Բոլորի համար ակնհայտ է, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին է. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի համար հասկանալի չէ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, թե մեկ-երկու տեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին ասաց  2023թ. Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Ասուլիսում, անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ դեսպան Վիկտորինն ասաց. «Հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և կանցնեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»:

Անդրադառնալով ճշտող հարցին, թե ի՞նչ  նկատի ունի, երբ ասում է, որ երկու կողմերն էլ պետք է զորքերը հանեն՝ դեսպանն ասաց. «Շատ հստակ նշվել է՝ մեկ-երկու կետ կա, որտեղ և հայկական զորքերն են սահմանային տարածքներում: Եվ շատ հստակ սահմանազատում ու սահմանագծում պետք է լինի: Դա է եղել Բրյուսելում օգտագործված հստակ ձևակերպումը»:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ այս հայտարարությանն անդրադարձավ նաև ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը: Բայց հավանաբար խոսքը վերաբերվում է առաջին պատերազմին ԼՂ-ում: Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել: Բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը»,-նշեց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ ըստ երևույթին դա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին: «Բայց այստեղ բոլորի համար ակնհայտ է, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին է, դրան անդրադարձել են թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն, այլ գործընկերները»,-ասաց Հովհաննիսյանը: