարունակվի: 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am