Սառը պատերազմի ուրվականի ներքո. Վաշինգտոն-Մոսկվա «ուղղակի» բանակցությունները

Սառը պատերազմի ուրվականի ներքո. Վաշինգտոն-Մոսկվա «ուղղակի» բանակցությունները
Սառը պատերազմի ուրվականի ներքո. Վաշինգտոն-Մոսկվա «ուղղակի» բանակցությունները

Դուբլինում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց. «Գոյություն ունի շարժում դեպի տարածաշրջանի խորհրդայնացում: Իհարկե, գործընթացը հենց այսպես չի կոչվում: Դրա անունը կարող է լինել «Մաքսային միություն» կամ «Եվրասիական միություն» և այլն: Մոլորության մեջ չընկնենք: Մենք գիտենք` ի´նչն է նպատակը, և մենք փորձում ենք մշակել արդյունավետ ուղիներ, թե ինչպես դանդաղեցնել կամ կանխել այս գործընթացը»։
Դիվանագիտական հարթության վրա բավական կոշտ բնույթ ունեցող այս հայտարարությունը ուղիղ Ռուսաստանի դեմ է: Օգտագործված բառերը ևս նկատի չեն ունեցել որևէ նրբանկատություն: Սևով սպիտակի վրա հստակորեն Մոսկվան ամբաստանվում է խորհրդային կայսրություն վերահաստատելու փորձ կատարելու հանցանքով: Տակավին. ամբաստանությունն ունի այլ բաժիններ: Մոսկվան մոլորության մեջ ուզում է ներքաշել շահագրգիռ կողմերին և խաբկանքի քաղաքականություն կիրարկելով` Մաքսային միություն կամ Եվրասիական միություն բառեզրերը շահարկելով, խորքում կիրառել տարածաշրջանը ռուսականացնելու քաղաքականություն: Ըստ պետքարուղարի` այս բոլորի դիմաց ԱՄՆ-ը չի կարող ձեռնպահ մնալ. իմանալով նպատակը` ԱՄՆ-ը որոշել է կասեցնել կամ դանդաղեցնել Մոսկվայի ձեռնարկած գործընթացը:

Այսքան պարզ է հայտարարությունը և ուղղակի: Սառը պատերազմի ուրվականի վերադարձը նախանշող բնույթ ունի Հիլարի Քլինթոնի՝ առանց բառերը ծամծմելու ասածը:

Բայց փորձենք դիտարկել հայտարարությանը նախորդած ժամանակահատվածում արձանագրված քաղաքական իրադարձությունների պատկերը: Այսպես. նույն օրերին, ավելի ճիշտ` Դուբլինի հավաքից քիչ առաջ, Անկարայում տեղի էր ունենում Պուտին-Էրդողան հանդիպումը: Լրատվությունների մեծ մասը կենտրոնացել էր Սիրիայի խնդրի հանգուցալուծման հավանական բեմագրությունների վրա` կանխատեսելով, որ Սիրիան գրավել է երկու առաջնորդների բանակցությունների բովանդակության առյուծի բաժինը: Դա, իհարկե, կարող է համապատասխանել իրականությանը: Որոշ լրատվամիջոցներ, տեղեկացված լինելով թե ենթադրելով, ակնարկել էին նաև հայկական խնդիրների քննարկումը:

Այս հանդիպումը, որին ներառվել էր Թուրքիայում Ռուսաստանի կողմից ատոմակայանի կառուցման ընդհանուր համաձայնությունը, բնականաբար չի կարելի աննկատ թողնել շատ ու շատ պատճառներով, որոնք ուղղակի թե անուղղակի առնչվում են հայկական գործոնին: Սիրիայի խնդիրը, ռուս-թուրքական հարաբերությունները, անգամ Թուրքիայում Մոսկվայի կողմից ատոմակայանի կառուցումը կապ ունեն հայկական առնչություն ունեցող գործընթացների հետ: Բոլորն էլ կապված են Հայաստանի Հանրապետությունը շրջափակած Անկարայի հետ, որ օժանդակում է մեր երկիրը իր հերթին շրջափակած Ադրբեջանին և ապաշրջափակումները պայմանավորում է Բաքվի կողմից առաջ քաշվող նախապայմաններով: Խնդիրը չի վերաբերում սոսկ քաղաքական դասական այն տեսությանը, որի համաձայն` հայկական կողմը տուժում է ամեն անգամ, երբ ռուս-թուրքական մերձեցում է լինում:

Ճիշտ է, որ Անկարան Մոսկվային իբրև խաղաքարտ է մոտենում` ԱՄՆ-ին, Արևմուտքին ու Եվրոպային ուղերձներ ու պատգամներ փոխանցելու համար: Ուղղակի ասելով` սպառնում է Եվրոպային, շրջադարձ կատարելու դեպի Եվրասիական միություն, եթե այն շարունակի պատնեշներ կառուցել իր անդամակցության քաղաքականության դեմ: Ուղերձը հղված է նաև Վաշինգտոնին. փաստորեն, ԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ հակազդեցություն է ունեցել այս առիթով:

Սակայն միաժամանակ նման ենթադրյալ մերձեցման ցուցադրություն շահարկում է նաև Մոսկվան: Հրատապ օրակարգը, անշուշտ, ռուս-թուրքական հարաբերությունների գործընթացում Սիրիայի հանգույցն է, որի լուծման անմիջական բանալիները գտնվում են ինչպես Մոսկվայում, այնպես նաև Անկարայում:

Եվրասիան, ատոմակայանը, Մաքսային միությունը և հայկական գործոնը մշուշապատում են ամենաթեժ օրակարգը: Այդ օրակարգի քննարկման բացահայտ արդյունքները դեռևս պարզ չեն:

Պարզն այն է, որ Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնել են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի հետ քննարկումներ անցկացնել և Ժնևի համաձայնությունները օրակարգի վերածել: Մինչ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական բանբերը հերքում է, թե Սիրիայի բանակը քիմիական զենքեր է տեղաշարժի ենթարկել:

Տարածաշրջանի խորհրդայնացման և սառը պատերազմի ուրվականի վերադարձի հայտարարություններից հետո սկսվում է Սիրիայի օրակարգով Վաշինգտոն-Մոսկվա ուղղակի բանակցային փուլը:

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր