Որ պետությունը կադաստրի վկայական պետք է ունենա, աբսուրդ է, ու զավեշտալի է, որ մարդիկ լուրջ ընդունեցին. Հակոբ Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման վարչության նախկին պետ Հակոբ Մարտիրոսյանը

«Դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք։ Հասկանո՞ւմ եք, որ մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք։ Ընդ որում՝ Հայաստանը երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե ինչ ուզում ենք՝ ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կստանանք վկայական». սա հատված է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։ Պարո՛ն Մարտիրոսյան, պետությունները նման վկայական ունենո՞ւմ են, ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը։

– Կարծում եմ, որ դա իրականում ավելի շատ չստացված կատակ էր, քան հայտարարություն, որովհետև ի՞նչ է նշանակում՝ «երկիրը կադաստրի վկայական չունի»: Նախ՝ ո՞վ պետք է երկրին կադաստրի վկայական տա, երկրորդն էլ՝ ՄԱԿ-ին անդամակցելիս քեզ ասում են, որ դու ունես տարածքային ամբողջականություն այս տարածքով, ազգային բնակչությամբ՝ հաշվի առնելով ժողովրդագրական կառուցվածքը, պետական կառավարման համակարգ ունենալը և այլն։ 

Արձագանքներն այնպիսիք էին, որ մարդիկ իրականում լուրջ ընդունում են, որ Հայաստանը պետք է ունենա կադաստրի վկայական, բայց հարց է առաջանում՝ ո՞վ է այդ կադաստրը, այդ ի՞նչ միջազգային կազմակերպություն է, որ ոչ մեկիս համար հասկանալի չէ։ 

Հետո՝ իրականում այդտեղ մեկնաբանելու բան չկա, որովհետև ով մի փոքր մոտ է կանգնած այն ամենին, թե ինչ են նշանակում տարածքային ամբողջականություն, պետական սահման, շատ լավ գիտի՝ ինչի մասին է խոսքը։ Այս երկրում 91-ից սկսած մեկ միլիոն օրենք կա ընդունված, ի վերջո, որպեսզի ավելի առարկայական հասկանանք, թե Հայաստանն իրենից ի՛նչ է ներկայացնում, բացե՛ք Ազգային ատլասը՝ ընդունված ու հաստատված Կառավարության կողմից։ 

Ինչպե՞ս կարելի է այդ ամենն անտեսել ու հայտարարել, թե «Հայաստանը կադաստրի վկայական չունի»։ Եթե որևէ պետություն քո տարածքային ամբողջականությունը խախտելու հավակնություն ունի, ինչքան ուզում ես գոռա, որ սա իմն է կամ իմը չէ, միևնույն է, նա դա անելու է, բայց ասել, որ այդ թուղթը լինի՝ ոչ ոք մեզ մոտ չի գալու, իրականում զավեշտ է։ Բացատրություն չկա ու չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել, որովհետև նախ իմ պրոֆեսիոնալիզմը թույլ չի տալիս, ի՛նչը մեկնաբանեմ, աբսուրդ է։

– Կարծիքներ հնչեցին, որ այս հայտարարությամբ երկրի ղեկավարն ինքը կասկածի տակ է դնում Հայաստանի՝ որպես պետության գոյության հարցը։ Այս համատեքստում կխնդրեմ՝ ասեք, թե որքանո՞վ է այս հայտարարությունը վտանգավոր կամ ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ։

– Քաղաքական կամ ռազմական տեսանկյունից իրականում մի քիչ մանկամիտ է մտածել, որ այս խոսքից հետո Ադրբեջանը կգա վերցնելու ինչ-ինչ տարածքներ, որովհետև վարչապետը նման բան է ասել։ Տնտեսական առումով ունի որոշակի ռիսկեր, որովհետև եթե այդ նույն ներդրողը նման հայտարարություններ է լսում՝ լուրջ կընդունի ու կենթադրի, որ այդ երկրում չի կարելի ներդրում անել, որովհետև անգամ իրենք չգիտեն, թե իրենց տարածքը որն է։ Բիզնես առումով սա ռիսկեր իրականում պարունակում է, բայց ասել, որ Ադրբեջանը սպասում էր հենց սրան, որ գա մտնի, օրինակ՝ Սյունիք, մանկամտություն է։ 

Ես ցավում եմ, բայց երկրի վարչապետը, ընդհանուր առմամբ, որոշում կայացնող է ու ժամանակ առ ժամանակ՝ նաև ճակատագրական որոշումներ, այլ խնդիր է, որ ինքը չպետք է տիրապետի ամբողջ տնտեսական, քաղաքական, ռազմական ու այլ դաշտի առկա նրբություններին, դրա համար էլ ցանկացած ողջամիտ պետություն մտածել է գործադիր իշխանություն ու պատասխանատու ոլորտներ, այսինքն՝ այն մարդը, որ գիտի՝ երկիրն ատլաս ունի, որ այս երկրում կադաստրային քարտեզ հաստատություն կա, այն մարդը, որը գիտի, որ ամբողջ հանրապետությունը գոտիավորված է, ու դա միայն այն չէ, որ համարակալված է, այլ գրված է նաև, թե որտեղ է սկսվում, որտեղ ավարտվում, այսինքն՝ աշխարհագրական անվանումներով նկարագրված է։ 

Լավ, այդ մարդը, կոնկրետ՝ Կադաստրի պետը կամ չգիտեմ՝ ո՛վ, չի ասում՝ պարո՛ն վարչապետ, մի կողմ եմ դնում կոնկրետ այս հայտարարությունը, որ մենք ունենք ազգային ատլաս, որը երկու անգամ է տպագրվել, մի անգամ էլ՝ անգլերեն, որը և՛ մեր պատմական Հայաստանի նկարագիրն է տալիս, և՛ հետսովետականը, և՛ մեր այսօրվա վիճակը, ընդ որում՝ Արցախը մեջը ներառած, բաց աղբյուրներում դա տեղադրված է, տեղադրված է նաև Կադաստրի կոմիտեի կայքում։ 

Ինչո՞ւ է դա կոչվում ատլաս և ոչ թե քարտեզ, որովհետև այն բազմաբովանդակ է, գեոինֆորմացիոն պորտալի նման մի բան է թղթային տարբերակով, որտեղ դու որսատեղերն ես տեսնում, հանգստյան գոտիներն ես տեսնում, բայց այդ բոլորն ընդգրկված է քո սահմանի մեջ։ 

Լավ, մեկը չի՞ գնում այդ մարդուն ասի, որ պետությունն այսպիսի բաներ ունի, վերջին հաշվով, 2002 թվականից սկսած այդ փաստաթղթերն ընդունվել են, ու դա ընդունել է այն մարմինը, որն այսօր դու ես ղեկավարում, այսինքն՝ այդ բոլորը նորմատիվ իրավական ակտեր են, որոնք ոչ մեկը չի չեղարկել, այս երկիրն ունի ատլաս, ունի սահման, ունի քարտեզ, որն ամբողջությամբ թվայնացված է, բազմաշերտ է, սեփականության բոլոր սուբյեկտները ներառված են։ Այն, ինչ համայնքային չէ, մասնավորինը չէ, իրավաբանական անձանցը չէ, պետական է, ու դրա նկարագիրը հստակ տրված է մի քանի տասնյակ իրավական փաստաթղթերում։ 

Համայնքներն ունեն վկայականներ՝ սկսած 2002-ի վերջից, 2003-ին մեկնարկն է տրվել․ բոլոր համայնքներին տրվել են կադաստրային քարտեզներ ու վկայականներ՝ համայնքային հողերով, իրենց սահմանների նկարագրությամբ: Ասեմ ավելին՝ այդ ամբողջ գործընթացը, որ տեղի է ունեցել, գիտեք, որ համայնքները խոշորացվեցին ոչ թե այս վերջերս գործընթացներում, այլ որովհետև պետական սեփականություն՝ որպես այդպիսին, հող էլ չմնաց, մնաց պետական, բայց բոլորը հանձնվեցին համայնքներին, այսինքն՝ միջհամայնքային հող էլ գոյություն չունի, բոլոր համայնքներն իրար կպած են՝ լինի խոշորացված թե փոքր։ Ի՞նչ է նշանակում՝ մենք չգիտենք՝ մեր սահմանները որո՛նք են, չկա՛ նման բան, չի՛ կարող լինել։

– Պարո՛ն Մարտիրոսյան, «անկլավների» մասով ի՞նչ կասեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրանք թեև ՀՀ տարածքում են, բայց Հայաստանինը չեն։

– Հարցն այն է, որ այդ ամենն արվում է փոխադարձության սկզբունքով, երբ դու այսօր ընդունում ես, որ ինչ-որ «անկլավ» կա քո երկրի ներսում, ու դու այդտեղ որևէ իրավասություն չունես, այսինքն՝ դա քո ինքնիշխան տարածքը չէ, նշանակում է ինչ-որ մեկը քեզանից դա պահանջել է, այսինքն՝ այնպես չէ, որ զարթնես մի օր ու որոշես, որ դա քոնը չէ, դա արվում է փոխադարձ համաձայնությամբ: 

Փակագծեր չբացեմ, բայց իմացեք, որ հայտարարությունները պատահական չեն արվում, որ «երկիրն ունի անկլավ, դա չի մտնում 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ», Փաշինյանի ասածն եմ մեջբերում ընդամենը։ Եթե դու չգիտես, թե քո սահմանը ո՛րն է, չունես «կադաստրի վկայական», բա որտեղի՞ց գիտես, որ 29.800 քառակուսի կիլոմետր է քո տարածքը, դրան էլ գումարած՝ «անկլավներ» ունես։ Ես միայն սա կարող եմ ասել, թե այդ «անկլավն» ի՛նչ է, պատմականորեն մե՞րն է եղել, թե՞ չէ՝ դա կիմանան աշխարհագրագետները, քարտեզագրման մասնագետները: 

Ես իրականում այդ ամենին չեմ տիրապետում, ոչ թե խուսափում եմ հարցին պատասխանելուց։ 

Մի բան էլ ընդգծեմ, որ երկու տերմին մենք հաճախ խառնում ենք՝ «ադրբեջանաբնակ» և «ադրբեջանական», սրանք շատ տարբեր բաներ են։ Այսօրվա իրականությունը հետևանք է նրա, որ մեզանում դիլետանտության մակարդակը շատ բարձր է։ Մի ժամանակ պետական պաշտոնյային, որի խոսքը կարող էր ազդեցություն ունենալ, կտրականապես արգելված էր՝ առանց մամուլի պատասխանատուի որևէ ասուլիսի մասնակցել կամ հարցազրույց տալ, դրա նպատակն այն է, որ, կներեք, ամբախ-զամբախ դուրս չտան, հիմա ով տեղից ելնում է՝ խոսում է դելիմիտացիա-դեմարկացիայից ։ 

Անկապ-անկապ խոսում են, հետո էլ ամբողջ երկրի գործադիր ու օրենսդիր իշխանությունը հետամուտ է լինում հերքման, թե կոնտեքտից կտրված է, դա նկատի չի ունեցել։ Գոնե պետության տարածքային ամբողջականությանը, էթնոգենեզիսին մի՛ դիպեք, դրանք սրբություններ են, մնացածը՝ ինչ ուզում եք, արեք, Աստված ձեզ հետ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am