«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվեց Հայաստանի ազգային օրը

Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվեց Հայաստանի ազգային օրը, հայտնում են կառավարությունից։

Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում. ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորել աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։

Մշակութային երեկոն բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ հյուրերի և տարբեր երկրներից ժամանած այցելուների համար ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։ Ելույթ են ունեցել նաև «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթը, Արտո Թունջբոյաջյանը և Դավիթ Սուքիասյանը։