Կարեն Կարապետյան. Երևանի գլխավոր ճարտարապետի նշանակման վերաբերյալ

Երևանի գլխավոր ճարտարապետի նշանակման հետ կապված թույլ տվեք նշել, որ ճիշտ չէ Երևանում առաջացած բոլոր խնդիրները վերագրել մեկ անձի։ Շատ որոշումներ պայմանավորված են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյետիվ գործոններով, խաղի կանոններով և այլն։ Որոշ որոշումներ ինձ էլ առանձնապես դուր չեն գալիս։ Ամեն ինչ կախված է թե թիմին ու կառավարիչներին ինչ լիազորություններ և ազատության աստիճան է տրվում և ինչ խաղի կանոններով են շարժվում։
Նարեկ Սարգսյանի նշանակման ժամանակ հաշվի է առնվել իր անվան հետ կապված թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքները, ինչպես նաև իր դրական և «բացասական» փորձը։ Սա կարող է օգտակար լինել՝ (անցյալը վերլուծելով), ավելի արդյունավետ և համակարգված կառավարիչ լինել։
Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ քաղաքապետարանի թիմը ձևավորում է բաց և թափանցիկ մթնոլորտ, որտեղ երևանցին կարողանում է վերահսկել մեր աշխատանքը։

Հավաստիացնում եմ, որ գլխավոր ճարտարապետը հավատարիմ կլինի այն քաղաքականությունը, որը որդեգրել է քաղաքապետարանի թիմը. այն է՝ կանաչ գոտիների հաշվին ոչ մի շինթույլտվություն չի տրվելու, Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական փիլիսոփայությանը հակասող որևէ նախագիծ կյանքի չի կոչվելու։

Վստահ եմ, որ ժամանակը և կատարվող աշխատանքը ցույց կտան, որ գլխավոր ճարտարապետի նշանակման իմ որոշումը ողջամիտ էր ու նպատակային։ Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել։ Եվ այս ամենը, կրկնում եմ պետք է կատարվի ձեր կողմից վերահսկվող դաշտում։

Առաջարկում եմ ձեզ քննարկումները հետաձգել մի քանի ամսով և արդեն հիմնվել կատարված աշխատանքների վրա։

Ինչ վերաբերում է Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառների շուրջ հնչող խոսակցություններին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը, ինչը կհաստատի նաև պարոն Հասրաթյանը։