Կաթողիկոսի գործով իշխանությունը մտել է իրեն չվերաբերող դաշտ․ Եկեղեցու հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու ներսում. Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում դատախազի որոշումն առ այն, որով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը հաստատել ու ուղարկել է դատարան: Հիշեցնեմ, որ փետրվարի 14-ին՝ Եպիսկոպոսաց ժողովից մի քանի օր առաջ, Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդի՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին:

– Ազնվորեն ասեմ, որ Դատախազության ներկայացրած նյութերը չեմ կարդացել, չեմ էլ կարդալու, որովհետև իմ խորին համոզմունքն է, որ կոնկրետ դեպքում իրենք մտել են մի դաշտ, որն իրենց վերաբերելի չէ: Սա կոնվենցիաներով, Սահմանադրությամբ սահմանափակված տեղ է, ու այդ գործառույթները, որի համար մեղադրանք են առաջադրել, Կաթողիկոսի, անկախ այդ անձի վերաբերյալ մեր վերաբերմունքից, ուղիղ իրավասության ներքո էին ու իր անելիքն էին: 

Իշխանություններն իրենց տարբեր գործիքակազմերով մտել են մի տիրույթ, որն իրենց չի վերաբերում, հետևաբար նրանց բոլորի գործողությունները հակասահմանադրական են, հակակոնվենցիոն են, հետևաբար և հակաիրավական են ու դատապարտելի: Հույս ունեմ, որ ավելի կարճ ժամանակահատվածում, քան հաջորդ ընտրությունները, նրանք պատասխանատվության կենթարկվեն, ու կենթարկվեն բոլորը: 

– Կոնկրետ այս գործով ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

– Ցանկացած գործողություն ինձ համար սպասելի է, ցանկացած՝ ամենաանբարոյական քայլերից սկսած մինչև ամենադատապարտելի ու հակաօրինական քայլը, որովհետև սրանք այն մարդիկ են, որոնք սահմաններ չունեն: Սրան կարելի է դիմադրել ուղղակի հանրային անհամաձայնությամբ, որովհետև սա շատ կարևոր է: Սա Կաթղիկոսի անձին սատարելու գործ չէ, սա մեր ազգային Եկեղեցին ոտնատակ չտալու, անհասկանալի երևույթների կառավարմանը հանձնելու պրոցեսին դիմադրություն ցույց տալ է: 

Եկեղեցու հետ կապված բոլոր հարցերը, որոնք այս իշխանությունը փորձում է լուծել, բոլորն անխտիր այդ կառույցի լուծելիք գործերն են: Բայց Նիկոլ Փաշինյանի ցինիզմը սահմաններ չունի, ու ոչ մի զարմանալի բան չի լինի, եթե Կաթողիկոսի հետ կապված գործողություններ լինեն: Կլինեն գործողություններ ուղիղ այնքան, որքան որ հասարակության կողմից կլինի անտարբերություն: Շատերն այս ամենը կապում են Կաթողիկոսի անձի հետ, ու սա է պատճառը, որ չկա շատ մեծ դիմադրություն, մենք էլ չենք կարողանում հասկացնել հասարակությանը, որ սա Կաթողիկոսի համար կռիվ չէ, սա պայքար է Հայ Առաքելական Եկեղեցու համար:

– Տիկի՛ն Կարապետյանց, եթե բանը դրան հասնի, այնուամենայնիվ, կլինի՞ դիմադրություն:

– Ես լավ չեմ պատկերացնում այդ ստանդարտ ձևերով՝ փողոցներ փակելով դիմադրությունը, բայց կարող է լինել շատ ոչ անհամաչափ ու, բնականաբար, օրենքի սահմաններում տարբեր մեթոդաբանություններ, որոնք ազդեցություն կտան՝ սկսած միջազգային տարբեր կառույցների հետ կապից վերջացրած ներքին տարբեր միջոցառումներով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am