Անցյալը` ներկա, հետ ու առաջ քայլերով, բարեւներով, ժողովրդի սրտից. PR մասնագետը վերլուծում է թեկնածուների քարոզարշավը

Անցյալը` ներկա,  հետ ու առաջ քայլերով, բարեւներով, ժողովրդի սրտից. PR մասնագետը վերլուծում է թեկնածուների քարոզարշավը
Անցյալը` ներկա, հետ ու առաջ քայլերով, բարեւներով, ժողովրդի սրտից. PR մասնագետը վերլուծում է թեկնածուների քարոզարշավը

Հայաստանի նախագահի թեկնածուների ծրագրերն ու քարոզչությունը մեծամասամբ հասկանալի չեն հասարակ ժողովրդի համար:
Այս կարծիքին է «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը, ով այս փուլում մանրամասն վերլուծել է նախագահի թեկնածուների ծրագրերը, քարոզչությունն ու եզրակացրել՝ ժողովրդի սրտից է խոսում միայն էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Սասունցի Դավթի մասին նրա նախընտրական կարճ հոլովակը ստանդարտներից դուրս է, բայց, ըստ մասնագետի, ազդելու է մարդկանց ենթագիտակցության վրա:

«Գիտակցաբար շատերը կարող են նայել ու ասել՝ հա ի՞նչ, սիրուն նկարներ էին էպոսից, ազգային երաժշտություն, իբր ի՞նչ: Բայց դա աշխատելու է միանշանակ մարդկանց ենթագիտակցության վրա: Ի տարբերություն բոլոր թեկնածուների, ինքը նոր է դաշտ մտել, բայց արդեն բավականին լայն ճամաչում ունի»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Կիրակոսյանը:

Նա նկատում է՝ երբ որ էպոսագետը համեմատություններ է անում էպոսի հետ, ասում է, որ Սասունցի Դավիթը կառուցել էր մի երկիր, որտեղ ժողովուրդը հարկ չէր մուծում, սա ընկալելի է ժողովրդի կողմից:

Հայկ Կիրակոսյանի խոսքով՝ աշխարհի լավագույն առաջնորդները մարդկանց հետ խոսում են առակների, լեգենդների, հեքիաթների միջոցով:

Ըստ նրա, դա ամենապարզ մեթոդն է մարդկանց հասկացնելու ասելիքը:

«Տնտեսագիտական ու քաղաքական բարդ տերմինները միայն մասնագիտական օղակներին են ուղղված: Իսկ ընտրողը ոչ թե պրոֆեսոր է, այլ ժողովուրդը: Ժողովուրդը պետք է հասկանա թեկնածուի լեզուն»,- ասում է Կիրակոսյանը:

Նա կարծում է, որ Վարդան Սեդրակյանն էպոսը PR նպատակով չի օգտագործում, դա նրա գաղափարախոսությունն է:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է հասարակությունը հեգնանքով վերաբերվում Վարդան Սեդրակյանին, PR մասնագետը նշեց, որ վերջին օրերին, երբ Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարած անձանց անունը կապվեց Վարդան Սեդրակյանի հետ, նրան ծաղրով վերաբերվելու բոլոր պատճառները զրոյացված են:

«Պարույր Հայրիկյանի մահափորձը Վարդան Սեդրակյանի վրա բարդելու փորձերն ապացուցում են, որ գործ ունենք թեկնածուի հետ, որն իշխանությունների կողմից չի առաջադրված: Իշխանությունները խառնվում են իրար միայն այն դեպքում, երբ ամեն ինչ իրենց վերահսկողությունից դուրս է գալիս: Սա այդ դեպքն է: Իսկ ծաղրողը ծաղրում է ոչ գիտակցաբար: Լուրջ կլիներ, եթե նրան ծաղրեին իշխանությունները: Բայց իշխանական լրատվամիջոցները հիմնականում խուսափում են Սեդրակյանին լուսաբանելուց կամ քննադատում են»,- ասաց PR մասնագետը:

Անդրադառնալով մյուս թեկնածուների նախընտրական քարոզչությանը՝ Հայկ Կիրակոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն իր քարոզչության հիմքում շեշտը դրել է իր անցյալի վրա, ներկայացնում է դրվագներ ռազմական գործողություններից: Դրանով, մասնագետի խոսքով, շեշտադրվում է այն բացը, որն ունենք ներկայում:

«Սովորաբար PR-ում անցյալը շեշտում են, երբ որ ներկայի հետ կապված ասելիք չունեն: Ցավալիորեն նախագահի մոտ բացակայում են նախընտրական ծրագրերը, և դրա փոխարեն մենք ականատես ենք լինում խոստումների: Դրանք ոչ թե ծրագրեր են, թե ինչպես է լինելու, այլ խոստումներ են, որտեղ «ինչպես» կոմպոնենտը բացակայում է: Իսկ մենք արդեն տեսել ենք, թե նախորդ խոստումներն ինչ արդյունք տվեցին»,- ասաց նա:

Հայկ Կիրակոսյանը Սերժ Սարգսյանի նախընտրական արշավը գնահատում է բավականին ցածր արդյունավետությամբ և ասում, որ ժողովրդին հեշտ չէ խոտումներով խաբելը, հատկապես երբ մարդիկ արդեն տեսել են, թե ինչպես են կատարվել այդ խոստումները:

PR մասնագետի գնահատմամբ՝ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակները որակյալ են, քանի որ դրանց վրա աշխատել են պրոֆեսիոնալներ:

«Այդ ֆինանսական միջոցներով, ինձ թվում է, բոլորն էլ կարող են լավ հոլովակներ պատվիրել առաջատար ընկերություններին»,- ասում է մասնագետը:

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին Հայկ Կիրակոսյանը նմանեցնում է լավ փաթեթավորված, բայց դատարկ միջուկով տուփի:

Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա խոսքով, կիրառում է ամերիկյան քարոզչության մոդելը: Դա բավական չէ, նրա «Հինգ քայլ» ծրագիրն էլ, ըստ մասնագետի, շատ նման է Հրանտ Բագրատյանի «Հարյուր քայլ» ծրագրին:

«Դա կարծես մեկը մեկից առաջ ընկնելու կամ միմյանց հետ մրցելու մոտեցում լինի: Ազնիվ չէ այդ մարդու «Հարյուր քայլը» վերցնել ու հանրությանը ցույց տալ, թե՝ տեսեք, այժմ կախարդական փայտիկի միջոցով հինգ քայլով դա կանեմ»,- ասաց նա:

Հայկ Կիրակոսյանի խոսքով՝ պոպուլիստական են հնչում Րաֆֆի Հովհաննիսյանի այն կարգի հայտարարությունները, թե՝ «գոտիներս ամուր կկապանեք, փող կհավաքվի»: Պոպուլիստական է նաև նրա՝ մարդկանց մեկ առ մեկ մոտենալու ու բարևելու ոճը:

«Դա ակնհայտ է, որ կիրառվում են ամերիկյան PR մոդելներ, չեմ զարմանա, որ իր թիմում ներգրավված լինեն նաև ամերիկացի PR մասնագետներ: Դեսպանատներում PR փաթեթներ կան, որոնք տրամադրում են իրենց նախընտրած քաղաքական գործչին: Ասածս բացատրվում է նրանով, որ նոյեմբերի 28-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպեց, դրանից հետո հետո հայտարարեց նախագահի թեկնածություն դնելու մասին»,- ասաց նա:

Կիրակոսյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես թանկ տեսահոլովակներ է նկարահանում, մայրաքաղաքում էլ ամենաշատը նրա գովազդային պաստառներն են փակցված:

Հայկ Կիրակոսյանը նկատում է, որ քաղաքի միայն կենտրոնական հատվածում գովազդային վահանակի ամսական վճարը 200-300 հազար դրամ է: Դա այն դեպքում, երբ քարոզարշավի սկզբում Րաֆֆի Հովհաննսյանը փող չուներ, դիմում էր ժողովրդին՝ գումար հավաքելու խնդրանքով:

«Ինձ համար համոզիչ չեն Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերը, չեն հասնում այն մարդկանց սրտին, ովքեր արտագաղթում են: «Րաֆֆին դատարկ տուփ է, որը շատ գեղեցիկ փաթեթավորված է, մեծ կարմիր ժապավեն է ամրացված վրան և դա հրամցվում է ժողովրդին: Փաթեթավորելու գումար ունեն, բայց փաթեթի մեջ դնելու ոչինչ չունեն»,- ասաց PR մասնագետը:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին, ապա, ըստ Հայկ Կիրակոսյանի, եթե անգամ նա լավ տնետեսագետ է, դա դեռ չի վկայում այն մասին, որ նա կարող է լավ նախագահ լինել:

«Ամենատարօրինակն այն է, որ էդ մարդը, լինելով ՀԱԿ-ից, չունի ՀԱԿ-ի աջակցությունը և ակնկալում է ժողովրդի աջակցությունը: Մի պարզ տրամաբանություն կա, եթե քեզ ոք կուսակցությունը չի աջակցում, ապա ինչո՞ւ պետք է քեզ աջակցի ժողովուրդը: Դա նույնն է, որ ես նախագահի թեկնածու դառնամ, իմ տնեցիներն ինձ չաջակցեն, ես ուզեմ, որ ինձ հարևաններն աջակցեն»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանի քարոզչությունը Հայկ Կիրակոսյանին տնտեսագիտության վերաբերյալ դասախոսություն է հիշեցնում: Նա նկատում է, որ Բագրատյանի մոտ իսպառ բացակայում են գաղափարական խնդիրները, բացակայում են արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումները՝ առկա խնդիրները լուծելու համար:

Մասնագետն ասում է, որ Հրանտ Բագրատյանին կարելի է վարչապետի կամ էկոնոմիկայի նախարարի պաշտոն տալ, բայց նա նախագահի կերպար չէ:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, մասնագետի խոսքով, գովելի քայլ է արել՝ անվճար եթերաժամերը տալով թեղուտցիներին, ովքեր բնապահպանական խնդիրներ են բարձրացնում: Հակառակ դեպքում, ըստ Կիրակոսյանի, նա էլ մյուս թեկնածուների նման պետք է նույն խոստումները հնչեցներ եթերով:

«Կոնկրետ Անդրիաս Ղուկասյանի արարքը կատակ չէ, ցավալի է, որ նախագահը մինչև հիմա չի այցելել նրան: Եթե ոչ որպես նախագահի թեկնածու, գոնե որպես երկրի ղեկավար կարող էր այցելել, հետաքրքվել նրա առողջական խնդիրներով»,- ասում է Կիրակոսյանը:

Նա նշում է, որ Անդրիաս Ղուկասյանի կամքի ուժը գովելի է, նա բողոքի ձայն է բարձրացնում, բայց դա նախագահ դառնալու խնդիր չի լուծում:

Հայկ Կիրակոսյանն ասում է, որ դեռևս մեկ շաբաթ առաջ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մասին գոնե մի դրական բան կարող էր ասել, բայց վերջին օրերի նրա գործողությունները մեկնաբանությունների տեղ չեն թողնում:

«Հիմա Պարույր Հայրիկյանի դիմաց կարող ենք ուղղակի գրել՝ Պարույր Հայրիկյան հավասար է Սերժ Սարգսյանի: Ինքն անկախության սիմվոլից վերածվեց անսկզբունքայնության սիմվոլի»,- ասում է մասնագետը:

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն էլ, PR մասնագետի կարծիքով, մարդ-հանելուկ է:

«Արման Մելիքյանը ոչ մի ծրագիր, ոչ մի տարբերվող քարոզչություն իր քարոզչության հիմքում չի դնում: Ամենամոխրագույն քարոզչությունն է իր մոտ, ավելի շուտ՝ սև ու սպիտակ քարոզչություն: Անհասկանալի է, թե նա ինչու է թեկնածություն դրել»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Կիրակոսյանը:

© Medialab.am