Պուտինը խոսել է Հայաստանի հետ «փափուկ, ինտելիգենտ ամուսնալուծության» հնարավորության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը հատուկ քննարկման կարիք ունեն և առաջարկել է այդ հարցով հանրաքվե անցկացնել Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Դրան համապատասխան մենք էլ կանենք համապատասխան հետևություններ և կգնանք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ «ամուսնալուծության» ճանապարհով»,- ասել է Պուտինը բրիֆինգի ընթացքում։

Նա նշել է, որ «Ուկրաինայի դեպքում ևս ամեն ինչ սկսվել էր եվրաինտեգրման հարցից»։

Պուտինի խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու հարցը կարելի է քննարկել նաև Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 28-29-ին Աստանայում։

Մայիսի 5-ին Երևանում տեղի էր ունեցել պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ երկկողմ գագաթնաժողովը։ Հանդիպումների հիմնական արդյունքը դարձել էր Հայաստանի և Եվրամիության 44 կետից բաղկացած համատեղ հռչակագիրը, որտեղ ֆորումը բնութագրվել էր որպես «պատմական հանգրվան Երևանի և Բրյուսելի հարաբերությունների խորացման ճանապարհին»։

Դրանից հետո Կրեմլում հայտարարել էին, որ Հայաստանը փորձում է «երկու աթոռի վրա նստել»։