Ճշտի ողբերգությունը կամ ինչպես լռեցնել կնոջը

Ճշտի ողբերգությունը կամ ինչպես լռեցնել կնոջը
Ճշտի ողբերգությունը կամ ինչպես լռեցնել կնոջը

30-ամյա Իլարիոնը ծեծելով սպանել է 20 տարեկան կնոջը: Իլարիոնը քրեական կերպար էր: Գուցե ամուսնացել է կնոջը սիրելով: Ծաղիկներ էլ նվիրած կլինի: Մարդաշատ վայրերում՝ սիրո էն ամենածաղկուն պահին ականջին մի երկու գեղեցիկ բառ է շշնջացել: Որովհետև կնոջը հենց այնպես սիրել հնարավոր չէ, յուրաքանչյուրը մի խաղ է դնում մեջը, որ իրեն արժանի համարի իր սիրելիին: Եվ Իլարիոնն արժանացել է: Գուցե մեկ տարի առաջ է ամուսնացել: Կամ՝ ավելի քիչ:

Զարմանա՞նք, թե ի՛նչ մարդ էր այս Իլարիոնը: Հիմա ասեմ: Նրա վրա մի՛ զարմացեք, ձե՛զ վրա զարմացեք: Ձե՛զ վրա զարմացեք, որովհետև Իլարիոնը մեծացել է կնոջ գլխին «բամփողների» ինկուբացիոն միջավայրում: Նրան ասել են, նրան վստահեցրել են, ցույց են տվել, որ «կնիկն» ավել-պակաս խոսելու «անոթ» չէ, հենց ընդդիմացավ՝ պիտի խփես: Չխփեցիր՝ դեմը չես առնի:

Գուցե Իլարիոնը սիրել է կնոջը, բայց իր սիրուց ոչինչ չի ստացել այս մարդը: Սերը նրան ոչինչ չի սովորեցրել: Սերը նրան չի սովորեցրել, որ խփելը արդեն միայն սրտին դեմ արարք չէ, պետք է կնոջը հարգել առնվազն, որ խփելու մղումդ գլխումդ դիմադրության օջախ ունենա: Հարգանքը գլխի գործ է, ոչ թե սրտի: Էդ հարգանքը սիրո մեջ է, ինքը սիրուց չի առանձնանում, բայց գլուխ է բարձրացնում, երբ սիրելիդ քո նամուսին ոչ հարիր բան է անում կամ ասում: Հարգանքը լուսավորում է այն միջավայրը, որը մթնեցնում է սերը: Հարգանքը զգացում է, որն աճում է գլխում: Եվ ո՞վ գիտի, թե ինչպե՛ս է սիրել այս գազանը: Ամեն օր Իլարիոնը մկաններ է սրել իր մեջ, որ հարկ եղած դեպքում բռունցքներն իրեն չդավաճանեն:

Ինքը էն տղեն ա, որ ավանդական է, իր կողքին չի հանդուրժի ոչ մի եհովականի, ոչ մի նույնասեռականի, ինքը ճշտով մեծացած տղա է: Հաստատ հավատում է Աստծուն: Մեր Իլարիոնն այլ բան չի տեսել, ինքը էն տղեն ա, որ պիտի գողությամբ ապրի (ո՞ր հանցագործին է հավատը խանգարել), 4 անգամ ձերբակալվել է հանցագործություն կատարելուց հետո: Ու այս երիտասարդի հետ ապագա զոհը ամուսնացել է: Այսինքն՝ ընդառաջ է գնացել անխուսափելիին, որովհետև սիրել է Իլարիոնին կամ, որ սարսափելի է, գուցե զոռով են ամուսնացրել:

Քրիստինեի սպանությունն ընտանեկան բռնության առաջին դեպքը չէ: Քանի որ խփելը հեշտ է, քանի որ թույլ արարածի վրա զայրանալիս կարիք չկա վեճի մեջ քեզ նախապատրաստելու ավելի համոզիչ փաստարկների, «ամենաճիշտը» խփելն է ու կնոջն իր տեղը ցույց տալը: Իսկ եթե ոչ մի հակափաստարկ չկա վեճի մեջ կնոջ իրավացիության կամ ասածները հասկանալու դեմ, դե, «ամենաճիշտը» նրան սպանելն է: Մինչդեռ:

Կնոջ թույլ լինելը նրա գլխին խփելու համար չէ, այլ այն բանի համար, որ տղամարդն էդ թուլության կարիքն ունի: Որովհետև տղամարդն էդպես է կառուցված՝ պիտի հալվի, պիտի ավելի թուլանա, պիտի դառնա թույլ սեռ ամենաքնքուշ, ամենաանզոր կնոջ առջև: Բնությունն իր պոեզիան ունի: Իլարիոնին շրջանցել է այս պոեզիան, որովհետև, ոնց, ախպե՛ր, կնիկն ո՞վ է, որ երկու բառ ասելու իրավունք ունենա: Մարդեր, ձեզ վրա զարմացեք, որովհետև Իլարիոնի «խնամքը» հին պատմություն ունի:

Էս մարդն ամուսնանալիս արդեն ատամներ է սրել կնոջ վրա, սիրել է թե ինչ է արել, բայց՝ ատամները սրած: Որովհետև ինքն էդ ծեծելու պահին չի գազանացել, միշտ ինքնակերակրվել է էն մտքով, որ «մի ավելորդ բան անի կնիկս, մի բան դուրըս չգա, կտամ գլուխը կջարդեմ»: Մենք արդեն դատապարտում ենք ու կանխում ընտրակաշառքը, մենք արդեն կարող ենք ոստիկանին բանտում փտացնել, եթե բաժանմունքում մեզ վրա ձեռք բարձրացնի, մի խոսքով, գիտենք մեր իրավունքները: Բայց նույնիսկ կանանց մի մեծ հատված չգիտի, որ իրեն ծեծել չի կարելի: Իր գոյության իրավունքի սահմանադրության մեջ, իր բնական արժանապատվության, նրա պաշտպանության մեջ կինը սեռին խորթ մի բան է տեսնում: Իհարկե, միայն իր ամուսնու առջև, որովհետև մյուսների առջև էդ խորթությունը չի զգում: Կինն ուժեղ սեռ է, երբ չի սիրում:

Ու հիմա տեսեք, հավանաբար այս աղջկա ընտանիքը նրան սովորեցրել է հնազանդ լինել ամուսնուն: Երբ տեսել են, թե ում է սիրում աղջիկը, «ավելի են սովորեցրել»՝ ամա՜ն, աղջի՛կ ջան, լեզվիդ զոռ չտաս, մարդդ ինչ ասի՝ կանես:

Հնազանդություն սովորեցնում է կամ պահանջում նաև եկեղեցին, որը նույնասեռականությունը դատապարտելու դոկտրիններ ունի, մինչդեռ ընտանեկան բռնության մասին ձայն չկա:

Եկեղեցին լռությամբ է շրջանցում նման դեպքերը: Մինչդեռ այս մասին պետք է խոսվի՝ ո՛րն է կնոջ ինքնապաշտպանությունը մի ընտանիքում, որտեղ տղամարդու իրավացիությունն իր բնազդներն են: Էս տղամարդու հետ ո՞վ պետք է խոսի: Հայու գենականներն ընդհանրապես ընդհատակ են մտնում ընտանեկան բռնության դեպքերի աղմուկի ժամանակ:

Մինչդեռ խնդիրն այստեղ նույնիսկ կինը չէ, զոհը մարդ է: Մենք քրիստոնեության 1700-ամյա կրող ենք, բայց կարծես մարդու ընկալման մեկ օրվա կրողն էլ չենք:

Էսպե՞ս էլ բան կլինի:

Մհեր Արշակյան

MediaLab.am