Իշխանության կոալիցիոն գործընկերը «մերժվածներն» են

Վահրամ Թոքմաջյան

Ազգային ժողովն ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորների։ Ընտրությանը շատերն էին սպասում, քանի որ գործ ունեինք սահմանադրական ճգնաժամի հետ, որն իր շատ բաղադրիչներով նաև ու հատկապես քաղաքական էր։

Անկեղծ ասած, ես երբեք չեմ հավատացել դատարանների անկախությանը և մոտ ապագայում հավատալու հիմքեր չունեմ։ Ինձ համար նաև աբսուրդային են տարատեսակ պատգամավոր–բրիգադիրների հնչեցրած խոր փիլիսոփայական տափակաբանությունները և սեփական քաղաքական կուրսի բացակայության չեղած հիմնավորումները։ 

Դատարանների ապաքաղաքական լինելուն չհավատալն ինձ համար ոչ թե ներհայաստանյան, այլ խոր փիլիսոփայական խնդիր է, հատկապես երբ այն վերաբերում է մեզ նման երկրների։

Իշխող գաղափարաբանությունը, սոցիալ-տնտեսական խնդիրները, միջանձնային կապերը, տարիներով արմատավորված կոռուպցիան և այլ գործոններ հաստատապես թույլ չեն տալու ունենալ անկախ դատարաններ, գոնե մոտ ապագայում երազել այդ մասին։ Սակայն ինչ-որ բան փոխել հնարավոր էր։

Հասարակության ամենատարբեր խմբերին՝ հեղափոխության մասնակիցներին, տարիներ շարունակ նախկին համակարգի ձեռքում տանջվածներին և այլ շահառուների հենց այս մասն է հետաքրքրում և ընդվզում առաջացնում։ Ինչ-որ բան փոխելու մասը, որի կամքն ու ունակությունը ներկայիս իշխանությունը չի դրսևորում։

Հասարակության քաղաքականացված մասը բաժանվել է երեք հիմնական խմբերի՝ հեղափոխականներ, մերժվածներ և հեղափոխությունը մսխողներ։

ՍԴ դատավորների ընտրությունը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ առկա է մեծ անջրպետ։ Ու այդ անջրպետի ցավալի կետը գործող կողմերի բովանդակության մեջ է։ Մի կողմում իշխանությունն է, իսկ մյուս կողմում՝ երեկվա ընդդիմադիրները, փողոցում տասնյակ տարիներով պայքարողները և, եթե կուզեք՝ մինչ օրս այս իշխանությանն աջակցողները։ 

Սակայն իշխանությունը որոշեց գնալ այլ ուղիով։ Նա դաշնակցեց նախկինների՝ մերժվածների հետ։ Արդարացումներ միշտ կարող ենք գտնել՝ ազնիվ դատավորներ չկան, այդ նույն նախկինները արատավորել են բոլորին, մենք ուղղվելու հնարավորություն ենք տալիս, պետականամետ ենք և այլ լոլոներ։

Գանք հերթով՝ ազնիվ իրավաբաններ կան այս երկրում, ու հաստատ ո՛չ երեքը։ Լավ փնտրող է պետք, իհարկե, եթե հրաշամանուկ նախարարի քիմքին հաճո է։ Պատկերացնո՞ւմ եք՝ նախկինները բոլորին չէին արատավորել, ու այդ չծախվածների զգալի մասն էր, որ տասնամյակից ավելի իր ուսերին պահեց փողոցը, ընդդիմության ծանր բեռը, որի արդյունքում ունեցանք 2018 թ.։ 

Դուք ո՛չ Քրիստոսն եք, ո՛չ էլ Գաբրիել հրեշտակապետը, որ ինչ–որ մեկի հոգին փրկեք։ Իշխանություն եք, հերթական իշխանությունը։ Թեկուզ հեղափոխությամբ եկած, բայց՝ հերթականը։ Իսկ պետականամետության մասին եկեք չխոսենք, դա լուրջ կատեգորիա է։

Իսկ վերտառության մեջ ես պատահական չեմ նշում մերժվածներին որպես կոալիցիոն գործընկերների։ Երկու փոխվարչապետներից մեկը նախկին իշխանության ներկայացուցիչ է, 12 նախարարությունից հինգը ղեկավարում են նախկինների ներկայացուցիչները, էլ չեմ խոսում անթիվ-անհամար փոխնախարարների, վարչության պետերի, այլ մանր–մունր չինովնիկների, ՏԻՄ-երում և ընդհանրապես պետական բոլոր օղակներում հանգրվանածների մասին։ 

Եթե անգամ վերանանք այնպիսի լուրջ բաներից, ինչպիսին ՍԴ-ն է և դրա կազմը, նորից նույն պատկերին ականատես կլինենք։ Ի՞նչ խղճով ես նայելու հեղափոխությանն աջակցած, այդ արժեքները կրող, ընդդիմադիր հայացքների համար ճնշված ուսուցչուհու աչքերի մեջ, երբ նրա ընտրակեղծարար տասովչիկ տնօրենը նույն կարգավիճակն ունի նաև հիմա։ 

Ավելի անօրեն ու հաբռգած է հիմա։ Իսկ ինչու՞։ Պատասխանը պարզ է. նախկինում ում ծառայում էր, ծառայեցնել գիտեր, իսկ ներկայիս վերադաս մարզպետը նույնիսկ ծառայեցնել չգիտի։ 

ՍԴ դատավորի հավակնություններ չներկայացնող, Ձեր՝ Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am