Տիգրան Բալայանի պարզաբանումը կեղծ է․ ղեկավարները նստած չեն այբբենական կարգով

Տիգրան Բալայանի պարզաբանումը կեղծ է․ ղեկավարները նստած չեն այբբենական կարգով
Տիգրան Բալայանի պարզաբանումը կեղծ է․ ղեկավարները նստած չեն այբբենական կարգով

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ մասնակցում է ԱՊՀ ղեկավարների հանդիպմանը։

Համացանցում ակտիվ քննարկվում է երկրների ղեկավարների պատվին Տաջիկստանի նախագահի տված ընթրիքի լուսանկարը, որտեղ երևում է, որ Փաշինյանը նստած է սեղանի ծայրին։ Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի կարծիքով, Փաշինյանը մեկուսացված է ընթրիքին հրավիրված մյուս երկրների առաջնորդներից։

Թեմայով հանդես եկավ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով, որ ԱՊՀ երկրների ղեկավարները նստած են այբբենական կարգով և Հայաստանը, որպես Ա տառով սկսվող երկիր (Армения) նստած է «սեղանի գլխին»։

Իրականում, սակայն, երկրների ղեկավարները այբբենական կարգով չեն նստած։ Նիկոլ Փաշինյանի կողքին նստած է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, իսկ այբբենական կարգի համաձայն՝ պետք է նստած լիներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ժեենբեկովին հաջորդում է Ուզբեկստանի ղեկավար Շավկատ Միզիոևը, ում փոխարեն պետք է նստած լիներ Ժեենբեկովը։ Վերջինիս էլ պետք է հաջորդեր ոչ թե Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, այլ Մոլդովայի նախագահ Դոդոնը, որը, սակայն, նստած է սեղանի մյուս ծայրին։

Ըստ էության, կարող ենք փաստել, որ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պարզաբանումը, որ ղեկավարները նստած են այբբենական կարգով, չի համապատասխանում իրականությանը։

Ռաֆայել Աֆրիկյան

sut.am