Երևանը, Ստոկհոլմն ու Օսլոն հերքում են Արամ Զ. Սարգսյանին. սկանդինավյան խաղաղապահների առաջարկ չի եղել.Fip

Հունվարի 3-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պնդել է, թե ԼՂ-ում տեղակայվելու համար սկանդինավյան երկրներից խաղաղապահների զորակազմ բերելու առաջարկ է եղել, որը Հայաստանը մերժել է։

«էն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում են, ասելով ռուս-թուրքական ուղեծրում են, էդ մարդիկ մոռանում են հիշել, որ առաջարկվել է Սկանդինավների տարբերակը (սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախումբ բերելու- խմբ․)։ Եվ էդ տարբերակը մենք ենք մերժել։ Ադրբեջանը ոչինչ չի ասել Սկանդինավների մասով», — հայտարարել է Սարգսյանը։

Իրականում, սակայն, Սարգսյանի ասածը իրականությանը չի համապատասխանում։

Սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախումբ բերելու մասին հայտարարությունն արվել է 2020-ի հոկտեմբերի 30-ին, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն առաջարկում է սկանդինավյան երկրներից խաղաղապահ առաքելություն ուղարկել հակամարտության գոտի։

«Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար»,— հայտարարել էր Օ’Բրայանը։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պաշտոնյայի այս հայտարարությունից հետո սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախմբի տեղակայման հնարավորության մասին ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ այլ երկրի պաշտոնական օղակներից  հայտարարություններ չեն եղել։ 

Այս հայտարարությունից օրեր անց PanARMENIAN.Net-ը կապվել էր Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի արտգործնախարարությունների հետ՝ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Շվեդիան և Նորվեգիան հայտնել էին, որ իրենց չեն դիմել խաղաղապահ ուժերի համար կոնտինգենտ ներկայացնելու հարցով։ Ֆինլանդիան հրաժարվել էր մեկնաբանել հարցը, իսկ Դանիան չէր արձագանքել հարցմանը։

Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի»՝ օրերս ներկայացրած հարցմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ նման առաջարկ չի եղել։

Այսպիսով, Արամ Սարգսյանի պնդումը հերքվում է․ Հայաստանը երբևէ Ղարաբաղյան հակամարտության գոտի սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախումբ տեղակայելու առաջարկ չի ստացել։ Դրա վերաբերյալ ընդամենը մեկ անգամ խոսվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացում՝ հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ 

Սևադա Ղազարյան

Fip.am