«Շատ կուզեմ փոփոխությունները Գառնիից սկսվեն, մի շարժում, որը կբերի հայրենիքի անվտանգության ամրապնդմանը». Արուսյակ Այվազյանը դուրս կգա ընտապայքարի

«Շատ կուզեմ փոփոխությունները Գառնիից սկսվեն, մի շարժում, որը կբերի հայրենիքի անվտանգության ամրապնդմանը». Արուսյակ Այվազյանը դուրս կգա ընտապայքարի
«Շատ կուզեմ փոփոխությունները Գառնիից սկսվեն, մի շարժում, որը կբերի հայրենիքի անվտանգության ամրապնդմանը». Արուսյակ Այվազյանը դուրս կգա ընտապայքարի

Առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են. Կոտայքի մարզի Գառնի համայնքի գյուղապետի թեկնածուներց մեկը Արուսյակ Այվազյանն է՝ Ազատ գետի ազատության համար մինչեւ անգամ հանրապետության վարչապետի դեմ դուրս եկած գառնեցի  ամենաակտիվ պայքարողներից մեկը:

«Ես պաշտոնատենչ չեմ, բայց երբ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» ծրագրի դեմ պայքարում էինք, ես եւ իմ համագյուղացի Սառան Պետրոսյանը մտածում էինք՝ մենք ենք մեղավոր, որ անօրինականություններ են տեղի ունենում, որ նման մարդիկ են ղեկավարում:  Ու մտածում էինք՝ եթե մենք լինեինք, ի՞նչ կանեինք: Այդ ժամանակ մի թեթեւ միտք հղացավ, որ կարելի է առաջադրվել»,- «Մեդիալաբին» ասում է Արուսյակ Այվազյանը:

Թեեւ, նման մտահղացում եղել էր, բայց Արուսյակն ասում է՝ գառնեցիների նախաձեռնությունն է եղել իր առաջադրումը:

Գառնի համայնքի բնակիչները, Արուսյակի պատմելով, մոտենում էին իրեն եւ պահանջում անպայման թեկնածությունն առաջադրել.

«Գալիս, ասում էին՝ ընկեր Արուսյակ, լավ կլինի դուք  առաջադրվեք, մենք որ կարողացանք Ազատ գետի հարցով հաջողության հասնել, լավ կլինի ձեր թեկնածությունը դնեք, որ մեր գյուղը ծաղկեցնեք: Ես էլ առաջադրվեցի»:

Հիշեցնենք, այս տարի գառնեցիներն ակտիվ պայքար սկսեցին «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» ծրագրի դեմ: Համաշխարհային բանկը ՀՀ կառավարությանն է տրամադրել 30 միլիոն դոլար արտոնյալ պայմաններով վարկ՝ 25 տարի մարման ժամկետով: Վարկից՝ ծրագրին հատկացվելու է 10,4 մլն դոլար, նախատեսվում է Գառնիի հեթանոսական տաճարի ներքեւից 28 կմ երկարությամբ խողովակաշարով Ազատ գետի ջուրը տեղափոխել Արտաշատի տարածաշրջանի 12 համայնքների 1232 հեկտար հողերը ոռոգելու նպատակով: 1232 հեկտար հողերից մոտ 800-ը գտնվում են Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում. Այստեղ, ըստ մամուլի հրապարակումների եւ տեղաբնակների պնդումների, հսկայական հողատարածքներ ունեն Հովիկ Աբրահամյանն ու մի շարք այլ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ծրագրի իրականացման հետեւանքով,  բնապահպանների վստահեցմամբ՝ վտանգվելու է շրջակա միջավայրը:

Հաշվի առնելով մտահոգիչ հեռանկարները, գառնեցիները տեւական ժամանակ բողոքի ակցիաներ էին անում, միջպետական ճանապարհներն էին փակում՝ փորձելով պաշտպանել շրջակա միջավայրը եւ իրենց իրավունքները: Սակայն, ծրագիրը ժամանակավոր կասեցվեց միայն այն ժամանակ,  երբ Հովիկ Աբրահամյանը բողոքի ակցիաներից մեկի ժամանակ այցելեց Գառնի, նրա հետ բանակցող,  գառնեցիների պահանջը ներկայացնող, պայքարի առաջամարտիկներից մեկը հենց Արուսյակ Այվազյանն էր: Այս պայքարի շնորհիվ էր նաեւ, որ Արուսյակին ճանաչեցին հազարավոր մարդիկ, հիացան նրան քաղաքացիական իրավագիտակցությամբ, իսկ գյուղացիները հորդորեցին ավելի հեռուն գնալ եւ առաջադրվել:

Թեեւ ԿԸՀ-ն դեռ չի հաստատել Արուսյակ Այվազյանի թեկնածությունը, սակայն հաստատվելու դեպքում նա պայքարելու է մրցակից երեք տղամարդկանց հետ: Մրցակիցներից մեկը՝ ՀՅԴ-ի առաջադրած  Տիգրան Կարապետյանն է, մյուսը՝ ՀՀԿ-ի առաջադրած «Կալինա Դվին» ՍՊԸ –ի տնօրեն Ահարոն Սահակյանն է եւ Գառնիի գործող գյուղապետ, նախկին ԲՀԿ-ական Աշոտ Վարդանյանն է:

Ընտրությունների օր նշանակվել է հոկտեմբերի 2-ը: Տղամարդ  մրցակիցների հետ պայքարին Արուսյակը սովորական է վերաբերվում, ասում է՝ Գառնիում նման բան չկա՝ թեկնածուների միջեւ կին-տղամարդ տարբերություն դնեն.

«Գառնեցիներն ավելի շատ քաղաքակիրթ մոտեցում ունեն, առաջադեմ գաղափարներ, նրանց համար էական չէ՝ տղամարդ է, թե՝ կին առաջադրված թիկնածուն: Վտանգն այն է, որ խոսում են՝ մեր ազգից է, ազգակից է, խնամի-բարեկամ է: Սա է վտանգը, այլ վտանգ չեմ տեսնում: Գառնեցիներին  պետք է ձերբազատենք այդ կաղապարված մտածելակերպից, որպեսզի քվերակեն նրա օգտնի, ով արժանի է, ձայն տան խղճի թելադրանքով, այլ ոչ թե խնամիական կապերն ավելի բաձր դասեն»:

Արուսյակ Այվազյանն ասում է՝ Գառնիում այնքան խնդիրներ կան, համայնքի վատ կառավարման արդյունքում այնքան սխալներ կան թույլ տրված, որ դրանց լուծման ճանապարհներից մեկն էլ համայնքի որոշումներին պաշտոնապես մասնակից լինելու տարբերակն է, որը եւս խթան էր թեկնածությունն առաջադրելու համար: 

Մյուս 2 թեկնածուների թիկունքում խոշոր կուսակցությունների առկայությունը չի վախեցնում Արուսյակին: Ասում է, որ որոշ կուսակցություններ նույնիսկ առաջարկել են լինել իրենց թեկնածուն, մերժել է, ասում է՝ ոչ մի կուսակցություն չի ընդունում:

«Իմ թիկունքում  էլ իմ համայքն է, ազգը, հայրենիքը: Եւ ես առաջադրել եմ  թեկնածությունս հանուն իմ համայնքի, հայրենիքի: Ես նեղ անձնական, կամ կուսակցական շահերով չեմ առաջնորդվում, հակառակը, ամբողջովին ինձ ու իմ ունակությունները տրամադրելու եմ ի շահ համայնքի, ազգի, թող ճիշտ, ազնիվ ընտրություն կատարեն գառնեցիները, չկաշառվեն, դա ահավոր վատ բան է: Շատ կուզեմ փոփոխությունները Գառնիից սկսվեն, մի շարժում, որը կբերի հայրենիքի անվտանգության ամրապնդմանը, կսկսվի երկրի հզորացման գործընթացը»,-ասում է Գառնիի համայնքապետի թեկնածու Արուսյակ Այվազյանը:

Մարի Ներսեսյան

MediaLab.am