Տաթևիկ Ռևազյանի երեկվա թեյավճարը 335 հազար դրամ է. գումարը կուղղվի 6-ամյա Տիգրանի գլխուղեղի քաղցկեղի բուժմանը. ՀԺ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը երեկ երեկոյան որպես մատուցող էր աշխատում Երեւանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն:

Մի քանի ժամով մատուցող աշխատելու հրավեր-առաջարկը Տաթեւիկ Ռեւազյանն ստացել է սրճարանի տնօրինությունից, որտեղ ավանդույթի նման մի բան է, երբ բոլորովին այլ աշխատանք ունեցող անձը մի կարճ ժամանակով անում է այդ գործը, ապա թեյավճարներից կուտակված գումարը ծառայեցնում բարեգործական նպատակների: Ռեւազյանը սիրով է համաձայնել ու որոշել է գումարը փոխանցել «Մենք ենք» հիմնադրամ: Հիմնադրամն էլ ընտրել է, թե որ երեխային է դա այս պահին առավել անհրաժեշտ: «Մենք ենք»-ից ՀԺ-ին հայտնեցին, որ Տիգրանը 4 տարեկանից պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում):

Երեխային անհրաժեշտ է ճառագայթային բուժում, որը, ըստ նրան բուժող բժշկի, Հայաստանում իրականացնելը տեխնիկապես անհնար է: Այն կիրականցվի Մոսկվայում: Երեկոյան ոչ մեծ սրճարանում հավաքվածների մեծ մասը Ռեւազյանի ծանոթներն ու ընկերներն էին, որոշ մարդիկ էլ, մամուլից տեղեկանալով, հատուկ եկել էին նրա հետ մի քանի բառ փոխանակելու:

Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահը շփվում էր բոլոր այցելուների հետ: Ոմանք իրենց հիացմունքն էին արտահայտում երիտասարդ պաշտոնյային եւ նրանից հետաքրքրվում, թե ինչպե՞ս կարողացավ այդքան արագ նոր թռիչքուղի բացել ՀՀ-ից դեպի Եվրոպա: Ծանոթ ու անծանոթ լուսանկարվում եւ զրուցում էին նրա հետ: Ռեւազյանը մատուցողի հագուստով չէր, «պարտականությունները» կատարելու ընթացքում նրան ուղեկցում էր սրճարանի իրական մատուցողուհիներից մեկը:

Հայտնի դարձավ, որ Տաթեւիկ Ռեւազյանի եւ ROOMZ-ի հյուրերի շնորհիվ հաջողվել է հավաքել 335 հազար դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը:

Մանրամասները՝ այստեղ