Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այց է կատարել դեպի Սաուդյան Արաբիա, այնտեղ մասնակցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եռակողմ հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Yenişafak լրատվական կայքը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելի` «արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման» գործընթացում, որը սկսվել էր Բահրեյնից և Արաբական Միացյալ Էմիրություններից, նոր կարևոր զարգացումներ են տեղի ունենում։ Իսրայելական Haaretz թերթը գրել է, որ այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել է իսրայելական հատուկ ծառայությունների (Mosad) տնօրեն Յոսի Կոենը: Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն մասնավոր ինքնաթիռով կարճատեւ այց է կատարել Սաուդյան Արաբիայի Կարմիր ծովի ափին գտնվող Նեոմ քաղաք: Նախկինում հայտարարվել էր, որ Մուհամմադ Սալմանն ու Պոմպեոն հանդիպում են ունեցել հենց այս քաղաքում։ Կատարվածի վերաբերյալ Նեթանյահուի գրասենյակը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։