ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով, իսկ նման որոշման դեպքում հնարավոր է գնալ Ռուսաստանի հետ «փափուկ ինտելիգենտ ամուսնալուծության» ճանապարհով։
«Ինչպես տեսնում եք՝ մենք հիմա նախընտրական քարոզարշավի մեջ ենք, մարդկանց հետ ենք շփվում, ես շատ չեմ հասցրել հետևել բոլոր հայտարարություններին, բոլոր մանրամասներին, բայց կոնկրետ այդ հարցի վերաբերյալ մենք էլ ենք միշտ ասել՝ հենց գա պահը, ընտրությունը կկատարենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ այս պահին Հայաստանը շարունակում է մնալ ԵՏՄ անդամ, սակայն Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիության և ԵՏՄ-ի միջև։ Նա նաև նշել էր, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանում այդ հարցով հանրաքվե անցկացվի։
«Դրան համապատասխան մենք էլ կանենք համապատասխան հետևություններ և կգնանք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ «ամուսնալուծության» ճանապարհով»,- ասել էր Պուտինը։



















