«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, այսօր քննարկումների առիթ դարձավ «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքից արված տեսագրության հրապարակումը «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։ Տեսանյութում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որին թույլ չեն տվել լքել Հայաստանի սահմանը։ Ինչպե՞ս եք գնահատում հանգամանքը, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվել է լրատվամիջոցում։
– Այն քաղաքական պայմաններում, որտեղ մենք ապրում ենք, լրիվ նորմալ է դա, որովհետև եթե երկրի վարչապետի մակարդակով հետևում են մարդկանց անձնական, ինտիմ կյանքին, ու դա հրապարակայնորեն հասանելի է դառնում հետո, ապա ցանկացած պետական մարմնի վերահսկողության տակ գտնվող տվյալ կարող է դառնալ հանրային սեփականություն:
Այսպիսով, մենք արձանագրում ենք, որ Հայաստանում խախտվում են մարդու սահմանադրական իրավունքները՝ մասնավոր կյանքի, ընտանեկան կյանքի իրավունքներն ու անձնական տվյալները: Չկա անձնական տվյալների պաշտպանություն, իշխանությունը ստեղծել է մի համակարգ, որ մարդու անձնական տվյալը ցանկացած պահի կարող է օգտագործել իբրև գործիք՝ դարձնելով հանրությանը հասանելի, այդպիսով խախտել մարդու սահմանադրական իրավունքը:
– Ստացվում է՝ նման դեպքերից հետո խնդիրը միայն կոնկրետ տեսանյութի հրապարակումը չէ, այլ ընդհանրապես պետական մարմինների ձեռքում գտնվող անձնական տվյալների պաշտպանվածությո՞ւնը։ Քաղաքացին այս պայմաններում կարո՞ղ է վստահ լինել, որ իր տվյալները քաղաքական նպատակներով չեն օգտագործվի։
– Բնականաբար ոչ, որովհետև թե՛ իրավական համակարգը, թե՛ պետական մարմիններն ունեն և՛ օրինական, և՛ այսուհետ ոչ օրինական իրավունքներ՝ տիրապետելու մարդու անձնական տվյալներին ըստ քաղաքական հայեցողության: Այն տվյալները, որոնք պահպանվում են պետական մարմիններում, կարող են ուղղակի հասանելի դառնալ լրատվամիջոցներին, ասենք՝ ինչ-որ մեկը կարող է օդանավակայանի տեսագրությունները տրամադրել լրատվամիջոցներին կամ տալ մի բլոգերի, ասել՝ հանրայնացրու սա:
Ստացվում է, որ ես, դուք, մեզ նման մարդիկ պաշտպանված չեն, մեր մասնավոր կյանքը ոչ մի բանից պաշտպանված չէ: Ու սա տեղի է ունենում մի երկրում, որը համարվում է դեպի Եվրոպա գնացող, եվրոպական արժեհամակարգ ունեցող, ժողովրդավարական երկիր: Ինչքան մենք մոտենում ենք Եվրոպային, այդքան դառնում ենք հակադեմոկրատական, ավելի ավտորիտար, հակաիրավական երկիր:
Սա հակաիրավական բեսպրեդելի լավագույն օրինակն է, նորից եմ ասում, երբ երկրի վարչապետն իրեն թույլ է տալիս իր անձնական էջերով հրապարակայնացնել մարդկանց՝ անկախ անձերից, մասնավոր կյանքի տվյալները կամ կուսակցության նիստ հրավիրել ու բոլորին հերթով բաժանել այդ ամենը, ուղղակի խայտառակություն է:
– Տիկի՛ն Սամսոնյան, նկատի ունեք, որ Հայաստանում օրենքից դո՞ւրս են գործում:
– Այո՛, օրենքն այս իշխանության ձեռքին դարձել է քաղաքական գործիք, իսկ մարդկանց կյանքը՝ խաղալիք: Իրավապահ համակարգն ամբողջությամբ գործում է Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո, ինքն օգտագործում է այդ համակարգը ընդդեմ մարդկանց այնպես, ինչպես ուզում է:
Նա կարող է հրահանգել, որ այդ համակարգը նույնիսկ ոտնահարի մարդու սահմանադրական իրավունքը, մասնավոր, ընտանեկան կյանքի իրավունքը, քաղաքացին այսօր որևէ պաշտպանություն չունի այս առումով: Ես վստահ եմ, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պաշտոնյաները գտնվում են նրա անձնական վերահսկողության տակ՝ իրենց անձնական ու ինտիմ կյանքի առումով:
– Նմանատիպ դեպքերն արդյոք չե՞ն արժեզրկում այն կառույցները, որոնց իրավասության տիրույթում է գտնվում այս կամ այն իրադարձությունը, տվյալ դեպքում՝ Ազգային անվտանգության ծառայությանը:
– Բնականաբար արժեզրկում են, որովհետև եթե Ազգային անվտանգության ծառայությունը թույլ է տալիս, որ ինչ-որ բլոգեր, անհայտ էջ կամ ինչ-որ լրատվական ստանա ինֆորմացիա, որը գտնվում է իր վերահսկողության տիրույթում, խոսում է այն մասին, որ ԱԱԾ-ն ևս իշխանության քաղաքական գործիքն է, այլ ոչ թե ազգային անվտանգության պաշտպանության կառույց, սա արդեն իսկապես խայտառակություն է:
– Իսկ որո՞նք են նմանատիպ դեպքերի հնարավոր ռիսկերը:
– Մարդիկ հիասթափվում են, արտագաղթն իրականում շատ-շատ է, ու միայն սոցիալական պայմանների պատճառով չէ, որ մարդիկ ուզում են լքել այս երկիրը: Մարդիկ չեն ուզում ապրել մի երկրում, որտեղ վարչապետը՝ իր քաղաքական նպատակներից ելնելով, կարող է իրենց անձնական տվյալները դաշտ նետել ու դարձնել հասարակության ծամոն:
Վաղուց է, ինչ Հայաստանում մարդու սահմանադրական իրավունքները պաշտպանված չեն, ու դա երևում է բոլոր պրոցեսներում: Եթե մի երկրում իրավապահ համակարգը ծառայում է իբրև քաղաքական գործիք վարչապետի համար, այլ ոչ թե արդարադատություն իրականացնող կառույց, դա խոսում է այն մասին, որ որևէ իրավունքի մասին խոսք լինել չի կարող: Բանտերը լցված են մարդկանցով, ու մեծ մասի պարագայում անգամ ապացույցներն են կեղծված, մենք դա էլ ենք տեսել, էլ ի՞նչ իրավունքի պաշտպանության մասին կարող է խոսք լինել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















