Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է խափանել 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է Factor.am-ը։
«Արդեն 8 ամիս է անցել Ադրբեջանի, Հայաստանի ու ՌԴ ղեկավարների միջև առաջին եռակողմ հայտարարության ստորագրումից և ավելի քան 6 ամիս՝ երկրորդ եռակողմ հայտարարության ստորագրումից։ Կետերի մի մասն իրագործվել է, մի մասը՝ ոչ։ Այդ հայտարարությունների մի շարք դրույթների իրագործման հետ կապված խնդիրներ կան: Հայաստանը խոչընդոտում է դրանց իրագործմանը»,- հայտարարել է Բայրամովը Սերբիայի ԱԳ նախարարի հետ այսօր կայացած համատեղ ասուլիսում։
Նա նաև, իբր, հայկական կողմից պայմանավորվածությունների խախտումների մի շարք օրինակներ է ներկայացրել։
«Օրինակ՝ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք հանդիսանում են ռազմական օպերացիաների մաս։ 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր ռազմական օպերացիաները պետք է դադարեն։ Բայց մենք ինչ ենք տեսնում․ Հայաստանը 6 ամիս հերքում էր այդպիսի քարտեզների առկայությունը»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության մեջ որևէ կետ չկա ականապատ տարածքների քարտեզների տրամադրման մասին։ Փոխարենը, Ադրբեջանն ինքը չի կատարում հայտարարության կետերը, մասնավորապես՝ 8-րդ դրույթը, և չի վերադարձնում Հայաստանին բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց։
Բացի այդ, Բայրամովը հայտարարել է, թե երկրորդ օրինակը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումն է։
«Դա շատ կարևոր է, 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ կողմերն ունեն կոնկրետ պարտավորություններ։ Հունվար-փետրվար ամիսներին ակտիվ աշխատանք էր տարվում, 6 հանդիպում է անցկացվել։ Հետո մենք սկսեցինք նկատել, որ Հայաստանում ընտրությունների նախօրեին Երևանից սկսեց հակասական հռետորաբանություն հնչել։ Մենք գտնում ենք, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն աշխատանքային խմբի միջոցով»,- ասել է Բայրամովը։
Նա անդրադարձել է նաև սահմանների դելիմիտացիային՝ նշելով, որ Հայաստանի հրաժարվում է սկսել գործընթացը։
«Հայաստանն ինքն է տառապում այդ հարցի անորոշությունից և դրա համար պետք է ընդունի իրականությունը։ Ադրբեջանը պատրաստ է դելիմիտացիայի, բայց Հայաստանի կողմից պատասխան չենք տեսնում»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Բայրամովը նաև Հայաստանին մեղադրել է, որ երկար տարիներ Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմն ապակառուցողական դիրքորոշում է զբաղեցրել։
«Այսօր հիմնական քննարկումները պետք է լինեն եռակողմ հայտարարությունների շուրջ։ Այդ գործընթացին վնասելու համար Հայաստանի ղեկավարությունը փորձում է օրակարգ մտցնել այլ հարցեր ու սկզբունքներ, որոնք նախկինում են կարևորություն ունեցել։ Հայաստանը վաղ թե ուշ պետք է հասկանա, որ ամեն փուլում խաթարել պրոցեսը, խանգարել կարգավորմանը, անել ընդունելի հայտարարություններ, այդ ամենը խանգարում է տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը։ Եվ դա ոչ մեկին ձեռնտու չէ։ Բայց ես կարծում եմ՝ դրանից ավելի շատ տուժում է Հայաստանը։ Մենք ենթադրում ենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը վաղ թե ուշ կգիտակցի դա, և մենք կտեսնենք ավելի կառուցողական ու իրական քայլեր նրանց կողմից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ու նախագահը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՀՀ-ի նկատմամբ տարածքային տարբեր պահանջներ են ներկայացնում, բացի այդ՝ մայիսի 12-ին ադրբեջանական ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք ու հրաժարվում են հեռանալ։ Ադրբեջանական կողմը շարունակում է նաև լարված պահել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածները, այժմ՝ հատկապես Երասխի ուղղությունը։